

ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը ս․թ փետրվարի 18-ին այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան, հայտնում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն։
Քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ոլորտային ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, փորձի փոխանակման հեռանկարները, էներգետիկայի բնագավառում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցերը:
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը ներկայացրել է կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացիկ գործընթացները:
Կողմերը քննարկել են Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին առնչվող հարցեր, որի շրջանակում կարևորվել է շվեդական առաջատար տեխնոլոգիաների ներուժի կիրառումը: Ընդգծվել է, որ դիվանագիտական ու գործարար կապերի խորացումը կարող է նպաստել հայ-շվեդական համագործակցության ընդլայնմանը էներգետիկայի և ատոմային արդյունաբերության ոլորտում:
Կողմերը կարևորել են նմանատիպ փոխայցելությունները՝ համոզմունք հայտնելով, որ այս այցը կնպաստի Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ընկերությունների միջև գործակցության հետագա զարգացմանը։
Փետրվար 20, 2025 at 14:19