Ավարտվել են արագիլների հաշվառման աշխատանքներն Արմավիրի մարզում․ արագիլների 40%-ն աղտոտված են

Ավարտվել են արագիլների հաշվառման աշխատանքներն Արմավիրի մարզում․ արագիլների 40%-ն աղտոտված են
Արմավիրի մարզի արագիլների մոտ 40%-ն աղտոտված է։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը: «Չնայած, որ աղտոտվածության տոկոսն ավելի քիչ է, քան Արարատի մարզում, սակայն սա նույնպես մեծ քանակ է, որը բերում է իր ետևից հսկայական էկոլոգիական խնդիր։ Սա սպառնում է ոչ միայն Սպիտակ արագիլներին, այլ նաև տեղի բնակչությանը և նրանց առողջությանը»,- նշված է իրենց հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ ավարտվել էին Սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքներն Արարատի մարզում, որի արդյունքում պարզ դարձավ, որ Արարատի մարզի արագիլների գրեթե 60%-ն աղտոտված են։
 
Նշենք, որ NABU-ն 2020թ-ից իրականացնում է արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները, աղտոտված արագիլների քանակն ու հնարավոր լուծման տարբերակներ գտնել։  
 
Հաղորդագրւթյան մեջ նաև նշված է, որ ընթացքի մեջ են արագիլների փետուրների լաբորատոր հետազոտությունները, որոնց արդյունքում հասկանալի կդառնան աղտոտման նյութը և պատճառը։

 

Օգոստոս 17, 2021 at 12:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր