Հայաստանին պետք է «կանաչ գաղափար»

Հայաստանին պետք է «կանաչ գաղափար»

Նաիրա Հայրումյան, Lragir.am

Հայաստանի քաղաքական սպեկտրը մայիսյան ընտրությունների նախօրեին փաստացի չի փոխվել, եթե հաշվի չառնենք Ազատ դեմոկրատներ կուսակցության ստեղծումը: Մնացածը նույն մարդիկ ու նույն կուսակցություններն են:

Ընդամենը որոշակի փոխատեղություններ են կատարվում, օրինակ, ՀՀԿ-ում աստիճանաբար լուսանցքում է հայտնվում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների սեգմենտը, իսկ ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի կողմն են անցնում որոշ պաշտոնյաներ: Որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի հստակ է երեւալու Սարգսյանի եւ Քոչարյանի թիմերի միջեւ գիծը, եւ այն կուսակցությունները մասերի է բաժանելու:

Սակայն այդ ամենը իշխանության մեջ գտնվող մարդկանց իրարանցումն է, եւ չի արտացոլում իրական հասարակական պահանջները: Խորհրդարանում ներկայում գոյություն ունեցող ուժերի ցանկացած դասավորության դեպքում քաղաքացիական պահանջները բացակայելու են: Մինչ այժմ քաղաքական ծրագրերում քաղաքացիական պահանջները չեն ընդգրկվում, եւ դրանում է հայկական քաղաքական համակարգի պարադոքսը: Ընդ որում, միմյանց չընդունելը փոխադարձ է՝ կուսակցություններն իրենց արժանապատվությունից ցածր են համարում քաղաքացիական խնդիրներով զբաղվելը, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախընտրում են իշխանության չգալ՝ այն կարիերիստների տեղ համարելով:

Միեւնույն ժամանակ, քաղաքականությունը համընդհանուր որոշումների ընդունման վրա ազդեցության միջոց է: Եվ եթե խորհրդարանում չկան ուժեր, որոնք, օրինակ, պայքարում են էկոլոգիական Հայաստանի համար, քաղաքացիական հասարակության համար ավելի դժվար է պահպանել բնությունը: Մենք պատահաբար չենք էկոլոգիական հատվածի օրինակը բերել: Այժմ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները, եւ քաղաքացիական գործիչները խոսում են այն մասին, որ Հայաստանում էկոլոգիական գաղութացում է ընթանում՝ երկրի ընդերքը դատարկվում է՝ բնությանը անդառնալի վնաս հասցնելով: Հայաստանը վեր է ածվում հումքային պետության, չեն զարգանում տնտեսության մյուս ճյուղերը, բնությունն անպատիժ կերպով վերացվում է, վնաս է հասցվում ժողովրդագրությանը, տեղի է ունենում պաշարների մենաշնորհում:

Հենց դրանում է Հայաստանի ճգնաժամի էությունը, սակայն տվյալ խնդիրները համալիր կերպով արտացոլված չեն քաղաքական կուսակցությունների ծրագրերում: Նրանցից յուրաքանչյուրն անդրադառնում է այդ հարցերին, սակայն իր գաղափարախոսությունն է առաջ տանում: ՀՀԿ-ն եւՀՅԴ-ն խոսում են ազգային շահի մասին, ԲՀԿ-ն՝ սոցիալական, ՀԱԿ-ը՝ ժողովրդավարական համակարգային բարեփոխումների, եւ միայն Ժառանգությունն է, թերեւս, այդ ճգնաժամի հաղթահարումն իր քաղաքականության հիմքում դնում: Եվ այդ ֆոնին անհրաժեշտություն է առաջ գալիս նոր քաղաքական կազմակերպության՝ Կանաչների կուսակցության ստեղծման անհրաժեշտությունը: Հենց «կանաչ գաղափարախոսությունն» է ամենաշատը հավակնում Հայաստանի ճգնաժամի լուծմանը: Այդ կուսակցությունը կարող է բազմաթիվ ձայներ ստանալ, որովհետեւ պաշտպանելու է նրանց շահերը, ովքեր տուժում են Հայաստանի հումքային երկիր դառնալուց, որտեղ բնակչության համար տեղ չկա:

Կանաչների կուսակցությունը կարող է Հայաստանի քաղաքական սպեկտրը լցնել քաղաքացիական սոցիալական սեգմենտով: Հենց այն պահին, երբ Հայաստանում էկոլոգները, ովքեր հսկայական աշխատանք են կատարում, կհասկանան, որ իրենցից քաղաքական ուժ են ներկայացնում, Հայաստանում կարող է փոխվել քաղաքական համակարգը: Ամեն ինչ իր տեղը կընկնի, երբ քաղաքականությունը շահավետ մասնագիտությունից կվերածվի ներկայացուցչական գործառույթի եւ որոշումների վրա ազդեցության գործիքի: Իսկ աշխարհում ազդեցության մեխանիզմներն արդեն մշակված են՝ դա նախեւառաջ խորհրդարանն է, ուր պետք է ձգտեն էկոլոգները: Կանաչների կուսակցությունն ակտիվորեն աշխատում է շատ երկրների խորհրդարաններում:

Հունվար 19, 2012 at 17:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր