ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԵՏ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ԷկոԼուր - ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Այիմդոս Բոզժիգիտովին:

Նախկինում Ղազախստանի հետ բնապահպանության ոլորտում համագործակցություն չի ծավալվել, չնայած դրան երկու երկրներն էլ նույն դիրքորոշումն ունեն բնապահպանական միջազգային գործընթացների նկատմամբ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջարկեց ստեղծել համագործակցության իրավական հիմք, աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Նախարարը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարեց մշակել առաջարկություններ համագործակցության վերաբերյալ և ներկայացնել Ղազախստանի դեսպանություն: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց բնապահպանության ոլորտում ունեցած դրական փորձի փոխանակաման հարցի շուրջ:

Նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց բնապահպանության ոլորտում ՀՀ ձեռքբերումները, մասավորապես`

1.ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության ներքո իրականացվող «Մաքուր Զարգացման Մեխանիզմ» ծրագիրը, որի գործադիր խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է աշխարհում 3 լավագույն երկրներից մեկը:

2.Կանաչ տեխնոլոգիաների կիրառումը` ինչը թույլ է տալիս ստանալ նույն քանակությամբ էլեկտրաէներգիա, օգտագործելով ավելի քիչ գազ:

3.Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը:

Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Այիմդոս Բոզժիգիտովին ներկայացրեց Ղազախստանի բնապահպանական ոլորտում ձեռքբերումները, կարևորելով հանքարդյունահանումը և ոլորտի զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը: Երկուստեք կարևորեցին անդրանիկ հանդիպումը հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ և կտա իր դրական արդյունքը համագործակցության շրջանակներում:

Մարտ 21, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր