Վերաբացվում է ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը

Վերաբացվում է ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը վերաբացվում է ամերիկահայ բարերար Ա.Ց. Դիլդիլյանի անվան միներակների նոր սրահի շնորհանդեսով: Շնորհանդեսը տեղի կունենա  սեպտեմբերի 12-ին: Թանգարանի վերաբացման արարողությանը հրավիրված են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները եւ ինստիտուտների ղեկավարները, ՀՀ կառավարության անդամները, Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների տնօրենները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937թ-ին: Թանգարանի ֆոնդը կազմում է 11000 նմուշ, որոնցից ցուցադրվում է ավելի քան 2700-ը:

Թանգարանում առանձնացվում են հետևյալ բաժինները՝

1.      Հանքաբանություն (միներալոգիա)

2.      Հնէաբանություն

3.      Քարաբանություն

4.      Հայաստանի օգտակար հանածոներ

5.      Հայաստանի հանքային ջրեր

6.      Հայաստանի երկրաբանական հուշարձաններ:

Հայտնի 3000 անուն միներալներից գրեթե կեսը ցուցադրված է թանգարանում` ամեթիստ, զմրուխտ, նռնաքար, սաթ, տոպազ, սուտակ, շափյուղա, Սարիգյուղի ագաթները, Արագածի  օբսիդիանները, Մարմարաշենի մարմարային օնիքսները, Թեղուտի փիրուզը, և այլն:

Հնէաբանության բաժնի ցուցանմուշների մեծամասնությունը կազմում են բրածո օրգանիզմների մնացորդները, որոնք  կյանքի առաջին փաստացի հետքերն են Երկրի վրա: Բաժնում գլխավոր տեղը զբաղեցնում է թանգարանի ամենամեծ ցուցանմուշը՝ նախապատմական թրոգոնթերյան փղի կմախքը:

Քարաբանության բաժինը ներկայացված է տարբեր տեսակի լեռնային ապարներով: Այստեղ կան հրաբխային, նստվածքային և փոխակերպային ապարներ, բոլոր տիպերն էլ ցուցադրված են ցուցափեղկերում:

Թանգարանում ցուցադրված է նաև ավելի քան 50 տեսակի օգտակար հանածոների 1000 նմուշ:

Հանքային ջրերի բաժնում ներկայացված է «Հայաստանի հանքային ջրերի ելքերի» քարտեզը:

«Բնական երկրաբանական հուշարձաններ» բաժնում ցուցադրված են Հայաստանի յուրահատուկ երկրաբանական հուշարձանների 24 լուսանկարներ:

Սեպտեմբեր 11, 2012 at 17:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր