2024 թվականը` ռեկորդային ամենատաք տարին

2024 թվականը` ռեկորդային ամենատաք տարին

2024 թվականը ռեկորդային ամենատաք տարին է, հայտնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը՝ նշելով, որ վերջին 10 տարիներին աշխարհն ապրեց ռեկորդային ամենաշոգ տարիները։

«Ես կարող եմ պաշտոնապես հայտնել, որ մենք ապրեցինք մահացու շոգի տասնամյակ։ Սա կլիմայական աղետ է, և այն տեղի է ունենում իրական ժամանակում: Մենք պետք է շրջվենք կործանման տանող այս ճանապարհից և ոչ մի րոպե չկորցնենք։ 2025 թվականին երկրները պետք է կտրուկ նվազեցնեն արտանետումները և աջակցեն անցմանը դեպի ապագա, որտեղ էներգիան ստացվում է վերականգնվող աղբյուրներից», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը զգուշացնում է՝ Ջերմոցային գազերի կոնցենտրացիան շարունակում է աճել։

«Կլիմայի փոփոխությունն ամեն օր դրսևորվում է եղանակային էքստրեմալ իրադարձությունների աճի տեսքով։ Եթե մենք ուզում ենք ապրել ավելի ապահով մոլորակի վրա, պետք է գործենք հիմա: Սա մեր ընդհանուր, գլոբալ պատասխանատվությունն է», - ասել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն՝ նշելով, որ 2024 թվականին եղել են ռեկորդային տեղումներ, ջրհեղեղներ, որոնք շատ երկրներում հանգեցրել են ողբերգական կորուստների։ Ծայրահեղ շոգ է գրանցվել տասնյակ երկրներում, որոշ վայրերում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճան Ցելսիուսը։

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ը, 2025 թվականին հատուկ ուշադրություն է դարձվելու կրիոսֆերային՝ Երկրի սառած հատվածներին, ծովի սառույցին, սառցաշերտերին և հավերժական սառույցին։ 2025 թվականը հայտարարվել է Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի։

Լուսանկարը՝ Նիկոլա Անչևսկի

Հունվար 07, 2025 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր