Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք:
Զեկույցներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալները:
-Վարչապետին զեկուցվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4120 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-կենսաբանական պայքարի աշխատանքներ (նախկինում դրանք կատարվել են քիմիական նյութերի միջոցով)։
-Ազդակիր համայնքներում իրականացվել են բնապահպանական ծրագրեր՝ նախատեսվածի 38,8%-ի չափով։ Իրականացվել են 226 հա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Հիմնադրվել է 8 հա տնկարան, աճեցվել են փակ արմատային համակարգով 250.000 հատ տնկանյութ։
-Ներկայացվել է ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների ֆինանսական մուտքերը, այդ թվում՝ պետական բյուջեից, ձեռնարկատիրական գործունեությունից, դոնորներից և այլն։ Նշվել են ձեռնարկատիրական գործունեության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնավորապես, վարձակալական մեկնարկային նոր գները՝ մոտարկված շուկայականին, «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերի ռեկրեացիոն գոտու հողամասերի վարձակալությունները, վարձակալության պայմանագրերի նոր չափորոշիչները՝ համապատասխանեցում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նոր «Սևան» ազգային պարկի 4 հանրային լողափերի ստեղծման, դրանց շահագործման նպատակով մրցույթների կազմակերպման, Նորաշենի արգելոցի և արգելավայրի մուտքի-ելքի կանոնակարգավորման, էկոզբոսաշրջություն՝ նոր երթուղիներ և եղած երթուղիների բարեկարգման ուղղությամբ իրականցված աշխատանքները։
Վարչապետը հանձնարարականներ է տվել ազգային պարկերի, հանրային լողափերի գործունեության ու արդյունավետ կառավարման վերաբերյալ:
-«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են աշխատանքներ ըստ հետևյալ ոլորտների՝ հիդրոօդերևութաբանական ծառայություններ, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում, անտառային պետական մոնիթորինգի իրականացում։ Ձեռք է բերվել 20 ավտոմատ օդերևութաբանական կայան, որից 9-ը՝ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ Դրանցից 5-ը տեղադրվել է Սևանա լճի ավազանում, 2 կայանում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշիացման դիտարկման տպիչներ։
ՀՀ պետական բյուջեից գումար կհատկացվի օդի մոնիթորինգի ավտոմատ 2 կայանի ձեռքբերման նպատակով։ Կայանները կտեղադրվեն Երևան քաղաքում, ինչը հնարավորություն կտա իրականացնել իրական ժամանակում տվյալների հավաքագրում և վերլուծություն, բարձրացնել տվյալների ճշգրտությունը և հուսալիությունը։
-«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի Գյումրու «Շիրակ» օդանավակայանում շահագործվող օդերևութաբանական համակարգերն ամբողջությամբ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում մասնակի, փոխարինվել են նորերով և տեղադրվել են վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում շահագործման են հանձնվել ամպրոպ տեղորոշիչ տվիչներ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ներդրվել է նոր MESSIR-SADIS համակարգ։ «Շիրակ» միջազգային օդանավակայանի թռիչքադաշտում անցկացվել է շուրջ 3000 մետր օպտիկամանրաթելային կապուղի, եղանակի կանխատեսումների արդարացվելիության գործակիցը կազմել է 91.8%, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 160 մլն դրամ, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 160 մլն դրամ, սպասարկվել է 20509 ավիաթռիչք, որից «Զվարթնոց»-ում` 20216, «Շիրակ»-ում` 272 և «Սյունիք» օդանավակայանում` 21 ավիաթռիչք։ Ընկերության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում շահույթն ավելացել է շուրջ 105 %-ով։
-Տրվել են բուսական և կենդանական օբյեկտների թույլատվություններ, պայմանագրեր, լիցենզիաներ, ընդհանուր թվով 4634 հատ, բնօգտագործման վճարը կազմել է 90,3 մլն դրամ, պետ. տուրքը՝ 4,07 մլն դրամ։ Տրամադրվել է 1018 թափոնների և մթնոլորտ արտանետումների թույլատվական փաստաթուղթ։ 2024 թվականի հունվարի երրորդ տասնօրյակից բոլոր թույլատվական փաստաթղթերի ստացումը կթվայնացվի։
-Նշվել է, որ հանրապետությունում հաստատված է 233 բնության հուշարձան, որից 32-ը՝ անձնագրավորված: Իրականացվում են տեղադիրքի ճշգրտման, ներկա վիճակի գնահատման և գույքագրման աշխատանքներ։
-Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգի, «Սևան» ազգային պարկի կառավարման նոր պլանի մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական մուտքերի հետ կապված հարցերին: Ներկայացվել են նաև Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումները։ Լիճ է բաց թողնվել Գեղարքունի իշխանի 231,732 հատ մանրաձուկ։ Սահմանվել է սիգի արդյունաբերական որսի չափաքանակը՝ 600 տոննա, կնքվել է 15 պայմանագիր։ Լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ, լիճ է վերադարձվել 638 խեցգետին։ Երկարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը, խստացվել է սիգի ապօրինի որսի քրեական և վարչական պատասխանատվությունը։
Անդրադառնալով Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարի աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության և ՆԳՆ-ի ջրային պարեկային ծառայության սերտ համագործակցությունը:
-Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ վարչապետին զեկուցվել է, որ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում իրականացվել է ոլորտի 60 միջոցառում։ Պետական բյուջեով իրականացվել է 6 ծրագիր և 42 միջոցառում։
Ընդունվել է ոլորտային 21 օրենք, 34 կառավարության որոշում, վարչապետի 3 որոշում, 39 գերատեսչական ակտ։ Շրջանառության մեջ են գտնվում ևս 17 օրենքի և 22 կառավարության որոշման նախագծեր։
Մասնավորապես, ընդունվել են՝«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։
-Ընթացիկ տարում մշակվել են առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը՝ փորձարկվել է ջրաչափիչ սարքերի հարթակը՝ 2024թ. հունվարի 1-ից սահմանված օրենսդրական պահանջն ապահովելու համար: Ըստ ջրառի կետերի շուրջ 5000 տեղադրման ենթակա ջրաչափիչ սարքերից ներկայումս ընդհանուր առմամբ տեղադրվել և կնքվել է 520-ը, որից 210-ը՝ հաշվետու տարում: Ջրային օրենսգիրքը լրացվել է փակ շրջանառու համակարգ հասկացությամբ և լիազորվել է կառավարությանը մշակել կարգ, մշակվել է փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը։
Նշվել է, որ բոլոր կարգավորումների վերաբերյալ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը տեղադրման պահանջի մասին ծանուցվել են բոլոր ջրօգտագործողները (շուրջ 748)։
2023-ի մայիսից՝ 1 տարի ժամկետով, մեկնարկել են ջրային պետական կադաստրի թարմացման և վերազինման աշխատանքները։
Դեկտեմբեր 12, 2023 at 12:30