ՏՆԿՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՀԱԶԱՐ ԾԱՌ

ՏՆԿՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՀԱԶԱՐ ԾԱՌ

ԷկոԼուր-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ապրիլի 9-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քաղաքապետը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի բլուր»  կոչվող տարածքում, որտեղ, ըստ էության, մեկնարկել է նախկին անտառային գոտու վերականգնման ծրագիրը. «Պետք է հետևողական լինենք, որ անտառն ապրի»,-նշել է քաղաքապետը: Լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնելով համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին` Կարեն Կարապետյանն ընդգծել է մայրաքաղաքի մաքրության, բարեկարգ վիճակի պահպանման գործում բնակչության հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ավելի քան 20 հազար ծառ։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ծառատունկն իրականացվել է բացառապես ոռոգելի տարածքներում։ Հացենի, թեղի, թխկի, սոսի և դեկորատիվ այլ տեսակների շուրջ 3600 ծառ է տնկվել մայրաքաղաքի փողոցներում։ 4350 ծառ տնկվել է զբոսայգիներում և պուրակներում։

Առողջապահական,  նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տարածքներում տնկվել է ավելի քան 4360 ծառ: Շուրջ 2970 ծառ էլ համատիրությունների ուժերով տնկվել է բակային տարածքներում։ Նոր տնկված բոլոր ծառերի խնամքը, մինչև ոռոգման  տարեշրջանի սկիզբը, կիրականացվի ջրցան մեքենաներով:

Ծառատունկից բացի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ինչի համար քաղաքապետարանը տրամադրել է 55 միավոր հատուկ տեխնիկա։ Բոլոր աշխատանքներին, կոմունալ տնտեսությունների, կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցների հետ միասին մասնակցել են բազմաթիվ հիմնարկների, ուսումնական հաստատությունների աշխատակիցներ և սովորողներ։ Արձագանքելով Երևանի քաղաքապետի կոչին՝ շաբաթօրյակին ու ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև բիզնես կառույցների, միջազգային ու հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ապրիլ 11, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր