

Էկոլուր
«Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղը մայիսի 24-ին Սյունիքի մարզում մեդիա-տուր է կազմակերպում: Մեդիա-տուրի հիմնական նպատակը մարզին ծանոթանալն է` կապված Սյունիքում ուրանի պաշարների հետազոտման ծրագրի հետ: Լրագրողները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու տեղի բնակչության և փորձագետների մտահոգության պատճառներին, ինչպես նաև կիմանան պետական պաշտոնյաների դիրքորոշումները այս հարցի շուրջ:
«Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) Հայաստանյան մասնաճյուղը 2010 թվականի մայիսի 24-ին մի խումբ լրագրողների հնարավորություն կընձեռի այցելել Սյունիքի մարզ` բազմակողմանիորեն լուսաբանելու ուրանային պաշարների ուսումնասիրության ծրագրի վերաբերյալ մարզում առկա մոտեցումները, բնակիչների ու մասնագետների բնապահպանական մտահոգություններն, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների դիրքորոշումները:
Հայաստանի ամբողջ տարածքում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհը տրված է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին: Ուսումնասիրությունները սկսվել են 2009թ. օգոստոսի 5-ից եւ տեւելու են մինչեւ 2014թ. օգոսոսի 23-ը: «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին Բնապահպանության նախարարության կողմից տրված պայմանագիրը, որը շոշափում է Հայաստանի ողջ բնակչության շահերը, չի անցել հասարակական լսումներ, թեպետ Հայաստանը 2001 թ-ին վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որը սահմանում է հասարակության մասնակցությունը էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին:
2010թ. մայիսի 14-ից ուրանային պաշարների ուսումնասիրության ծրագրով անհանգստացած Կապան քաղաքի մի շարք բնապահպանական եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հասարակական կազմակերպություններ սկսել են ստորագրահավաք ծրագրի դեմ:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը օրերս հայտարարել է, որ Հայաստանում ուրանի ծրագիրը իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ պատրաստ է հունիսի առաջին կեսերին շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նոր քննարկում անցկացնել Կապանում։
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) Հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվող լրագրողական այցելության ընթացքում նախատեսվում են մայիսի 21-ին ՊԽԼԻ-ի գրասենյակում հանդիպումներ բնապահպանների ու փորձագետների հետ: Մայիսի 24-ին լրագրողների խումբը կայցելի Կապան, որտեղ տեղի կունենա կլոր սեղան քննարկում, որին կմասնակցեն Սյունիքում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, լրագրողներ: Նույն օրը լրագրողները կայցելեն նաեւ Լեռնաձոր: Այցելությունից հետո Երեւանում տեղի կունենա հանդիպում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, ոլորտը ներկայացնող պաշտոնյանների հետ:
Այցը նպատակ ունի բազմակողմանիորեն լուսաբանել ուրանային պաշարների ուսումնասիրության ծրագիրը, որը մեծ անհանգստության ալիք է բարձրացրել տեղի բնակչության շրջանում: Այցին մասնակցած լրագրողները պետք է իրենց լրատվամիջոցների համար պատրաստեն հոդվածներ, ռեպորտաժներ, լրագրողական նյութեր:
Լրագրողների այս այցելությունն իրականացվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Լրագրողական առաքելություններ մամուլի ներկայացուցիչների համար» ենթանախագծի շրջանակներում, որն իր հերթին հանդիսանում է ՊԽԼԻ Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասը: Ծրագիրը ֆինանսավորում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը»,-ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Մայիս 20, 2010
