

Ա1+
Լեռնաձորում ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների համար տեղադրված հորատող սարքի հրդեհման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածով. այն է «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»:
Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ գիշերը Լեռնաձորի համայքում հրդեհվել է ուրանի հանքերի երկրաբանա-հետազոտական աշխատանքները սկսելու սար բարձացված հորատող սարքը։
ԸՆԴԴԵՄ ՈՒՐԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Արմեն Դավթյան, Հրապարակ
Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար այստեղ բերված հորատող սարքավորումը հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշեր այրվել է: Տեխնիկական արդեն մի քանի օր է, ինչ աշխատում էր գյուղում։ Հրդեհի մասին որևէ մանրամասներ չեն հաղորդվում։ Աշխատանքները իրականացնող «Աբվան» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Գևորգյանը «Խուստուփ ԹԻՎԻ» հեռուսատեսությանը տված հարցազրույցում մեղադրել է ՀԿ-ներին: «Նրանք մարդկանց ապակողմնորոշում են ու հրահրում»,-ասաց Յու.Գևորգյանը` ավելացնելով, որ սարքավորումը շատ թանկ արժեր:
Այնուամենայնիվ ընկերությունը շարունակելու է աշխատել, քանի որ պայմանագրով իրենք պետք է կատարեն իրենց պարտավորությունները: Դեպքի վայրում աշխատում են փորձագետները, ոստիկանության ու քննչական վարչության աշխատակիցները: Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս քրեական գործ չի հարուցվել: Վարկած կա, որ մեքենան այրվել է կայծակից: Նշենք նաև, որ հատուկ ճանապարհ է բացվել գյուղի վերևով: Գյուղացիները մտածում են, որ դա ուրանի որոնողական աշխատանքների համար է:
Ի դեպ, նոյեմբերի 11-ին` ժամը 17-ին, Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում նախատեսվում է անցկացնել խաղաղ ցույց` ընդդեմ Սյունիքում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների եւ ուրանի հանքի հնարավոր շահագործման: ՀԿ-ները սրանով փորձում են քննարկումներից հետո անցնել գործնական քայլերի ու շարժվել ՀՀ օրենսդրությամբ: «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ցույցի մասին տեղյակ է պահվել Կապանի քաղաքապետարանին:
ՀՐԴԵՀՎԵԼ Է ՈՒՐԱՆԻ ՀՈՐԱՏՈՂ ՍԱՐՔԸ
Հասմիկ Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն
Հոկտեմբերի 29-ին` առավոտյան, Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության աշխատակից ուրան որոնողները գնացել են գործի ու տեսել, որ օրեր առաջ սարի վրա տեղադրված հորատող սարքի փայտյա մասերն այրվել են։ Նրանք դիմել են իրավապահներին։ Լուրն արագ տարածվել է և ժամը 11-ին Լեռնաձորում էին նաեւ լրագրողները։ Շարքից դուրս եկած սարքավորումից ոչ հեռու կանգնել էին երկրաբանները։ Նրանց ղեկավարը հայտարարեց, որ արգելում է նկարահանել հրդեհված մեխանիզմը։ Մինչև մեր ղեկավարները մայրաքաղաքից չգան, ոչ խոսելու ենք, ոչ էլ թույլ ենք տալու, որ նկարեք, վերջնագիր ներկայացրին նրանք։ Թե ինչ պետք է փոխվեր 1-2 կադրերից, կարող են ասել արգելողները։
Տարածքում 1 տասնյակից ավելի ոստիկաններ կային. մի մասը ճամփեզրին զրուցում էր, ենթադրություններ անում, մյուսները՝ Լեռնաձորի գյուղապետարանում համայնքի ղեկավարի և այսպես կոչված տուժող կողմի հետ գործի փաստաթղթերն էին կազմում։ Լեռնաձորցիները առավոտյան են իմացել հրդեհի մասին։ Ի տարբերություն նախորդ օրերի, երբ ազատ շփվում էին լրագրողների հետ, այսօր մի քիչ կաշկանդված էին. քիչ էին խոսում, խուսափում էին տեսախցիկից։ Կարող է մի բան այնպես չասենք ու ավելորդ գլխացավանքի մեջ ընկնենք, իրենց պահվածքը այսպես էին արդարացնում լեռնաձորցիները։
Ոչ կրակն ենք տեսել, ոչ էլ կրակ տվողին, մեզ երկրաբաններն են ասել, որ այրել են, եզրափակում են անտեղյակ լեռնաձորցիները։
Նոյեմբեր 02, 2010
