Արմենպրես
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) մայիսի 31-ից հունիսի 8-ը հանրապետությունում անցկացրած վերստուգումների ընթացքում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրել է չորս խախտում` գանձելով 140 հազար դրամ տուգանք: Զուգահեռաբար, բնապահպաններն առգրավել են նաեւ 37 հատ սիգ ձկնատեսակ, 67 հատ ծածան, 120 քմ ձկնորսական ցանց:
Ինչպես «Արմենպրես»-ին ասացին տեսչության գրասենյակում, նշված ժամանակահատվածում տեսչության աշխատակիցները երկու խախտում են հայտնաբերել նաեւ բուսական աշխարհի պահպանության ոլորտում, որի ժամանակ հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառած 99 հազար դրամի վնաս: Վարչական տուգանքի ենթարկված անձանցից գանձվել է 100 հազար դրամ տուգանք: Վերոհիշյալ ժամանակահատվածում բնապահպաններն արձանագրել են նաեւ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման եւ մթնոլորտային օդի պահպանության խախտման երկու դեպք` գանձելով 50 հազար դրամ տուգանք: Ներկայումս ԲՊՏ-ն հանրապետությունում ակտիվ վերահսկողական աշխատանքներ է իրականացնում ավազի, խճի եւ հողի շերտի ապօրինի տեղափոխումները կանխարգելելու ուղղությամբ:
Հունիս 15, 2010
