

ԷկոԼուր
ՀՀ դատախազությունը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում հողը փչացնելով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժինը հայտնում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրվել է, որ հողի բերրի շերտը դեգրադացվել է, գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխել է իր նշանակությունը, որի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ակնկալում ենք, որ այս գործը կդառնա նախադեպ նման խախտումների հայնաբերման և պատասխանատվության կանչելու համար: ԷկոԼուրի փորձը ցույց է տալիս, որ ամենաշատը բերրի հողը փչացնում են հանքարդյունաբերական ընկերությունները` ենթակառուցվածքների զարգացման և հանքավայրերի շահագործման ժամանակ, երբ միլիոնավոր տոննաներ շրջակա միջավայրի համար վնասակար լցակույտեր և դատարկ ապարներ տեղակայվում են բերրի հողի վրա` շարքից հանելով հարյուրավոր հեկտար հողատարածքներ: Փորձագիտական գնահատականների համաձայն` բաց հանքի 1 հեկտարը աղտոտում է 10 հեկտար տարածք:
Դեկտեմբեր 05, 2017 at 15:00