ՀՀ կառավարություն
ՀՀ կառավարությունը 2010թ. հունվարի 14-ի նիստի ընթացքում ընդունեց շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մի շարք որոշումներ:
Կառավարությունը
...հաստատել է
«Սեւանա լճի բնապահպանական ծրագրով» անցկացված եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում» միջազգային մրցույթի արդյունքները` 3,923,920.00 եվրո (առանց ԱԱՀ) արժեքով, մրցույթի հաղթող ճանաչելով գերմանական «Լյուդվիգ Պֆայֆեր» ընկերությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ 2010թ. այս ոլորտում իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, կառուցվելու է շուրջ 500 կմ ջրագիծ, ինչը աննախադեպ աճ է ենթադրում.
… սահմանել է
- ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում արդիական են համարվում այն տեխնոլոգիաները, որոնց կիրառումն ապահովում է ջրային ռեսուրսների որակական եւ քանակական մասով (մասնավորապես ջրային ռեսուրսի համապատասխան որակի ապահովում, կորուստների նվազում, ջրային ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում) ջրային օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը` բնագավառում կայուն կառավարման համար` կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով.
- ըստ դասակարգման` ջրային պաշարների օգտագործման եւ պահպանության պահանջները։ Որոշումների ընդունումը կնպաստի ջրային պաշարների առավել խնայողաբար եւ արդյունավետ կառավարմանն ու պահպանությանը, դրանց աղտոտման հնարավորինս նվազեցմանը կամ կանխմանը։
… հստակեցրել է
Փոփոխություններ եւ լրացումներ կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, կառավարությունը հստակեցրել է ՏԻՄ կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնություններն ու դրանց ֆինանսավորման համամասնությունները ՀՀ բնապահպանական նախարարության եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու գործող կարգը։
Նոր օրինագծեր
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը եւ Վարդան Բոստանջյանը։ Այդ առթիվ կառավարության ընդունած եզրակացության մեջ նշված է, որ տվյալ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, ուստի հեղինակներին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից եւ այն լրամշակելու նպատակով համագործակցել կառավարության հետ։
Հունվար 15, 2010
