Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը

Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը

Սույն թվականի մարտի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Աստրիդ Շումեյքերի այցը և նշել, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվ համագործակցությունը և աջակցությունը՝ նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ միջոցառումը լավագույնս անցկացնելու համար:

Աստրիդ Շումեյքերի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգում է վարչապետի աշխատակազմը՝ վստահություն է հաղորդում, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը հավելել է, որ միջոցառման անցկացման նախաձեռնությունը վկայում է կենսաբազմազանության ոլորտի օրակարգն առաջ մղելու գործում ՀՀ կառավարության շահագրգռվածության մասին: Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Իսկ մարտի 3-ին Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նախարարը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները և նշել, որ մեր երկիրը բավարար ջանքեր է գործադրում համաժողովը հավուր պատշաճի հյուրընկալելու և աշխարհին լավագույնս ներկայանալու ուղղությամբ։

Աստրիդ Շոմեյքերն նշել է, որ այդ ջանքերը պետք է կրկնապատկվեն, քանզի սա հնարավորություն է աշխարհին Հայաստանի Հանրապետությունը և երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության ուղղությամբ արվող քայլերը ներկայացնելու համար։ Կողմերն ամփոփել են Հռոմում կայացած Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) վերաբացված նստաշրջանին ՀՀ պատվիրակության մասնակցությունը։

Քննարկվել է Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի թիրախների վերանայման և թարմացման հարցը, Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման ընթացքում քարտուղարության հետ համագործակցության ուղիները և ձևաչափերը, առաջիկա միջոցառումները և դրանց ժամանակացույցերը։

Աստրիդ Շոմեյքերը վերահաստատել է քարտուղարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանի Հանրապետությանը կազմակերպչական աշխատանքների ընթացքում։

Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի կոնվենցիաների միջև սիներգիայի ապահովման գործընթացին։ Նախարարը նշել է, որ Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում այս ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, նպաստել ընդհանուր նպատակների իրականացմանը և համատեղ ջանքերով գտնել լուծումներ առկա հարցերի վերաբերյալ:

Մարտ 04, 2025 at 12:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր