

ԱրմԻնֆո
Ալավերդու պղնձաձուլային գործարանի արտանետումների խնդիրը չի լուծվի միայն տուգանքներով, այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում եւ պատասխանելով պատգամավոր Խաչիկ Հարությունյանի հարցին:
Խաչիկ Հարությունյանը, ով ներկայացնում է «Օրինաց Երկիր» խմբակցությունը եւ ԱԺ-ի գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի ղեկավարն է, հիշեցրեց, որ Ալավերդու եւ հարակից տարածքների մթնոլորտում ծանր մետաղների պարունակությունը կազմում է 36,8 տոննա, փոշին` 196,8 տոննա: Պղնձաձուլային գործարանի տարածքը 3 կմ շառավղող աղտոտված է ծանր մետաղներով, որոնք իրենց ծավալներով գերազանցում են առավելագույն թույլատրելի պարունակությունը 20-40 անգամ: «Ալավերդիում եւ հարակից տարածքներում ավելանում են այնպիսի հիվանդությունների միտումներ, ինչպիսիք են նորագոյացությունները, շնչառական ուղիների հիվանդություններ, վարակիչ հիվանդություններ»,- հայտարարեց Խ. Հարությունյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ 2005թ. ՀՀ բնապահպանության նախարարությունը ծրագիր հաստատեց, որի համաձայն 2007թ. դեկտեմբերին ձեռնարկությունում պետք է գազերի մաքրման համակարգ ներդրվեր, սակայն ծրագիրը չի իրականացվել:
Իր հերթին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտնեց, որ բնօգտագործման եւ շրջակա միջավայրը աղտոտելու վճարները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում իրականացրել է գործարանը շահագործող «Armenian Copper Programme» ընկերությունը, կազմել է մոտ 180 միլիոն դրամ, այդ թվում 2009թ. առաջին 9 ամիսների համար` 103 միլիոն դրամ: Մշտապես ավելանում են էկոլոգիական սուբվենցիաները, որոնք «Armenian Copper Programme» ընկերությունը վճարում է գործարանի շրջակա համայնքներին: 2007թ. դրանց ծավալը կազմել է 9,6 միլիոն, 2008թ.` 68 միլիոն, 2009թ-ի սկզբից` 109 միլիոն:
Նոյեմբեր 19, 2009
