

Ա1+
Մինչ «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքները փորձում են չեզոքացնել, մեր երկրում շատերին մտահոգում է այն հարցը, թե արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը զերծ չէ նման ռիսկերից և ինչքանո՞վ է մեր ԱԷԿ-ը պաշտպանված երկրաշարժերի կամ տարբեր վթարների դեպքում
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆ. գ. թեկնածու Սուրեն Բզնունին մեզ հետ զրույցում նշեց, որ Մեծամորի ԱԷԿ-ը ենթարկվել է իր ժամանակաշրջանի համար առանձնահատուկ սեյսմակայուն շինարարության և հագեցված է տարբեր անվտանգության համակարգերով:
1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ Մեծամորի ատոմակայանը զգացել է մի քանի բալ ուժգնությամբ ցնցում, որը ոչ մի վնաս չի հասցրել շինությանը, և աշխատանքը չի խաթարվել:
Ընդհանրապես, Ֆուկուսիմայի աղետի դեպքում ազդեցություն է թողել ոչ թե երկրաշարժը, այլ երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի ալիքը, ինչը մեզ մոտ բացառվում է: Ըստ Բզնունու, եթե անգամ մեզ մոտ ցունամի տեղի ունենա, մեր ատոմակայանը «Ֆուկուսիմա 1»-ի նկատմամբ ունի 2 առավելություն:
«Ի տարբերություն «Ֆուկուսիմայի»` մենք ունենք դիզելային պոմպ, որը ջուր է մատակարարում շոգեգեներատոր` հովացնելու միջուկային վառելիքը: Դիզելային պոմպը այդ ջուրը վերցնում է հատուկ նախագծված սեյսմակայուն բաքից: Երկրորդ տարբերությունն այն է, որ Ֆուկուսիմայի ռեակտորը պատկանում է եռացող տիպի ռեակտորներին, որոնք իրենցից ներկայացնում են միակոնտուր ռեակտորներ` առանց շոգեգեներատորի: ՀԱԷԿ-ը պատկանում է ճնշման տակ գտնվող ռեակտորների դասին: Դրանք ունենում են 2 կոնտուր և հորիզոնական շոգեգեներատորներ, ինչը թույլ է տալիս 4-8 ժամ առանց արտաքին ջրի սնուցման իրականացնել ռեակտորի ակտիվ գոտում առկա միջուկային վառելիքի հովացումը»,-ասաց նա:
Ի դեպ, 80-ական թվականների սկզբին արդեն տեղի է ունեցել լրիվ հոսանքազրկում` այն, ինչը տեղի է ունեցել նաև «Ֆուկուսիմայի» դեպքում: Շնորհիվ հորիզոնական շոգեգեներատորների` ատոմակայանը ունեցել է բավարար ժամանակ, որպեսզի դիզելային գեներատորների միջոցով սնուցող պոմպերին հոսանք մատակարարի և հովացնի միջուկային վառելիքը: Այս վթարից հետո իրականացվել է մոդեռնիզացիա: Ընդհանուր ռիսկի մեջ ԱԷԿ-ի լրիվ հոսանքազրկման ռիսկը կազմում է ընդամենը 2%:
Վերաթողարկման որոշումից հետո` 1994 թ. սկսած, մշակվել է ատոմակայանի անվտանգության բարձրացման շարունակական ծրագիր:
Վերահսկողությունը իրականացնում են ԱՄՆ-ԵՄ-ԱԷՄԳ փորձագիտական խմբերը և առաքելությունները, իսկ ՀՀ-ում միջոցառումների վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Մարտ 24, 2011
