ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ, ԻՍԿ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԶ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ, ԻՍԿ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԶ

ԷկոԼուր

Պարզվում է, որ ռիսկերի նկատմամբ ամենակայուն ատոմակայանը հայկական ԱԷԿ-ն է: Եթե նույնիսկ շուրջն ամեն ինչ գետնի տակն անցնի, ՀԱԷԿ-ը կմնա իր տեղում: Նման եզրակացության կարելի է հանգել, եթե լսենք Հայաստանում ատոմային էներգետիկայի ոլորտի համար պատասխանատու չինովնիկներին: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ամենապահանջարկված չինովնիկն էր Ճապոնիայի ԱԷԿ-ի վթարից հետո:  Նրան էին կանչում պատասխանելու հարցերին, որոնք լուծվում են քաղաքական մակարդակով, թեպետ այդ քաղաքական մակարդակի համար պատասխանատու է ոչ Աշոտ Մարտիրոսյանը:

Մեր հարեւան երկրների մամուլում մշտապես տեղեկատվություն է հայտնվում կապված այն վտանգների հետ, որոնք ՀԱԷԿ-ը` այսինքն Հայաստանը, ներկայացնում է տարածաշրջանի համար: Գրում են իբրեւ թե առկա ռադիացիոն արտահոսքի տեղի մասին, թե ազատագրված տարածքներում  միջուկային թափոնների թաղման մասին, թե ստորգետնյա ջրերի վարակման մասին եւ այլն: Հայկական կողմը մշտապես հերքում է այդ լուրերը` հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների վրա: Ատոմային էներգետիկայի առավելությունների մասին սիրում է խոսել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Իսկ այն մասին, թե ինչպես է ՌԱՕ ԵԷՍ-ն օգնում Հայաստանին լուծել էներգետիկայի հետ կապված խնդիրները, սիրում են խոսել ռուս բարձրաստիճան չինովնիկները, ովքեր վերցրել են ՀԱԷԿ-ի ֆինանսական կառավարումը` ռիսկերն ու պատասխանատվությունը թողնելով մեզ` Հայաստանին:  

Եւ ահա այմ, երբ ամբողջ աշխարհը հասկացավ, որ ոչ մի երկիր, ոչ մի ատոմակայան, ոչ մի կիրառվող տեխնոլոգիա, ոչ մի բարձրակարգ անձնակազմ երաշխավորված չէ ցանկացած բնույթի աղետից, հայկական ԱԷԿ-ի մասին ռուսները լռում են, լռում է եւ ՄԱԳԱՏԷ-ն:

Ահա թե ինչպես է արձագանքում համաշխարհային շոկին Ռուսաստանը: Վթարից անմիջապես հետո` մարտի 14-ին, Ռուսաստանի առաջին ալիքը ցուցադրեց «Դատեք ինքներդ: Ցունամիի գինը» թոք շոուն: Ամբողջ ծրագրի ընթացքում վարող Մաքսիմ Շեվչենկոն գործնականորեն թույլ չտվեց արտահայտվել Ռուսաստանի «Գրինփիս»-ի ներկայացուցիչ Իվան Բլոկովին` ընդհատելով, երբ նա անցնում էր փաստերին: Փոխարենը նրա ընդդիմախոսները ավելի քան բավական արտահայտվեցին: Ամենավառ ատոմշիկներից մեկը`Ռուսաստանի Դաշնության 1998-2001թթ. ատոմային էներգիայի նախարար Եվգենի Ադամովը որպես ատոմային էներգետիկայի ռիսկերի արդարացում այսպես ասաց. «Խորհրդային երկրում միջուկային  գործունեութան ողջ ընթացքում միջուկային գործունեությունից մահացել է 1000-ից քիչ մարդ, ներառյալ Չեռնոբիլը: Մարդկանց մեծ մասը Չեռնոբիլի աղետի արդյունքում հիվանդացան ոչ թե ռադիացիայի իրական ներգործությունից, այլ ֆոբիայից»: Իսկ Ազգային ռազմավարության խորհրդի համանախագահ, ՌԴ հանրային պալատի անդամ Իոսիֆ Դիսկինը «կանաչներին» մեղադրեց նրանում, որ ատոմային էներգետիկայից հրաժարվելու համար աշխարհը «կվճարի միլիոնավոր քաղցածներով, քաղցից մահացածներով»:

Ամեն դեպքում վարչապետ Վլադիմիր Պուտինը «Ֆուկուսիմայի» աղետից հետո հայտարարեց, որ թեպետ Ռուսաստանում ԱԷԿ-ները սեյսմիկ գոտիներում չեն տեղակայված, բայց եւ այնպես նա հանձնարարում է վերստուգել  կայանների տեխնիկական վիճակը: Իսկ ինչպե՞ս վարվել հայկական ԱԷԿ-ի հետ: Չէ որ էլեկտրաէներգիայի վաճառքից ստացվող եկամուտները ստանում է ռուսական կողմը: Արդարացի կլիներ հայկական ԱԷԿ-ը եւս ներառել ռիսկերի նվազեցման համար վերստուգվող կայանների ցուցակի մեջ: Թե չէ կարող է այնպես ստացվել, որ հայկական կողմը որոշի, որ եկամուտի մի մասը հարկավոր է ծախսել էլեկտրատեխնիկական մասի կամ սառեցման  համակարգերի նորացման համար, որոնք ավելի քան 30 տարեկան են: Հնարավոր է, որ նրանց մաշվածության աստիճանը կարող է բերել ավելի վտանգավոր ռիսկերի, քան օրինակ երկրաշարժը: Իսկ ՌԱՕ ԵԷՍ-ը կորոշի, որ ավելի լավ է դա չանել:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ հնարավոր է Գերմանիայից ինչ-որ փորձագետներ ամեն դեպքում ապրիլին ժամանեն Հայաստան: Թե ինչ են նրանք ստուգելու, դեռ հայտնի չէ, քանի որ ՀԱԷԿ-ի հետ կապված բոլոր հարցերը հասարակության համար փակ են: Չի կարելի ռիսկերի մասին հարցը բաց համարել այն պարադոքսային հայտարարությունների ֆոնի վրա, որոնք արվում են մեկը մյուսի հետեւից: Օրինակ` մեր ՀԱԷԿ-ը ավելի կայուն է սեյսմիկ ցնցումների հանդեպ, քանի որ ավելի վաղ է կառուցվել, քան ճապոնականը, առանց ժամանակակից տեխնոլոգիաների, եւ ամրության  չափը հաշվարկվել է խորհրդային չափորոշիչներով, այսինքն` շատ ամուր ցանկացած համար: Կամ, քանի որ ՀԱԷԿ-ը կանգուն մնաց Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ապա դա խոսում է այն մասին, որ շատ կայուն, կարող է դիմանալ ավելի ուժեղ երկրաշարժի: Կամ, որ իրականում ճապոնական ԱԷԿ-ը վնասվեց ոչ թե երկրաշարժից, այլ ցունամիից, իսկ Հայաստանում ցունամի չկա, եւ, իհարկե, լինել չի կարող: Կամ, որ այդ ամենը «ռադիոֆոբիա» է, եւ պետք չէ խուճապ բարձրացնել. միեւնույնն է հին ՀԱԷԿ-ն աշխատելու է եւ նույնիսկ ժամկետի երկարացմամբ: Ինչ վերաբերվում է երկրորդ հերթին, մեր էներգետիկներն այսպես են  գերադասում անվանել նոր ԱԷԿ-ի կառուցման նախագիծը, ապա այն,հավանական է, որ կկառուցվի, բայց թե ինչ պայմաններով, այ սա է  հարցը:   

Մարտ 22, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր