

Երասխի մետալուրգիական գործարանը Երասխի փոխարեն կկառուցվի Արարատ գյուղում։ 2023թ. դեկտեմբերի 14-ին գործադիրը հավանություն տվեց Արարատում «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ընկերության կողմից պողպատի գործարանի կառուցման ծրագրին: Այդ նպատակով Արարատ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող 8,9 հա հողատարածքը նվիրաբերվել է ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ և ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը: Հիշեցնենք, որ ի սկզբանե գործարանը կառուցվում էր Երասխ բնակավայրում, սակայն այս տարվա ամռանը Ադրբեջանի զինված ուժերը մի քանի անգամ կրակ էին բացել կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Մինչ այդ էլ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշում էր, թե Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները՝ այդ գործունեությունն առանց Բաքվի հետ համաձայնեցնելու իրականացնելու համար: Հայտարարության մեջ վկայակոչվել է Էսպոյի կոնվենցիան (Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա) և ընգծվել, որ լինելով այդ փաստաթղթի կողմ՝ Հայաստանը պարտավոր էր նախագիծն Ադրբեջանի հետ համաձայնեցնել։
Ըստ որոշման հիմնավորման՝ նոր գործարանի կառուցմամբ կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240), որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250 միլիոն դոլարի տարեկան շրջանառություն։ Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն): Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով:
Որոշման հիմնավորման մեջ նաև նշված է, որ սև և գունավոր մետաղների արտադրանքը Հայաստանի համար ռազմավարական արտադրանք է երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ «Ներկայում տարածաշրջանում առկա է ամրանների մեծ պահանջարկ և, ըստ Ընկերության հաշվարկների, այն կպահպանվի ևս 10-15 տարի, որը պայմանավորված է թե՛ Հայաստանում շինարարության մեծ ծավալներով, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մատակարարման ծավալների կտրուկ անկմամբ»,- նշված է պաշտոնական փաստաթղթում:
Դեկտեմբեր 15, 2023 at 16:07