

2021թ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախատեսում է թվով 100 կազմակերպությունում ստուգում իրականացնել: Ըստ տեսչական մարմնի 2021թ. տարեկան գործունեության ծրագրի, նշված 100 ստուգումներից 5-ը կիրականացվի մետաղական հանքարդյունաբերական ընկերություններում:
Ստուգում կանցկացվի «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ում, «Պարամաունտ Գոլդ մայնինգ» ՓԲԸ-ում և «Ֆորչն Ռիզորսիս», «Բակտեկ Էկո» ու «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ներում:
«Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ին է պատկանում Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքի թիվ 8 և 5 հանքային մարմինների ընդերքօգտագործման իրավունքը: Հանքի շահագործման ժամկետը սահմանված է 2012-2031թթ.: Արդեն մի քանի տարի է, հանքը չի շահագործվում:
«Բակտեկ Էկո» ՍՊԸ-ին է պատկանում Արջուտի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Հանքն ընկերությունը պետք է շահագործեր 2014-2040թթ.: Սակայն ընդհանրապես հանքը չի շահագործվել:
2020թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել է «Պարամաունտ Գոլդ մայնինգ» ընկերության՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամաս ընդերքօգտագործման իրավունքը: Այս հանքի շահագործման ժամկետ էր նախատեսված 2012-2035թթ.: Սակայն հանքը տարիներ շարունակ չի շահագործվել:
2020թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրել է նաև «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի՝ Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Այս հանքի ընդերքօգտագործման տևողություն էր սահմանված 9,5 տարի՝ սկսած 2012թ-ից: Հանքը երբևէ չի շահագործվել:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մեկ այլ հրամանով էլ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել «Ֆորչըն ռիզորսիս» ՍՊԸ–ի նկատմամբ այն հիմնավորմամբ, որ ընկերությունը, 14.02.2012 թվականից ունենալով ՇԱԹՎ-29/169 ընդերքշահագործման թույլտվությունն, առ այսօր արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել։ Հանքի շահագործման տևողությունը նախատեսված էր 2012-2032թթ:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Լուսանկարում Մղարթի ոսկու հանքավայրն է
Դեկտեմբեր 03, 2020 at 17:19