

ԷկոԼուր-Վալլեքս խմբի ընկերություններ
Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող անտառահատումներով հասցվող վնասի հատուցման ծրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ: Մրցույթն անցկացվելու է երկու լոտով՝ ՀՀ Լոռու մարզի Արջուտ (լոտ 1) և Օձուն (լոտ 2) համայնքներին պատկանող համապատասխանաբար շուրջ 50 հա և շուրջ 30 հա մակերեսներով հողատարածքների անտառապատման համար կազմակերպություն(ներ) ընտրելու նպատակով: Մրցույթին մասնակցելու պայմանների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքից (http://www.teghout.am/am/news/13.htm):
Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր, որով նախատեսվում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա 357 հա անտառի կրկնակի գումարային մակերեսով` 714 հա տարածքներում: Ընդ որում, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար` մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա:
Անցած ժամանակահատվածում իրականացվել է անտառահատում շուրջ 65 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռնահովիտ համայնքների վարչական սահմաններում գտնվող շուրջ 140 հա գումարային մակերեսով տարածքներում:
Ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով ծառատունկեր իրականացվել են նաև հասարակական կարգով՝ շուրջ 8 հա գումարային մակերեսով տարածքներում:
Հուլիս 25, 2011 at 14:20
