ՀԱԷԿ-ում մեկնարկել են իրանի մետաղի թրծաթողման աշխատանքները

ՀԱԷԿ-ում մեկնարկել են իրանի մետաղի թրծաթողման աշխատանքները

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) մեկնարկել է ռեակտորի իրանի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունների վերականգնմանն ուղղված աշխատանքը: Այն համատեղ իրականացնում են АО «Русатом Сервис»-ի ներգրաված «НВАЭР» ընկերության (АО «Атомэнергоремонт»-ի մասնաճյուղ) և Հայկական ԱԷԿ-ի մասնագետները: Թրծաթողման կայանքն իջեցվել է ռեակտորի իրան, և սկսվել է շիկամշակման բուն գործընթացը, որը կտևի մոտ 14 օր: Թրծաթողման աշխատանքներն իրականացվում են НИЦ «Курчатовский институт»-ի ներկայացուցիչների հեղինակային վերահսկմամբ:

Ռեակտորի իրանը էներգաբլոկի «սիրտն» է, և հենց նրա գոյապաշարով է որոշվում կայանի շահագործման ժամկետը: Թրծաթողումը հուսալիորեն կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն:

Նշենք, որ այս աշխատանքները ՀԱԷԿ-ի 2021թ-ի պլանային նախազգուշական վերանորոգման կարևորագույն գործընթացներից են: Այս տարի մայիսի 15-ին՝ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից: Ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 141 օր տևողությամբ, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով:

Լուսանկարը՝ www.armeniannpp.am

Հուլիս 22, 2021 at 12:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր