Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից արտահոսքի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից արտահոսքի վերաբերյալ

Սյունիքի մարզում գտնվող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքից կեղտաջրերի արտահոսքի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների կապակցությամբ պարզաբանում է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Ի պատասխան մամուլում տարածվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը լցվել են Արաքս գետը և վնասել շրջակա միջավայրը» վերտառությամբ հրապարակումների, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը.

Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության կենտրոնում։ Նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով դեպքի վայրում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի մասնագետները, որոնք Արաքս գետի ամբողջ երկայնքով իրականացնում են նմուշառման աշխատանքներ։

Ըստ այս պահին առկա տեղեկատվության՝ կեղտաջրերը հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ (տեսանյութը կցվում է) և Արաքս գետ չեն լցվել։

Այժմ Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերից (լուսանկարը կցվում է)։

Մաքրման աշխատանքները շարունակվում են։

Ինչ վերաբերվում է հրապարակումներում առկա պնդմանը, թե էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը, ԶԼՄ մեր գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի դեռ ընթանում են փորձաքննական աշխատանքներ։

Փաստի առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվութուն»,- նշված է պարզաբանման մեջ։

Լուսանկարը՝ ՇՄ նախարարության



Ապրիլ 20, 2022 at 10:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր