65 միլիոն դոլարի բյուջետային վարկ՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036թ. երկարացնելու համար

65 միլիոն դոլարի բյուջետային վարկ՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036թ. երկարացնելու համար

Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի հետ մինչև 65 միլիոն դոլարի չափով պայմանագիր կկնքի՝ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար: ՀՀ կառավարությունը սույն թվականի դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց պայմանագիր կնքելու որոշմանը: 

Որոշման հիմնավորման համաձայն՝ ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին տրամադրվելիք բյուջետային վարկի միջոցներով, իսկ պայմանագիրը կկնքվի մեկ անձից գնման ձևաչափով: Պատճառն այն է, որ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների բոլոր գործընթացները, բոլոր սարքավորումների արտադրող կազմակերպությունները մտնում են «Ռոսատոմ» Պետական Կորպորացիայի կառուցվածքի մեջ, կամ գտնվում են վերջինիս ազդեցության տիրույթում:

Ըստ որոշման՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից ՀԱԷԿ-ի հետագա շահագործման նոր լիցենզիա ձեռք բերելու համար միջոցառումները պետք է իրականացվեն 2023-2026թթ. ընթացքում:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետն առաջին անգամ որոշվեց երկարաձգել 2016-2026թ-ը։ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ շուրջ 189 միլիոն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից շուրջ 63,2 միլիարդ դրամի ֆինանսական միջոցներով։

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության ընդունած «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (ՇԺԵ-2) ծրագիրը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ -2) ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանը հաստատելու մասին» N 1597-Ա որոշմամբ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 160 միլիոն ԱՄՆ դոլար, որի համար կվերցվի վարկ ՀՀ պետական բյուջեից: Վարկի մարման համար նախատեսվում է ավելացնել վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը:

 

Դեկտեմբեր 15, 2023 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր