Շրջակա միջավայրի նախարարության առաջարկը չընդունվեց, Սևանից բաց կթողնվի 170 միլիոն խմ ջուր

Շրջակա միջավայրի նախարարության առաջարկը չընդունվեց, Սևանից բաց կթողնվի 170 միլիոն խմ ջուր

Հունիսի 2-ի նիստում գործադիրը որոշեց ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 միլիոն խմ: 

Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկել էր Սևանա լճից ջրառի չափաքանակը սահմանել 135 միլիոն խմ: «Սևանա լճի էկոհամակարգի անխաթարության պահպանությունը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր առաջնահերթություններից է, ուստի, մեկ անգամ ևս նշենք, որ նախարարությունը նպատակահարմար է համարում ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135 միլիոն խմ»,- նշել էր նախարարությունը:  

Սակայն առաջարկը չի ընդունվել: ՀՀ կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝  պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.2 հազ հա: Պահանջվող ջրի ծավալը հաշվարկված է շուրջ 424 միլիոն խմ, որից 236 մլն խմ-ը նախատեսվում է ապահովել՝ Հրազդան գետից շուրջ՝ 149.5 միլիոն խմ, Ազատի ջրամբարից շուրջ՝ 45 միլիոն խմ, Ապարանի ջրամբարից՝ շուրջ 15 միլիոն խմ: Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ նախատեսվում է ապահովել շուրջ 26.5 միլիոն խմ ջրարտադրություն: Իսկ Սևանա լճից վերցվելիք ջուրը հենց 170 միլիոն միլիոն խմ է հաշվարկված և ոչ  դրանից պակաս: Նույնիսկ այս պարագայում շուրջ 18 միլիոն խմ ջրային դեֆիցիտ կլինի, որը պետք է լրացվի այլընտրանքային ջրաղբյուրներից: Այս հաշվարկում հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները, ինչով պայմանավորված հնարավոր է ջրի պահանջարկի մեծացում:

Նշենք, որ այս տարի Սևանա լիճը ոչ մի օր չի ունեցել դրական հաշվեկշիռ: Հունիսի 2-ի դրությամբ լճի մակարդակը 19 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: Լճից իրականացվելիք ջրառն, անկասկած, իր բացասական հետևանքը կունենա լճի համար: Մյուս կողմից, լճի այդ «զոհողությունը» կիսով չափ կլինի արդարացված՝ հաշվի առնելով ջրակորուստների զգալի ծավալը:

Արարատյան դաշտի համար ջուր է վերցվում Սևանից, մինչդեռ, համաձայն ԷկոԼուրին ուղղված Շրջակա միջավայրի նախարարության 2021թ.. դեկտեմբերի 20-ի N 4/07.214678 80 պատասխան նամակի, Արարատյան արտեզյան ավազանից միայն 2021-ի դրությամբ ձկնաբուծության նպատակով գրեթե յութապատիկ անգամ ավելի շատ ջուր է վերցվել քան ոռոգման համար: «2021թ-ի դեկտեմբերի դրությամբ, համաձայն տրված ջրօգտագործման թույլտվությունների, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից ձկնաբուծության նպատակով իրականացվել է 760713,775 հազ. խմ/տարի ջրառ, որից 623547,387 հազ. խմ/տարի՝ Արարատի մարզում, 137166,388 հազ. խմ/տարի՝ Արմավիրի մարզում: Ոռոգման նպատակով իրականացվել է 179965,61 հազ. խմ/տարի ջրառ, որից 85627,79 հազ. խմ/տարի՝ Արարատի մարզում, 94337,82 հազ. խմ/տարի՝ Արմավիրի մարզում»,- մասնավորապես նշված է նամակում:  

Հունիս 02, 2022 at 18:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր