

ԷկոԼուր
2010թ. «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի անտառահատումները 1.5 անգամ ավելացել են գազի սպառման նվազեցման պատճառով: Շինափայտի պահանջարկն ընկել է, իսկ վառելափայտինը` աճել: Այս մասին ասել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը ապրիլի 19-ին «Դիլիջան» ազգային պարկի 2010 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման և անտառների վրա գազի հնարավոր թանկացման ազդեցության վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ: Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը, քննարկմանը մասնակցել են «Դիլիջան» ազգային պարկի տնօրինությունը, Դիլիջանի փոխքաղաքապետ ԱրմենՄակարյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը, համայնքի և մարզային արտակարգ իրավիճակների ծառայության, մարզպետարանի և ՏԻՄ-երի շրջակա միջավայրի պահպանության բաժինների, ՀԿ-ների, ԶԼՄ-երի ներկայացուցիչներ, բնակիչներ:
«Դիլիջան» ազգային պարկի հաշվետվության համաձայն` 2010թ. կազմվել է 35 անտառխախտման արձանագրություն, որից 34-ը ծառահատման` 247.24 խմ ծավալով 158 ծառի համար, և 1 որսագողության համար: Կատարվել են հակահրդեհային նշանակության 7.5 կմ ճանապարհների, 6 կմ հանքայնացված շերտի և խնամքի աշխատանքներ: 2010 թ. ազգային պարկի պլանային ծրագրով մթերվել է 834.7 խտ.խմ ծավալով հատատեղային ֆոնդի փայտանյութ, որից 190.86 խմ օգտագործվել է որպես շինափայտ, 643.84 խտ.խմ` վառելափայտ: Ընդհանուր շահագործման է հանձնվել 9 հատատեղ, իրականացվել է 1639.33 խտ.խմ թափուկի մթերում:
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը անդրադարձել է նաեւ հրդեհների խնդրին` նշելով որ 2010 թ. հրդեհները շատ էին եւ որ ծագել էին խոտատարածքներում:
Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ «Խազեր» ՀԿ-ն խոտատարածքները այրելը որպես վարչական իրավախախտում ամրագրող օրինագիծ է ներկայացրել կառավարություն, որը հավանության է արժանացել եւ քննարկվելու է ՀՀ ԱԺ-ում:
Ապրիլ 21, 2011
