«ՈՒՐԱՆ ՈՐՈՆՈՂՆԵՐԸ»

«ՈՒՐԱՆ ՈՐՈՆՈՂՆԵՐԸ»

Գալուստ Նանյան, «Հայաստանի Հանրապետություն»

Մինչ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայր հասնելը, որը գտնվում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մատույցներում, մեզ դիմավորում է ժայռին կանգնած արջը՝ պղնձե բանալիով։ Իսկ թե ուրանի հանքերը շահագործելու դեպքում ի՞նչ կենդանի կպահի փակ կողպեքը ի նշան նրա, որ տարածքը վտանգավոր է, դեռ հայտնի չէ։

Հայաստանում ուրանի արդյունահանման մասին խոսակցությունները սկսվեցին, երբ այս տարվա ապրիլին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության միջեւ կնքվեց համատեղ ձեռնարկություն ստեղծելու պայմանագիր, որը մեր երկրի հարավային մարզում կզբաղվի ուրանի հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքներով եւ արդյունահանմամբ։

«Հայ—ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ—ն Հայաստանի տարածքում սկսել է ուրանի պաշարների գեոֆիզիկական եւ գեոքիմիական հետազոտություններ։ Այս մասին շաբաթներ առաջ հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, ով նաեւ տեղեկացրել էր, թե ընկերությունն արտոնագիր է ստացել եւ վերջերս ձեռնամուխ է եղել դաշտային աշխատանքներին։

ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ կատարված է Հայաստանում ուրանի հանքերի առկայության արխիվային նյութերի հավաքագրում եւ վերլուծություն, կատարվել են ռեկոգնոսիցիրովային աշխատանքներ, ինչպես նաեւ ենթադրվող շրջանների ենթակառույցների գեոլոգոհետախուզական աշխատանքների գնահատումներ։ Իսկ հետախուզագնահատման աշխատանքները պետք է մեկնարկեին արդեն այս հոկտեմբերին։
Սյունիքի մարզում երկրաբանական հետազոտությունների նպատակով վարձակալվել է Սյունիքի մարզի 4 գյուղերի՝ Ծավի, Սրաշենի, Ճակատենի եւ Շիկահողի հողատարածքները։ Ներկայում 4 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել մոտ 1700 հեկտար հողատարածք։ «ՀՀ»–ն հետաքրքրվեց «Հայ–ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ–ի տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանից, թե իրե՞նք են այն տարածքների վարձակալողները, որտեղ պետք է երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարվեն. վերջինս պատասխանեց. «Ոչ։ Դա մենք չենք»…

Շիկահող գյուղի համայնքապետ Գեղամ Ղազարյանի հավաստմամբ, իրենք հրահանգ են ստացել Սյունիքի մարզպետարանից իրենց հողերը հանձնել երկրաբանահետախուզության համար։ Այսպես, միայն Շիկահողի հողերից վարձակալության է հանձնվել 850 հա տարածք՝ 2 հողակտոր, որոնցից 509 հեկտարը գյուղատնտեսական նշանակության հողեր են, իսկ մնացածը գտնվում են համայնքի վարչական տարածքից դուրս՝ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա եւ անմիջականորեն սահմանակից են Շիկահողի արգելոցին։

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնեցին, որ ուրանի պաշարներ կան նաեւ Ներքին Հանդ գյուղում, որը գտնվում է «Շիկահող» պետական արգելոցի հարեւանությամբ։ Սակայն հիշեցնենք, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը միանշանակորեն հայտարարեց, որ երկրաբանները ուսումնասիրություններ չեն կատարի արգելոցի տարածքում։

Նշենք, որ երկրաբանահետախուզական աշխատանքներ կկատարվեն նաեւ Փուխրուտ, Լեռնաձոր եւ Կաթնառատ համայնքներին պատկանող հողատարածքներում։ Օրինակ, Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի բնակիչներից ոմանք, իմանալով, որ շատ շուտով իրենց բնակավայրում ուրանի հանքեր են փնտրելու, հիշել են, թե ինչպես 30—35 տարի առաջ խորհրդային երկրաբանները իրենց համայնքի մոտակայքում հայտնաբերեցին եւ փակ պահեցին ուրանի հանքը։

Լեռնաձորցի 75—ամյա Ալեքսեյ Հակոբյանը պատմում է, որ երբ այն ժամանակ իրենց գյուղ եկան երկրաբանները, իրենք չիմացան, թե երբ բացվեց հանքը, որի ընթացքում մահացան մի քանի հոգի, իսկ հետո. «Անմիջապես այդ անցքի մեջ բետոն լցվեց»:

Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը «ՀՀ»—ին հայտնեց, թե. «Ինձ ոչինչ չեն ասել այդ (ուրանի) մասին, եւ մինչեւ այսօր ոչ մի աշխատանք մեր համայնքում տեղի չի ունենում»,– ասաց Ս. Պետրոսյանը։

Ըստ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի, ով, հավանական է, կղեկավարի երկրագիտական աշխատանքները, դրանց կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ ռուս մասնագետներ։ Ակադեմիկոսի բացատրությամբ՝ ուրանի հանքավայրերը հիմնականում թաքնված են երկրի ընդերքում, որոնց շահագործումը կատարվում է միայն փակ վիճակում. «Վտանգը կլինի միայն շատ փոքր տարածքի վրա, որը կլինի թունելի մուտքը, իսկ մնացած գործունեությունը լինելու է գետնի տակ։ Այնպես որ, անհիմն է բնակչության վախը ռադիոակտիվությունից»:

Ակադեմիկոս Գրիգորյանը, ով աշխարհում հայտնի է ուրանի թաքնված հանքավայրերի որոնման եւ կիրառման երկու հայտնագործություններով, պնդում է, որ ուրանը հետազոտության փուլում վտանգավոր չէ, այն վտանգավոր է միայն հարստացումից հետո. «Աշխարհն արդեն ուրանի հանքավայրերն անվտանգ շահագործելու մեծ փորձ ունի։ Կան արդյունավետ միջոցներ, որպեսզի ճառագայթումը քիչ լինի եւ վտանգ չներկայացնի, իսկ մարդիկ տասնյակ տարիներ աշխատում են ուրանի հանքավայրերում։ Այսօր Կանադայի կեսն ուրանի հանքավայրեր են, եւ այդ երկրում ոչ մի վտանգ չկա։ Ուրանն այն ժամանակ է վտանգավոր, երբ փորձում են այն հարստացնել»:

Գիտնականի մշակած մեթոդի համաձայն՝ երկրաքիմիական նմուշարկում կկատարվի հողի մակերեսին, որը բնապահպանության առումով կլինի անվտանգ. «Յուրաքանչյուր տեղամասում կվերցվի 400—500 նմուշ, մեկ նմուշի մեջ կպարունակվի 50—ից 100 գրամ հող, եւ դրանք կուսումնասիրվեն լաբորատորիայում»:

Պրն Գրիգորյանը չի բացառում, որ ընթացքում կարող են հայտնաբերվել նաեւ այլ տարրեր, քանի որ ուրանը միշտ հանդես է գալիս ուղեկցող այլ մետաղների հետ, որը, ինչ խոսք, օգտակար կլինի մեր տնտեսության համար. «Ուսումնասիրման փուլում ոչ մի հորատում չի լինի։ Բացառում եմ նաեւ, որ վնաս կարող է կրել արգելոցը, անգամ կարող ենք այդ նմուշարկման արդյունքում պարզել՝ կա՞ ուրանի հանքավայր արգելոցի տարածքում, միգուցե նրանց համար էլ օգտակար կլինի իմանալ, թե տարածքում կա՞ ռադիոակտիվություն։ Բայց, իհարկե, արգելոցում ոչինչ չի շահագործվի»:

Ս. Գրիգորյանը նաեւ կարծում է, որ այսօր անհանգստանալ պետք չէ, քանի որ ներկայում շահագործելու մասին խոսք լինել չի կարող, եթե չգտնենք նոր պաշարներ։

«Ռոսատոմ»—ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն Երեւանում ամիսներ առաջ հայտարարեց, որ 1970—ական թվականներին հայտնաբերվել են մոտ 30 հազար տոննա ուրանի պաշարներ, որը, ըստ Կիրիենկոյի, համարվում է միջին մեծության հանք։ Ատոմային էներգիայի Ռուսաստանի դաշնային գործակալության ղեկավարը հայտարարեց, որ, կախված պաշարների ծավալներից, իրենք պատրաստ են այս գործում ներդնել մի քանի հարյուր միլիոն դոլար։

Հարստացման մասին բազմիցս է հայտարարվել, որ այն չի կատարվի մեր երկրում, եւ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել արդյունահանված ուրանը հարստացնել Ղազախստանի եւ Ռուսաստանի կողմից Անգարսկում 2007թ. հիմնադրված ատոմային կենտրոնում։

Հ. Գ. Ուրանի ծրագրի նախաձեռնողները հանքի շահագործման նպատակահարմարությունը պայմանավորում են տնտեսական շահերով։ 2006 թ. միջազգային շուկայում ուրանի մեկ կիլոգրամը արժեր 36 ԱՄՆ դոլար, իսկ այս տարվա հունվարին արդեն այն բարձրացավ եւ հասավ մինչեւ 90 ԱՄՆ դոլարի։

Միջազգային շուկայում գների աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհում փոխվում են ատոմային էներգիայի վերաբերյալ մոտեցումները։ Նույնիսկ էներգակիրներով հարուստ Իրանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները զարգացնում են ատոմային էներգիա ստանալու ծրագրերը։ Իր մտադրությունների մասին չի թաքցնում նաեւ Ադրբեջանը, որ ցանկանում է իր երկրում կառուցել ատոմակայան։ Պատճառն այն է, որ օրերից մի օր էլ նրա տարածքում կսպառվեն իրենց համար այդքան թանկ գազի եւ նավթի պաշարները։

ՀՀ իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ ՀԱԷԿ—ը նախատեսվում է աշխատեցնել մինչեւ 2016 թվականը, իսկ նորի համար հարկավոր կլինի առավել շատ ռեսուրսներ, որպեսզի մեր երկիրն ապահովի էներգիայի մեծացող պահանջարկով:

Դեկտեմբեր 16, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր