ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականը ամփոփող մամուլի ասուլիս, փոքր ՀԷԿ-եր, մաս 4-րդ

ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականը ամփոփող մամուլի ասուլիս, փոքր ՀԷԿ-եր, մաս 4-րդ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփեց նախարարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարն իր ելույթում անդրադարձավ ոլորտի կարևոր խնդիրներին՝ իրավական ակտերի մշակմանը, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին, Սևանա լճի, փոքր ՀԷԿ-երի, Բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման խնդիրներին:

ԷկոԼուրը ներկայացնում է մամուլի ասուլիսի նյութերն ըստ թեմաների:

Փոքր ՀԷԿ-եր.

Բնապահպանության նախարարը նշեց, որ փոքր ՀԷԿ-երի հետ կապված առկա են շատ լուրջ խնդիրներ:

«Փոքր ՀԷԿ-երում մեր ամբողջ խնդիրը բնապահպանական թողքն է և ձկնուղիները: Այս տարի եղան որոշակի խնդիրներ նաև սակավաջրության առումով: Եղան չարաշահումներ, եղան շատ ահազանգեր բնակիչների կողմից, մեզ այս կամ այն տարածքի հետ կապված խնդիրներ էին ներկայացնում բնապահպանները: Մեր ուսումնասիրությունները թույլ տվեցին հասկանալ, որ դրանք իրականում ճիշտ են: Մենք որոշակի խնդիրներ փորձեցինք լուծել, որոշ լուրջ տուգանքներ ենք ներկայացրել ՀԷԿ-երի ներկայացուցիչներին, բացատրական աշխատանքներ ենք տարել: Փոքր ՀԷԿ-երի միության նախագահին և սեփականատերերին հրավիրեցինք քննարկման, բոլոր խնդիրները, որ մենք տեսել էինք, ներկայացրեցինք իրենց, ասացինք, որ այս խնդիրները պետք է լուծում ունենան, իրենք էլ հասկացան, որ, այո, կա խնդիր և պետք է կարողանան այդ խնդիրներին լուծում տալ», - ասաց Արամայիս Գրիգորյանը:

Նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջին անգամ բնապահպանության նախարարությունը ՀԿ-ների հետ անցկացնում է փոքր ՀԷԿ-երի անձնագրավորում 100 ՀԷԿ-երի մասով՝ նշելով, որ մեր երկրում առաջին անգամ է իրականացվում նման ծրագիր:

Այնուհետև նախարար Գրիգորյանը մեկնաբանեց՝ ինչ է իրենից ներկայացնում անձնագրավորումը:

«Հստակ պատկերացում է ստեղծվելու, թե ՀԷԿ-ի բաց կողմերը, թույլ կողմերը ինչ ձևով պետք է կարողանանք շտկել, ինչ գումարներ պետք է ներդրվի, որպեսզի այդ ՀԷԿ-ը կարողանա լիարժեք աշխատել՝ կապված բնապահպանական թողքի, շրջակա միջավայրի հետ, նաև ինչու չէ, իրենց եկամուտների: Այսինքն, մենք փորձում ենք ուղղություններ մտցնել և այդ ուղղությունները տալ, որպեսզի մյուս ՀԷԿ-երը նույնպես կարողանան այդ ձևով, այդ կարգով աշխատել: Համոզված եմ, որ որոշակի ժամանակ հետո մենք ՀԷԿ-երի հետ կապված խնդիրներում արդյունքները կամրագրենք, որովհետև բոլորն էլ լուրջ մարդիկ էին և բոլորն էլ հասկանում են, որ իրենք այս երկրի համար պետք է ցավեն, առավել ևս օգտագործելով բնությունը իրենք հարստություն են ձեռք բերում և պետք է կարողանան օրենքի դաշտում այդ ամեն ինչը իրականացնել», - նշեց Արամայիս Գրիգորյանը:

Նյութերը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Դեկտեմբեր 25, 2014 at 12:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր