

Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման ու շրջակա միջավայրին վնաս պատճառելու առնչությամբ թվով 9 քրեական գործեր են հարուցվել ՀՀ դատախազությունում: Խնդիրը բարձրաձայնվել է 2021թ. հուլիսի 26-ին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:
Արաքս գետի ամբողջ երկայնքով գործում են 16 օգտակար հանածոյի արդյունահանման և 3 երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընկերություններ։ Արաքս գետի ավազանում տեսչական մարմնի կողմից իրականացվել են չափագրման աշխատանքներ, որոնց արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն։
ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում Արաքս գետի ավազանում ընդերքօգտագործում իրականացնող 8 տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասերից դուրս ընդերքի ապօրինի շահագործման՝ տասնյակ հազարավոր խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման, հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:
ՀՀ գլխավոր դտախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու, 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման կանոնները խախտելու, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ:
Հարուցված քրեական գործերով արձանագրվել են շուրջ 312 հազար խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքեր, որոնցով նախնական հաշվարկներով պետությանը պատճառվել է շուրջ 143 միլիոն դրամի վնաս, իսկ շուրջ 113 հազար քառակուսի մետր տարածքներում արձանագրվել են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու: Դրանցով բնությանը պատճառվել է ընդհանուր առմամբ շուրջ 10 միլիոն դրամի վնաս: Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Արարատի և Արմավիրի մարզպետները ներկայացրել են այն խնդիրների համալիրը, որն առաջ է բերում ապօրինի ընդերքօգտագործումը թե՛ Արաքս գետի հունի փոփոխման, թե՛ լանդշաֆտի և հողերի դեգրադացման տեսանկյունից։
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հորդորել է գործընկերներին խնդիրը քննարկել երկու հարթություններում և ստեղծել լուծումների նախադրյալներ՝ յուրաքանչյուրն իր գործիքակազմով ու լծակներով ներազդելով դրա օր առաջ կարգավորմանը։ Առաջինը՝ Արաքս գետի հունի անխաթարության պահպանումն է, որը հանդիպմանը ներկա շրջանակի լիազորություներից ավելի վեր լիազորություններ է ենթադրում, երկրորդը՝ ավազի հանքերի շահագործման կանոնակարգումն է։
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության
Հուլիս 27, 2021 at 18:37