Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլը: Այն մեկնարկել էր  2021 թվականի մարտի 25-ից:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
Ներկայիս տվյալներով ամփոփելով «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» երկրորդ որսաշրջանը, արձանագրում ենք՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացնելով՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է թվով 303 պայմանագիր շուրջ 221 տ 164 կգ ձկան որս իրականացնելու համար: Որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մուտք են գործել 19 կետից։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ հրատապ խորհրդակցություն է անցկացվելու՝ ամփոփելու արդյունագործական որսաշրջանի երկրորդ փուլը, քննարկելու արդյունքերը և արձանագրված թերությունները։

Հիշեցնենք, որ ըստ ԷկոԼուրին տրամադրած ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տվյալների, եթե 2013-2018թթ. ընթացքում ձկան ընդհանուր կենսազանգվածը տարեցտարի աճել է, 1296 տոննայից հասնելով 2948 տոննայի, ապա 2018թ. հետո նվազել՝ 2019թ. կազմելով 2668 տոննա, 2020թ.՝ 2345 տոննա: Նույն կերպ նվազել է նաև ձկան արդյունագործական պաշարը՝ կազմելով համապատասխանաբար՝ 667 և 586 տոննա: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը ձկան և խեցգետնի պաշարների ամենամյա գնահատումն իրականացրել է Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում:

Օգոստոս 04, 2021 at 13:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր