30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ` ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՍԵՅՖՈՒՄ

Հրապարակ

2009-ի վերջին օրերին՝ դեկտեմբերի 28-ին, իր աշխատասենյակում առանձնապես խոշոր չափի՝ 5 միլիոն դրամ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվեցին բնապահպանության նախարարության տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը, պետի տեղակալ Ա. Պետրոսյանը: Նրանք, ըստ դատախազության հաղորդագրության, իրենց լիազորությունների շրջանակում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում՝ Նահատակ գետի վրա գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու  թույլտվություն տալու եւ 10 միլիոն դրամ տուգանքը չգանձելու համար նշված ընկերության խորհրդի նախագահի օգնականից պահանջել եւ ստացել էին 5 մլն. դրամ կաշառք:

Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրգործի շրջանակներում ժամկետը երկարաձգելու թույլտվության հրամանը ստորագրած փոխնախարար Սիմոն Պապյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Բացի այդ, Տիգրան Գրիգորյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանում իրավապահները հայտնաբերել են 30 հազար ԱՄՆ դոլար: Ըստ հավաստի տեղեկությունների, տեսչության պետը Ծննդյան տոներն անցկացնելու էր Դուբայում, բայց նրան հավանաբար իր նախարարը խնդրել է հետաձգել մեկնումը եւ լուծել «վերեւների» ամանորյա նվերների հարցերը, որի համար էլ նախատեսված է եղել 30 հազար դոլարը:

Առաջ անցնելով ասենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատերերից մեկը Սերոբ Տեր-Պողոսյանն է՝ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականը: Ոչ անհայտ մեկը, որի անունը ժամանակին շոշափվում էր հոկտեմբերի 27-ի գործով, եւ հայտնի էր, որ նա մասոնական համարվող «Ռոտարի» ակումբի անդամ է: Իսկ Տիգրան Գրիգորյանը նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մտերիմ անձանցից էր՝ մինչ նրա մահը զբաղեցնում էր օգնականի պաշտոնը: Մի կարճ ժամանակահատված  Գրիգորյանն աշխատել է «Սեւան ազգային պարկի» տնօրեն, ապա նշանակվել բնապահպանության տեսչության պետ:

Բանն այն է, որ Գրիգորյանը երկրորդ անգամ է մեղադրվում կաշառք վերցնելու մեջ: Նա զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ: Տարիներ առաջ, Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարար եղած ժամանակ, Գրիգորյանին դարձյալ կաշառք վերցնելու համար  դատապարտել են ազատազրկման: Ասում են, որ պատճառը Վանոյի հետ ունեցած անձնական հաշիվներն են եղել: Պատիժը կրելուց հետո ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը Գրիգորյանին արդարացրել է ու վերցրել իր մոտ աշխատանքի: Ապա, ԱԱԾ գնդապետի աստիճանի հասնելով,  Գրիգորյանը երկար տարիներ ղեկավարել է ԱԱԾ դիվանագիտական հաստատությունների պահպանության վարչությունը: 

Հունվար 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր