Ուրանից դեպի այլ մետաղներ, Սուրբ տեղը դատարկ չի՞ մնում

Ուրանից դեպի այլ մետաղներ, Սուրբ տեղը դատարկ չի՞ մնում

Կապիտալ  

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունն» ուրանից անցում է կատարելու այլ օգտակար հանածոների երկրաբանահետախուզման։ Թեև տարբեր գնահատականներով՝ Հայաստանում առկա է 25-100 հազ. տոննա ուրանի պաշար, բայց այդ ընկերության առաջին երկրաբանահետախուզական աշխատանքները դրական արդյունքներ չեն տվել։ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը հայտարարել է, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» դիտարկում է ոչ միայն ուրանի, այլև այլ օգտակար հանածոների երկրաբանահետախուզման իրականացման հնարավորությունը։   

Ըստ «Առկայի»՝ Մոսկվայում հունիսի 6-ին բացված  «Ատոմէքսպորտ-2011» ցուցահանդեսին Արեգ Գալստյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը», բացի ուրանից, դիմելու է այլ հանքավայրերի լիցենզիաների ստացման, եթե տնտեսապես  հետաքրքիր լինեն։

Այս հայտարարությունն ուշագրավ է այն տեսակետից, որ այս տարվա ապրիլի վերջին նա հայտարարել էր, որ հայ-ռուսական պետական հանքարդյունաբերության ընկերության կողմից անցած տարի ուրանի պաշարների հայտնաբերման ուղղությամբ կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ուրանի պաշարները բավարար չեն կոմերցիոն արդյունահանման համար։ «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում ուրանի պաշարները կոմերցիոն հետաքրքրություն չեն ներկայացնում»,- ասել էր նախարարի տեղակալը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Այս հայտարարությունն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ նախնական գնահատումներով, որոնք իրականացվել են անցած դարի 70-ական թթ., Հայաստանում ուրանի պաշարները կազմում են շուրջ 50 հազ. տոննա։ Սակայն մասնագետների կարծիքով՝ այդ պաշարները վերջնական երկրաբանահետախուզական աշխատանքներից հետո կարող են կրկնապատկվել։

Օրինակ՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն ասել էր, որ Հայաստանում ուրանի պաշարները կարող են տատանվել 25-100 հազ. տոննայի սահմաններում։

Նշենք, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» հիմնադրվել է 2008թ.։ Կառավարության 2009թ. ապրիլի 22-ի որոշմամբ՝ այդ ընկերությանը թույլատրվել է հինգ տարի ժամկետով Հայաստանի տարածքում ուրանի երկրաբանական հետախուզում իրականացնել։ Հայ-ռուսական համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմում է Դ92,3 մլն, իսկ 300 սովորական անվանական բաժնետոմսերը հավասարաչափ բաշխված են հայկական և ռուսական կողմերի միջև։

Հունիս 10, 2011 at 11:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր