

Այսուհետ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն գործող ցանկացած ձեռնարկության բնապահպանական վճարները կարող են ուղղվել ազդակիր համայնքների բնապահպանական ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարությունը 2021թ. հուլիսի 15-ին հաստատել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները հաստատող որոշումը: Եթե նախկինում վերոնշյալ օրենքում նոր ընկերություն ներառելու համար անհրաժեշտ էր օրենքի փոփոխություն, ապա այս որոշմամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կազմելու է օրենքում ներառված ընկերություններից բացի այլ ընկերությունների ցանկը, որոնց բնապահպանական վճարները կարող են ուղղվել ազդակիր համայնքների բնապահպանական ծրագրերի իրականացմանը:
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ որոշումը միտված է համայնքների և բնակավայրերի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող ընկերությունների ցանկն առավել լիարժեք դարձնելուն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ցանկում փոփոխությունների իրականացման ընթացակարգը ճկուն դարձնելուն և ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի ծախսման նպատակայնությունը բարձրացնելուն:
Ընտրվելու են այն ընկերությունները, որոնց կողմից վճարվող բնապահպանական հարկի, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի արտահոսքերի և ընդերքօգտագործման, արտադրության և սպառման թափոնների տեղադրման և պահման համար, հաշվարկված գումարներից առնվազն մեկի մասով տվյալ տարվան նախորդող երկու տարում հաշվարկված հարկի հանրագումարը պակաս չէ 2 000 000 դրամից։ Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կտարածվի 2022թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ 2020թ-ին վերոնշյալ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ օրենքում ներառվեցին Հայաստանում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող բոլոր ընկերությունները:
Նախարարությունից նաև հայտնում են, որ կառավարության մեկ այլ՝ 01.04.2021թ․N447-Ն որոշմամբ էլ հաստատվել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը։
Նշենք, որ ընկերությունների բնապահպանական վճարներից օգտվելու համար համայնքները պետք է կազմեն և լիազոր մարմնին ներկայացնեն բնապահպանական ծրագրեր, որոնց հաստատման դեպքում համայնքները կստանան այդ գումարները:
«Նշված որոշումների ընդունման արդյունքում աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը` նպաստելով տարածքների համաչափ զարգացմանը։ Կավելանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների հզորությունները, կբարձրանա տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու վարկանիշը վերոգրյալ ծրագրերի ծրագրավորման և իրագործման գործընթացում»,- նշված է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաորդագրության մեջ:
Հուլիս 20, 2021 at 18:06
