

ԷկոԼուր
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Կապանում (Սյունիքի մարզ) հակաուրանային հանրահավաքի անցկացման առիթով նոյեմբերի 11-ին հայտարարեց, որ «Էն մարդիկ, ովքեր Սյունիքում հրահրել են էդ գործընթացը, այնտեղի բնակիչներ չեն»: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը ներկա է եղել հանրահավաքին եւ բոլորին հավաստիացնում է, որ հանրահավաքը կազմակերպել էին սյունեցիները:(Տե՛ս լուսանկարները): Առաջին հերթին նրանք են մտահոգված ուրանային ծրագրով: Ուրանի պաշարների խորը հետազոտությունների անցկացման համար հորատող սարքը գտնվում է հենց Լեռնաձոր գյուղում, եւ լեռնաձորցիներն ասում են, որ եթե հանքախորշերը բացեն, ապա իրենք ստիպված կհեռանան իրենց հարազատ վայրերից: Ուրանային ծրագրի հետ կապված` սոցիալական լարվածությունը շատ մեծ է Լեռնաձորում, Կապանում եւ Քաջարանում: Մարդիկ չեն հավատում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որը կառավարության մակարդակով զբաղված է ուրանի ծրագրի լոբբիով եւ ուշադրություն չի դարձնում ոչ հասարակության շահերին, ոչ առկա ռիսերին: Նախարարության հավաստիացումը, որ ծրագրի իրականացման պայմաններում ապահովված կլինի մարդկանց եւ շրջակա միջավայրի անվտանգությունը, ոչնչով հիմնավորված չէ:
Սյունիքում մարդիկ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում մեծ աշխատանքային փորձ ունեն, գրագետ են եւ լայն տեղեկատվության են տիրապետում ուրանային հանքավայրերի շահագործման ոլորտի ռիսկերի մասին: Այդ ռիսկերի մասին Սյունիքի բնակչությունն արտահայտվեց 2009թ.օգոստոսի 4-ին անցկացված հասարակական լսումների ընթացքում: Սակայն լսումների արձանագրությունը կեղծվեց, եւ մարդկանց կարծիքը ճիշտ չներկայացվեց: Ի դեպ, լսումների արձանագրությունը ստորագրվել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների կողմից, ովքեր ապահովում էին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը: Կապանի, Լեռնաձորի եւ Քաջարանի ավագանիները դիմել են կառավարությանը` պահանջելով հետ կանչել ուրանի ծրագրի վերաբերյալ որոշումները: Սյունիքի մարզում ուրանի ծրագրի դեմ հավաքվել է 11 հազար ստորագրություն:
Նոյեմբերի 11-ին անցկացվելիք հկաուրանային հանարահավաքի անցկացման հետ կապված` սյունեցիները դիմեցին հասարակայնությանը իրենց աջակցելու խնդրանքով` նշելով, որ ծրագիրը ռիսկեր է ներկայացնում ոչ միայն սյունեցիների, այլ նաեւ ողջ Հայաստանի համար: Հանրահավաքի համար Կապան էին ժամանել Երեւանից, Գյումրիից մարդիկ, ովքեր նույնպես մտահոգված են ուրանի ծրագրով:
Հանրահավաքի կազմակերպիչներն ընդգծեցին, որ հանրահավաքում քաղաքական մոտիվներով ելույթներ չպետք է հնչեն: Սակայն այդ մոտիվները չեն կարող ներկա չլինել, քանի որ ուրանի ծրագիրը, ըստ էության, արդեն իսկ մեծ միջուկային քաղաքականություն է ներկայացնում: Այդ քաղաքականությունը վերաբերվում է մեզ` բոլորիս, եւ մենք ցանկանում ենք, որ մեր ձայնը լսելի լինի այդ քաղաքականությունն իրականացնելիս եւ մեր իրավունքները պաշտպանված լինեն:
Նոյեմբեր 12, 2010
