«Կանաչ օրակարգ» միջազգային ծրագիրը մեկնարկել է ազգային գնահատման փուլը Հայաստանի համար

«Կանաչ օրակարգ» միջազգային ծրագիրը մեկնարկել է ազգային գնահատման փուլը Հայաստանի համար

green-agenda.org   

Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի գլխավորությամբ և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ օրակարգ» ծրագրի թիմը նշանակալի առաջընթաց է գրանցել՝ սկսելով Հայաստանի կանաչ անցման ճանապարհային քարտեզի մշակման
գործընթացի Ազգային գնահատման փուլը։ Երևանում անցկացված քննարկումները միավորել են «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի թիմի հիմնական միջազգային և ազգային փորձագետներին։

Այս ծրագիրը ներառում է մի շարք կարևոր քայլեր։ Առաջին հերթին, այն վերլուծում է Հայաստանի ներկա վիճակը և գնահատում, թե որքանով է հասարակությունը պատրաստ անցնելու էկոլոգիապես ավելի մաքուր
գործելակերպերի։ Այն նաև դիտարկում է, թե որքան արդյունավետ են պետական մարմինները համագործակցում և հաղորդակցվում շահագրգիռ կողմերի հետ։ Եվ վերջապես, մոդելների միջոցով կանխատեսում է կլիմայական չեզոքության ապահովման սոցիալական և տնտեսական հետևանքները՝
նպատակ ունենալով, որ անցումը լինի սահուն և արդյունավետ բոլորի համար։

Երևանում «Կանաչ օրակարգի» թիմը ներկայացրել է ծրագրի hավակնոտ նպատակները և տարբեր ոլորտների, այդ թվում` կլիմայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, կենսաբազմազանության և խելացի շարժունակության ավագ փորձագետների հետ կիսվել հիմնական արդյունքներով։

Փորձագետներին համառոտ ներկայացվել է գնահատման մոտեցումները, մեթոդաբանությունները, և ուղեցույցները, որոնք անհրաժեշտ են այս փուլում։ «Հայաստանի թիմի հարուստ փորձառությունը մեզ թույլ է տալիս մանրամասն մշակել Ազգային Գնահատումը։ Մեր նպատակն է իրատեսական և կիրառելի
առաջարկություններ ներկայացնել, որով կաջակցենք Հայաստանի կանաչ անցմանը: Մեր ծրագիրն օգտագործում է մասնակցային մեթոդներ՝ ապահովելով մանրակրկիտ խորհրդատվություններ յուրաքանչյուր փուլում՝ երկրի կանաչ գնպատակները հստակեցնելու համար»,- նշել է Գաբոր Շնայդերը,

Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտում «Կանաչ օրակարգը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի ղեկավարը։

Ինչո՞ւ է այս գործընթացը կարևոր

Հայաստանի համար ազգային գնահատումն ուղղված է Հայաստանի կայուն ապագան ապահովելուն։ Բնությամբ հայտնի այս երկիրը զգալի ազդեցություններ է կրում կլիմայի փոփոխություններից՝ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ բնակչության վրա, ինչը կարող է խոչընդոտել տնտեսական աճին։ Կանաչ անցումը կայունության բանալին է, որը նաև նշանակալի առավելություններ է
խոստանում իր քաղաքացիների համար։

Հայաստանի բնակչության համար այս անցումը նշանակում է ավելի մաքուր օդ, նվազ աղտոտվածություն, առողջ սնունդ, և ավելի լավ հանրային առողջություն։ Այն ճանապարհ կհարթի վերականգնվող
էներգիայի աղբյուրների միջոցով էներգետիկ կայունության համար, հետևաբար նաև նվազեցնելով ներմուծվող վառելիքից կախվածությունը։ Ավելին, այն կստեղծի նոր աշխատատեղեր նոր, կանաչ
արդյունաբերություններում՝ խթանելով տեղական տնտեսությունները։

«Հայաստանն այժմ կարևոր կետում է։ Այն ընտրությունները, որոնք մենք կանենք այսօր, կձևավորեն ապագա սերունդների կյանքի որակը։ Կանաչ օրակարգի որդեգրումը ոչ միայն բնապահպանական կառավարման մասին է։ Այն միտված է կայուն ու բարգավաճ երկիր կառուցելուն»,- հանդիպման ընթացքում ասել է Կարինե Թասլակյանը՝ «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի ազգային համակարգողը։

Լուծելով հիմնական մարտահրավերները

Հայաստանը կանգնած է էական բնապահպանական խնդիրների առաջ, այդ թվում՝ ջրհեղեղների, անտառահատումների, ջրային ռեսուրսների կառավարման մարտահրավերների և օդի աղտոտվածության։ Ազգային գնահատումը ընդգրկուն խորհուրդներ կառաջարկի՝ այս և այլ խնդիրներ լուծելու և քաղաքականություն մշակողներին իրենց ապագա որոշումներում
ուղղորդելու համար։

«Ազգային գնահատման մեր հիմնական նպատակներից մեկը Հայաստանի հրատապ բնապահպանական խնդիրներին ուղիղ լուծում տալն է: Տալով համապարփակ, գնահատման վրա հիմնված խորհուրդներ՝ մենք կարող ենք առաջարկել այս խնդիրները մեղմելու լավագույն ռազմավարությունները՝ վստահ լինելով, որ երկրի կայուն զարգացման ուղին կլինի արդյունավետ և գործուն»,- Երևանում նշել է Իվանա Միյատովիչը, «Կանաչ օրակարգ» ծրագրի Հայաստանի ուղղությամբ թիմային ղեկավարը։ «Կանաչ անցումն անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Եվրոպական միության հեռանկարներին համապատասխանելով՝ մենք ոչ միայն զարգացնում ենք մեր շրջակա միջավայրը, այլև դիրքավորում Հայաստանը
որպես համագործակցող և առաջադեմ գործընկեր համաշխարհային հարթակում՝ արտահանման ներուժով դեպի ավելի բարձրակարգ շուկաներ, որոնք պահանջում են բնապահպանական և կայունության չափանիշների պահպանում»,- նշել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ղեկավար
Ալեն Ամիրխանյանը։

Հայաստանի կանաչ օրակարգի այս փուլն ընդգծում է երկրի հանձնառությունը՝ հասկանալու ներկա իրավիճակը և մշակելու իրատեսական առաջարկներ համագործակցային ջանքերով կայուն ապագայի հասնելու համար:

Շահառուների ներգրավումը

Հայաստան կատարած այցի ընթացքում «Կանաչ օրակարգի» թիմը հանդիպել է ծրագրի հիմնական շահառուներին, այդ թվում՝ կառավարության ներկայացուցիչներին և ԵՄ պատվիրակությանը՝ նպատակ ունենալով քննարկել կանաչ անցման համար երկրի առաջընթացն ու
առաջնահերթությունները։ Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը կարևորել է ենթակառուցվածքային հիմնական բացերի լուծման անհրաժեշտությունը՝ վերականգնվող էներգիայի լուծումների ընդլայնման համար՝ ընդգծելով էներգիայի պահեստավորման հնարավորությունների և ցանցային բարելավումների անհրաժեշտությունը։ Քննարկումների ընթացքում ուշադրության կենտրոնում էր նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների ինտեգրման անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ռազմավարության մաս։

ԵՄ պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կանաչ անցմանը։ Առանցքային ուղղություններն ընդգրկում էին ենթակառուցվածքների կլիմայական դիմակայունությունը, թափոնների կառավարումը, շրջանաձև տնտեսությունը և կենսաբազմազանությունը՝ նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրի կայունության համապարփակ մոտեցում։

«Կանաչ օրակարգ» ծրագրի մասին

«Կանաչ օրակարգ» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ կառավարության, Ստոկոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ։

Հայաստանը միջազգային պարտավորություններ է որդեգրել՝ իր քաղաքականությունը միակցելու «Եվրոպական Կանաչ գործարքին» և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։ «Կանաչ օրակարգի» շրջանակներում նախատեսվում է աջակցել Հայաստանին իր ազգային քաղաքականությունները համապատասխանեցնել դեպի ավելի կայուն և բարեկեցիկ ապագա ուղղորդող եվրոպական առաջատար չափորոշիչներին։

Սեպտեմբեր 25, 2024 at 13:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր