Հուլիսի 11-ին առավոտյան ժամը 7-11-ն ընկած հատվածում մի քանի ժամվա տարբերությամբ երեք երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 13-15 կմ հյուսիս-արևելք հատվածում:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը առաջին երկրաշարժը գրանցել է 07:36-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 14 կմ արևելք հատվածում, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ժամը 09:10-ին երկրաշարժ գրանցվել է Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Ժամը 10:14-ին երկրաշարժ գրանցվել է Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ և 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է «Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար։
Երկրաշարժից հետո գրանցվել է 2 հետնցնցում, որը Սեյսմիկ ծառայությունը գնահատում է որպես բնականոն երևույթ։ Բնակչությանը հորդորում ենք խուճապի չմատնվել։
Այս պահի տվյալներով Շիրակի մարզի 6 համայնքներից փլուզումների կամ ավերածությունների մասին ահազանգ չունենք»:
Հուլիս 11, 2022 at 12:43