

ԱրմԻնֆո
Նախարարությունն անհիմն է համարում բնապահպանների հայտարարություններն այն մասին, որ Ջերմուկի պուրակին հասցված վնասը հաշվելիս Բնապահպանական տեսչությունը դիտավորյալ նվազեցրել է տուգանքները:
Հիշեցնենք, որ բնապահպանների դժգոհությունն է հարուցել այն, որ չնայած Ջերմուկի պուրակում զանգվածային ծառահատմանը`Տեսչությունը 370500 դրամի տուգանք նշանակել միայն 16 բարդու համար: Նման համեստ թիվը, բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների կարծիքով, պատահական չէ, քանի որ եթե տուգանքը չի գերազանցում 400 հազար դրամը, ապօրինի ծառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվում:
«Տուգանքի գումարը հաշվեգրվում է` ելնելով ծառատեսակից, ինչպես նաև դրա տրամագծից, ինչն, ի դեպ, գրված է օրենսդրությունում: Հենց այդ նորմերով էլ ղեկավարվել է Բնապահպանական տեսչությունը»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Ինչ վերաբերում է բնապահպանների կողմից շոշափվող մեկ այլ խնդրին` Ազատի կիրճում ապօրինի ծառահատումերին, ապա այստեղ, աղբյուրի համաձայն, նախարարությունը սերտորեն համագործակցում է Ոստիկանության հետ: «Նախարարի հանձնարարությամբ, Ազատի կիրճում ապօրինի ծառահատումներով ներկայումս զբաղվում են նախարարության և ոստիկանության աշխատակիցները»,- հաղորդել է նա:
Փետրվար 04, 2011
