

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հունվարի25-ին մամուլի ասուլիս տվեց: Ստորեւներկայացնում են ք հրապարակված նյութերը;
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԷԿՈԳՅՈՒՂԵՐ» ԿՍՏԵՂԾՎԵՆ
Հասմիկ Սմբատյան, «Ազատություն» ռադիոկայան
Բնապահպանության նախարարության 2011 թվականի գերակա ուղղությունները լինելու են համայնքային զարգացման ծրագրերը, ձկան պաշարների համալրումը, բնապահպանական ոլորտը վերահսկելուն եւ շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող օրենսդրական բարեփոխումները:
2011-ին պետական բյուջեով Հայաստանի բնապահպանության նախարարությանը հատկացված է շուրջ 2 միլիարդ 520 միլիոն դրամ:
Նախարար Արամ Հարությունյանը երեքշաբթի օրը, այս տարվա իր առաջին ասուլիսում հայտարարեց, որ 60 միլիոն դրամ բյուջետային հատկացումների հաշվին կիրականացվի «Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում» ծրագիրը: Սեւանա լիճ է բաց կթողնվի շուրջ 170 հազար «գեղարքունիք» եւ «ամառային իշխան» տեսակի 200 հազար մանրաձուկ:
«124 միլիոն դրամի շրջանակներում շարունակվելու են [Սեւանի] ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները: Այս տարի մենք պլանավորում ենք ջրի մեջ գտնվող ծառերի եւ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները հասցնել ավարտուն տեսքի», - ասաց նախարար Հարությունյանը:
Այս տարի առաջին անգամ բնապահպանության նախարարությունը կիրականացնի համայնքային սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող ծրագիր: «Շիկահող» պետական արգելոցը որպես միջուկ օգտագործելով` Հայաստանի հարավային հատվածում կստեղվի բնության հատուկ պահպանվող նոր տարածք` կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակով, կներմուծվի «էկոգյուղ» գաղափարը:
«Աշոցքի տարածաշրջանում հինգ համայքներում ծրագրերը վերաբերվելու են հիմնականում համայնքային կենտրոնների ստեղծմանը` անհրաժեշտ համակարգչային եւ այլ տեխնիկաների համալրմամբ, ինչպես նաեւ ներմուծելու ենք «էկոգյուղ» գաղափարը», - ասաց նախարարը:
2011-ին ազգային պարկի եւ ենթակառուցվածքների ուղղությամբ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է ավելի քան 660 միլիոն դրամ: Հայաստանի կառավարության քննարկմանն ու հաստատման է ներկայացվելու «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանը:
Նոր Նորքի «Վիշապների կոթող» պուրակում ապօրինի շինարարության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Արամ Հարությունյանը ասաց, որ այս պահի դրությամբ դեռեւս բնապահպանական փորձաքննության արդյունքներ չկան եւ այդ պատճառով շինարարությունն արգելվել է: Նա խոստացավ վերջնական որոշում կայացնելուց առաջ հանրային քննարկում անցկացնել:
«Կփորձենք եւս մեկ անգամ քաղաքապետարանի տրամադրությունը իմանալ այս հարցերի շուրջ, եւ նոր վերջնական որոշում կկայացնենք», - ասաց Հարությունյանը:
Առաջիկայում քննարկում է լինելու նաեւ տարեվերջին Երեւանում բացված դելֆինարիումի վերաբերյալ, որի մասին ահազանգում էին բնապահպանները: Նախարարն ասաց, թե դելֆինարիումը շահագործող ընկերությունը դիմել է նախարարություն` չորս տիպի կենդանիներ ներկրելու համար: Դրանցից երեքի, այսինքն դելֆինների ներկրման համար նախարարության թույլտվության կարիքը չի եղել, քանի որ դրանք անհետացման եզրին գտնվող կենդանիների ցանկում չեն:
Նախարարը տեղեկացրեց, որ, հասարակական հնչեղությունը հաշվի առնելով, նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է կատարել ինչպես դելֆինարիումի կենդանիների, այնպես էլ դրանց պայմանների վերաբերյալ, եւ առաջիկա քննարկմանը կներկայացնի դրանց արդյունքները:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍԵՎԱՆԸ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ԻՇԽԱՆ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ
News.m
Բնապահպանության նախարարությունն այս տարի նախատեսում է Սեւանա լճում իրականացնել էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում ծրագիրը, որի շրջանակներում Սեւանա լիճ է բաց թողնվելու 166,7 հազար հատ Գեղարքունի եւ 200 հազար հատ ամառային իշխան մանրաձուկ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ներկայացնելով նախարարության 2011 թվականի անելիքները։ Նա նշեց, որ կշարունակվեն կատարելագործվել կենդանիների արտահանման ընթացակարգերը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանում աճեցված ձկնատեսակների արտահանման ծավալների ավելացման համար:
Բացի այդ, նախարարի խոսքով, աշխատանքներ են տարվելու նաեւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ տարածքները մաքրելու ուղղությամբ։ «Այս տարի ներդրումների ընդհանուր ծավալը «Սեւան ազգային պարկ»-ի եւ դրա ենթակառուցվածքների ուղղությամբ կազմելու է 662,7 մլն դրամ»,-հայտարարեց նախարարը։
Բնապահպանության նախարարությունը նախատեսում է լուծել որոշ բնակավայրերում առկա ջրի խնդիրը, որի համար կծախսվի 100 միլիոն դրամ։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ ԿՍՏԵՂԾՎԻ
Tert.am
Գերմանիայի KfW բանկի աջակցությամբ Հայաստանի հարավում կենսոլորտային պահպանվող տարածք կստեղծվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ նշելով, որ տարածքը կստեղծվի՝ ընդգրկելով նաև «Շիկահող» պետական արգելոցի տարածքը։
Պահպանավայրի տարածքի 5 բնակավայրեր՝ Սրաշենը, Շիկահողը, Ճակատենը, Ծավը և Ներքին Հանդը կունենան համայնքային զարգացման իրենց ծրագրերը։
2011-2015թթ. ընթացքում ծրագիրը կյանքի կոչելու համար նախատեսվում է 4 մլն եվրո հատկացնել։ Կենսոլորտային տարածքի ստեղծումն, ըստ նախարարի, նպատակաուղղված կլինի անհատական տնտեսությունների եկամտի ավելացմանը, բնամթերքի իրացմանը, համայնքային եկամուտների մուտքերի մեծացմանը:
ԲՆԱՊԱՀՊՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺՎԱՐԱՑԱՎ ՆՇԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՆԱՉԱՊԱՏՎԵԼՈՒ ԵՆ
Tert.am
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չմանրամասնեց, թե այս տարի նախարարության ծրագրերով Երևանի որ տարածքներում են կանաչապատման աշխատանքներ իրականացվելու։ «Այս տարի մենք պետք է կարողանանք կոնկրետ ծրագիր մշակել, նոր հայտարարություն անել»,– ասաց նախարարը։
Նա լրագրողներին հիշեցրեց, որ մայրաքաղաքի կանաչապատման հիմնական պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։ Սակայն նախարարությունն, ըստ Արամ Հարությունյանի, խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում և աջակցում քաղաքապետարանին։ «Ես դժվարանում եմ պատասխանել, թե մայրաքաղաքի որ հատվածում ինչ կանաչապատման աշխատանքներ են կատարվելու։ Նախորդ տարի մեր ծրագրով Համալիրի շրջակայքում ենք կանաչապատման աշխատանքներ կատարել։ Ծրագրերը տարբեր են, մեր հնարավորությունները՝ փոքր»,– ընդգծեց նախարարը։
ՕՐԵՆՔԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՄԵՆ ՕՐ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ. ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Tert.am
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասուլիսում Tert.am–ի խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության այն բացահայտումներին, համաձայն որոնց՝ որոշ դեպքերում բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները թերացել են իրենց աշխատանքում և որոշ հատված ծառեր չեն հաշվառել։
«Մենք ուղղակի ստուգում չենք կարող ամեն օր իրականացնել։ Եթե դա տնտեսություն է, օրենքը թույլ չի տալիս ամեն օր ստուգում իրականացնել։ Տարին մեկ անգամ ենք ստուգումներ անում և խախտումները ֆիքսում, դրանց տրվում է համապատասխան ընթացք։ Նաև ահազանգերի հիման վրա ենք շրաջայցեր իրականացնում»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նախարարի՝ նախորդ տարի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են հատված ծառեր։ «Ըստ օրենքի՝ եթե վնասի չափը գերազանցում է 400 հազար դրամը, ապա պետք է գործ հարուցվի, ինչն էլ իրականացվել է»,– ասաց նա։
«Մենք կաշկանդված չենք թվեր ներկայացնելու հարցում։ Եթե կան խախտումներ, ապա մեր կողմից արձանագրվում են, այդ ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ, այդ մասին հանրությունն իրազեկվում է։ Իմ հանձնարարությամբ նախորդ տարի ամեն շաբաթ մամուլին հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն է տրամադրվել»,– ընդգծեց Արամ Հարությունյանը։
ՆԱԽԱՐԱՐ. «ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՆՔ, ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ԵՆՔ»
Aysor.am
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց 2011թ.-ին իր ղեկավարած ոլորտի գերակա ծրագրերից և նախագծերից: Պատասխանելով Aysor-ի հարցին, թե ի՞նչ է արվել կամ արվում Դիլիջանի Պարզ լճի և Արագածի Քարի լճի շրջակայքում հանգստյան տների կոյուղաջրերի հոսքը դեպի լճեր կանխարգելելու ուղղությամբ` նախարարը նշեց, որ լճերի ափամերձ տարածքներում կեղտաջրերը կենտրոնացված կոյուղատարի միջոցով մաքրելու համար հնարավորություն չկա:
«Այստեղ պետք է յուրաքանչյուր տնտեսվարող իր միջոցների հաշվին ունենա լոկալ մաքրման կայան»,- շեշտեց Արամ Հարությունյանը և նշեց որ 2010թ.-ին այս ուղղությամբ ստեղծվել է նորմատիվային բազա:
Ըստ նախարարի` ստեղծվել է նաև համատեղ ձեռնարկություն, որը պետք է զբաղվի լոկալ կայանների տեղադրմամբ:
Ա. Հարութունյանը շեշտեց, որ մաքրման կայանները մատչելի են լինելու տնտեսվարողների համար և անթույլատրելի է, որ նման տարածքներում չլինեն լոկալ մաքրման կայաններ:
«Այս տարի առաջարկելու ենք, որ տնտեսվարողները այդ կայանները տեղադրեն և, եթե չկատարեն օրենքի պահանջը, արգելելու ենք, արձանագրելու ենք և պատժելու ենք»,- վստահեցնում է բնապահպանության նախարարը:
ԺԱՄԿԵՏԱՆՑ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ ՈՒ ԿՀԱՇՎԱՌՎԵՆ
Panorama.am
Բնապահպանության նախարարությունը Հյուսիսատլանտյան Դաշինքի (ՆԱՏՕ) և Բռնոյի (Չեխիա) Մազարիկի համալսարանի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում, մոնիտորինգ և վերլուծություն` դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» ծրագիրը:
Ինչպես ասուլիսում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ծրագրի շրջանակներում կտրամադրվեն նորագույն լաբորատոր սարքավորումներ, մասնավորապես` մասս դետեկտորով գազային քրոմատագրիչ:
Ա. Հարությունյանն ասաց, որ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի համապատասխան սարքավորումներով համալրված լաբորատորիա` շրջակա միջավայրի օբյեկտներում և կենսամիջավայրում կայուն օրգանական աղտոտիչների պարունակության անալիտիկ հետազոտությունների և փաստացի մակարդակների ուսումնասիրման նպատակով:
Բացի այդ, ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում պոլիքլորացված բիֆենիլներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ (ԿՕԱ) պարունակող թափոնների էկոլոգիապես կայուն կառավարում, տեխնիկական աջակցություն ԿՕԱ-ների համար» ծրագրի շրջանակներում բնապահպանության նախարարությանը տրամադրվել է L2000DX անալիզարար` տրանսֆորմատորային յուղերի 2000 նմուշներում պոլիքլորացված բիֆենիլներ որոշելու նպատակով: Իսկ այս աշխատանքներն անվճար կատարում է «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կողմից արդեն իսկ հետազոտվել է 650 յուղի նմուշ:
Նաև նշենք, որ «Թափոնների ուսումնասիրության ծառայություններ» ծրագրի շրջանակներում 10.3 մլն. դրամ բյուջետային հատկացումների հաշվին «Թափոնների ուuումնաuիրության կենտրոն» կազմակերպությունն իրականացնելու է թափոնների գոյացման, վերամշակման ու oգտահանման oբյեկտների և հեռացման վայրերի գծով ուսումնասիրություններ: Իրականացնելու նաև թափոնների oգտագործման ու վնաuազերծման uակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների մաuին տվյալների հավաքում ու վերլուծություն:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑԱՎԱԼԻ ՓԱՍՏԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉՏՊԱՎՈՐԵՑԻՆ
Արմինֆո
Բնապահպանական տեսչության գործունեության ցավալի փաստերը նախարար Արամ Հարությունյանին չտպավորեցին:
Միայն Իջևանի ազգային պարկը ստուգելիս բացահայտվել են 17 մլն.դրամի ֆինանսական խախտումներ: 465 իրավախախտումներից միայն 40 խախտումն է տեսչության կողմից ինքնուրույն ձևով բացահայտվել, իսկ ծառերի անօրինական հատման հետևանքով առաջացած` 165 մլրդ.դրամից վերականգնվել է ընդամենը 6.1%-ը: Դրանից բացի, իրավախախտումների գծով նյութերը համապատասխան կառույցներին չեն ուղարկվել:
Սակայն, տիրող անախորժ իրավիճակը չի շփոթեցրել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
«Իր գործունեության արդյունքների վերաբերյալ տեսչությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը և ԶԼՄ-ներին, այնպես որ, եթե բացահայտվեն ինչ-որ խախտումներ, ապա հասարակությունն այդ մասին կիմանա»,- մամուլի ասուլիսում հայտարարել է նախարաը:
Իսկ ինչ վրաբերվում է անօրինական անտառահատման վերաբերյալ մառախլապատ պատմություններին, ապա նախարարը նշել է, որ Տեսչությունն իր հսկողությւոնն իրականացնում է ոչ թե ամեն օր, այլ ընդամենը տարին մեկ անգամ:
ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ՉԵՆ «ԳԵԳԱՄԵՏ ՊԼՅՈՒՍԻ» ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ
ԱրմԻնֆո
«Գեգամետ պլյուս» ընկերության սկանդալային նախագծի շուրջ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել:
Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է Սեւանի ավազանում գտնվող Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային հումքի մանրող-տեսակավորող արտադրության բացում: Չնայած այն հանգամանաքին, որ այդ գործունեությունն արգելված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով` այս տարի արտադրությունը ոչ միայն կառուցվել է, այլև հաջողությամբ գործել է, ընդ որում` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացակայության ֆոնի վրա: Ըստ երևույթին, հասարակայնության ակտիվ միջամտության պատճառով «Գեգամետն», այնուամենայնիվ, որոշեց նախագիծը ներկայացնել փորձաքննության: Առաջին անգամ ընկերությանը մերժեցին, սակայն երկրորդ փորձին «Գեգամետը» որոշեց խորամանկության դիմել` փաստաթղթերում «վերամշակում» բառը փոխարինելով «մանրում և տեսակավորում» բառերով:
«Վերամշակման գործունեություն Սևանի ավազանի տարածքում չի կարող լինել, քանի որ դա հակասում է օրենսդրությանը: Եթե «Սևանի մասին» օրենքը խախտվում է, ապա ոչ մի նախագիծ փորձաքննություն չի կարող անցնել»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը`խոստանալով շարունակել վերահսկել այդ գործընթացը:
Նշենք, որ «ԷկոԼուրին» իր գրավոր պատասխանում Բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը չի խախտում բնապահպանական օրենսդրությունը: Փաստաթղթի համաձայն, նախարարությունը բացառում է քրոմիտի փոշու տարածումը դեպի Սևանա լճի կողմը, ինչն, ի դեպ, հակասում է բնապահպանների կարծիքին:
ԵՐԵՎԱՆԻ «ՆԵՄՈ» ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐՆ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
ԱրմԻնֆո
Երևանի «Նեմո» դելֆինարիայի շուրջ կրքերն առաջվա պես չեն հանդարտվում:
Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, արդեն ստեղծվել է դելֆինարիայի հետ կապված իրավիճակի ուսումնասիրման աշխատանքային խումբ:
«Ստացված տեղեկատվության հիման վրա կանցկացվեն քննարկումները, որոնց ժամանակ կբարձրացվեն դելֆինների պահման, ինչպես նաև համընդունելի չափանիշներին դելֆինարիայի համապատասախանության հարցերը»,- ասել է նա:
«Նեմո» դելֆինարիայի բացումը տեղի է ունցել 2010 թ. դեկտեմբերի 24-ին: Նույն օրը կանաչ ակտիվիստները և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել դելֆինարիայի առջև:
«ՎԻՇԱՊԻ ԿՈԹՈՂՆԵՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ
ԱրմԻնֆո
«Վիշապի կոթողների» հետ կապված պատմությունը կարող է շարունակություն ունենալ:
Հիշեցնենք, որ «Վիշապի կոթողներե այգու շուրջ 2000 քմ տարածքում «Air Construction» ընկերությունը մտադիր է բազմահարկ շենք կառուցել` միաժամանակ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացություն:
Ի պաշտպանություն կանաչ տարածքների`ոտքի են կանգնել մերձակա տների բնակիչները, ովքեր հողով լցրել են ծանր տեխնիկայով փորված փոսերը, ինչպես նաև ծառատունկի ակցիա իրականացրել:
Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, փորձաքննություն անցկացնելուց հետո կկազմակերպվեն նախագծի հասարակական լսումներ` տեղի բնակիչների և անկախ փորձագետների մասնակցությամբ:
«Դրանից հետո միայն մենք կհայտարարենք այդ հարցի առնչությամբ մեր վերջնական որոշման մասին»,- ասել է նա:
Հունվար 27, 2011
