Սևանա լճի մարտահրավերները՝ պետական, գիտական և քաղհասարակության ներկայացուցիչների ներկայացմամբ

Սևանա լճի մարտահրավերները՝ պետական, գիտական և քաղհասարակության ներկայացուցիչների ներկայացմամբ

Սևանա լճի ափին՝ 1901 մ նիշից ներքև առկա է 1697 շինություն, որոնք պետք է ապամոնտաժվեն: 2750 հա տարածք ենթակա է բուսածածկույթից մաքրման: Ներկայումս մաքրվել է մոտ 2250 հա տարածք: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովի «Սևանա լճի էկոհամակարգի կառավարման հիմնական մարտահրավերների, դրա պահպանման և կայուն զարգացման հեռանկարների վերաբերյալ» պանելային քննարկման ժամանակ:

Նա նշեց, որ անտառածածկման ենթակա տարածքները դեռևս 2012 թ-ի ՀՀ կառավարության որոշմամբ 663 հա են: «Ներկայումս այդ աշխատանքները կատարվում են «Սևան» ազգային պարկի սուղ ջանքերով, նաև մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ», - ասաց փոխնախարարը: Անդրադառնալով Սևանա լճում արդյունագործական որսի իրականացմանը և լիճ իշխանի մանրաձկան բացթողնմանը, նա նշեց. «Որոշակի դրական տեղաշարժ մենք ունեցանք, երբ արդյունագործական որսի կարգը ստեղծվեց Սևանա լճում: Մենք համագործակցում ենք ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ, կարող եմ նշել, որ գիտահեն հետազոտությունների արդյունքների հիման վրա ամեն տարի որոշվում է արդյունագործական որսի չափաքանակը:

Մոտ 2 շաբաթ առաջ մենք բաց թողեցինք Սևանա լիճ մոտ 16 հազար ամառային իշխանի մանրաձուկ՝ 5,8 միջին գրամ քաշով, և 163 հազար գեղարքունի իշխանի մանրաձուկ՝ մոտ 1 գրամ քաշով: 163 հազարն, ի դեպ, պլանից դուրս բաց թողում էր: Մենք փորձում ենք ստեղծել այն նախադրյալները, որոնք մեզ թույլ կտան Սևանա լճի կայուն զարգացումն ապահովել և մեր տեսլականին հասնել»,- ասաց Արամ Մեյմարյանը:

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ նախ պետք է որոշել, թե ինչ որակի ջուր ենք ուզում տեսնել Սևանա լճում և դրանից ելնելով միջոցառումները կազմակերպել: «Եթե մենք ուզում ենք ունենալ ձկան արդյունաբերական ջրամբար, դա այլ հարց է, որովհետև դրա որակն ուրիշ է: Եթե մենք ուզում ենք տեսնել ռազմավարական խմելու ջրի պաշար, դա այլ հարց է և այլ միջոցառումներ է պահանջում: Եթե մենք ուզում ենք ուղղակի ռեկրեացիա տեսնել, ապա կարելի է ունենալ նույնիսկ ճահճացած ջրամբար: Դրանից կախված՝ պետք է մեր տեսլականները տրվեն, թե ինչ որակ պետք է ունենանք ապագայում»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Սևանա լճի ջրի որակի խնդիրները նշելիս՝ Բարդուխ Գաբրիելյանն ասաց. «Ինչ պրոբլեմներ ունենք: Դա ծաղկումն է, Սևանա լճի ջրի ֆիզիկաքիմիական բաղադրության փոփոխումներն են: Ինչ պետք է արվի: Առաջին, պետք է չունենանք բացասական հաշվեկշիռ: Առնվազն 1 սմ-ով ամեն տարի լճի մակարդակը պետք է բարձրանա, այլապես մենք գալիս ենք ավելի վատ վիճակի, եթե բարձրացնում, հետո իջեցնում ենք, քան եղել է մինչև բարձրացում: Ափերը լվացվում են, լրացուցիչ օրգանական նյութերը ներմուծվում են լիճ, հետո մենք իջեցնում ենք հին ծավալի, ունենում ենք ավելի բարձր կոնցենտրացիա: Բարձրացումը շատ կարևոր է, որ մենք գնանք դեպի որակի բարձրացում»:

Լճի  ծաղկման համար Սևանի հանձնաժողովի նախագահը 2 հիմնական գործոն նշեց. «Դա բարձր ջերմաստիճանն է և կենսածին տարրերը, խոսքը ֆոսֆորի և ազոտի մասին է, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում այդ ծաղկման համար: Բարձրացումը մի ուղղություն է, որ ունենանք ավելի ցածր միջին ջերմաստիճան Սևանա լճում: Եթե հաշվի առնենք, որ կլիմայի փոփոխման պայմաններում սպասել, որ մենք կունենանք տեղումների բարձր քանակ, որը մեզ թույլ կտա առանց մեծ ջանքերի ունենալ լճի մակարդակի բարձրացում, դա սխալ է: Մենք պետք է մտածենք, որ Սևանա լճից կրճատենք ջրի բացթողումները, իսկ դա կարելի է անել 2 ճանապարհով, եթե կրճատենք ջրի կորուստները, որոնք մասնագետների պնդմամբ որոշ տեղերում հասնում են 80%-ի: Եթե մենք կիսով կրճատենք կորուստները, մենք կարող ենք փակել այդ դեֆիցիտն՝ ունենալով բարձրացում: Երկրորդ ճանապարհը ջրի պատշաճ ներհոսքն է Արփա-Սևանով և գետերի ջրի ավելի ճիշտ ու կառավարելի օգտագործումը՝ որպես ոռոգման աղբյուր ավազանում»:

Անդրադառնալով Սևանա լճի ձկնապաշարների բնական վերարտադրման հարցին՝ Բարդուխ Գաբրիելյանը նշեց. «Կլիմայի փոփոխության պատճառով գետերի ջրի քանակը պակասել է, և դա մեծ խնդիր է կենսաբազմազանության տեսանկյունից, որովհետև մեր էնդեմիկ ձկները չեն կարող գնալ ձվադրման: Այսօր մենք չունենք բնական վերարտադրություն, և այն պնդումները, որ ամեն տարի բաց են թողնվում իշխանի մանրաձուկ, շատ լավ է, բայց մյուս կողմից մենք չենք կարող պնդել, որ մենք ունենք վերարտադրված պոպուլիացիա Սևանա լճում, քանի որ չկա բնական վերարտադրություն: Երբ մանրաձուկը մեծանում է և գնում ձվադրման,100 տոկոսով որսվում է: Պետք է նշեմ, որ ձկան քանակը նույնպես մեծ նշանակություն ունի Սևանի ջրի որակը բարելավելու համար, քանի որ հանդիսանում է էկոհամակակարգի սննդի շղթայի վերին օղակ, և եթե մենք ճիշտ կառավարում ենք ձկան պաշարները, մենք կարող ենք մաքսիմալ օրգանական նյութը ձկան ձևով հանել լճից»:

Բարդուխ Գաբրիելյանը կարևորեց նաև Սևանա լիճ կեղտաջրերի ներհոսքի կրճատումը մաքրման կայանների և տարբեր այլ միջոցառումների շնորհիվ:

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշեց, որ Սևանա լիճը փրկելու համար ոչ պոպուլիար որոշումներ է պետք ընդունել: Խոսելով խնդիրներից՝ նա նշեց, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգը բացակայում է Հայաստանում: «Դա ցավոտ հարց է և վերաբերում է ոչ միայն Սևանի ավազանին: Հանձնաժողովի նիստում մի անգամ Եղեգիս և Արփա գետերի 27 փոքր ՀԷԿ-երի ներկայացուցիչններն ուղղակի պահանջում էին Արփա-Սևան թունելը փակել, որովհետև իրենք ունեն ՀԷԿ-ի լիցենզիա, և իրենց ջուր է պետք, որ էլեկտրաէներգիա արտադրեն: Մենք պետք է հասկանանք, որ այդ ջուրը, շատ արագ անցնելով ՀԷԿ-երով, հայտնվում է Ադրբեջանում: Հսկայական ջրամբար ունի Նախիջևանը հենց Հայաստանի սահմանների մոտ: Պետք է այդտեղ հստակ բալանս ունենանք: Հաջորդ հարցը, որ բազմաթիվ անգամ և այդ կլոր սեղանում՝ հանձնաժողովում, քննարկվել է, Արարատյան արտեզյան ավազանի բարբարոսաբար օգտագործումն է, ձկնային տնտեսություններն են և համայնքներում անխնա, անկառավարելի հորատանցքերից ջուրն օգտագործելն է: Ըստ USAID-ի ծրագրի արդյունքների՝ ջրի օգտագործումը կազմում է 1.2-1.5 միլիարդ խմ: Սևանի դեպքում խոսում ենք ոռոգման համար 170 միլիոն խմ ջրի օգտագործման մասին, որը խորհրդարանի որոշմամբ ավելացվում է մինչև 245 միլիոն, բայց մենք 7-9 անգամ ավելի ջուր օգտագործում ենք Արարատյան ստորգետնյա ավազանից, որն անմիջապես թափվում է Արաքս գետը: Մենք պետք է հասկանանք, որ Սևանի փրկությունը ոչ պոպուլիար որոշումներ ընդունելու մեջ է և այդ որոշումները խստագույն ձևով իրագործելու մեջ է:

Եթե Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի շահագործումը նույն ձևով շարունակվի, մի քանի տարի հետո մենք այդտեղ ընդհանրապես ջուր չենք ունենա: Արդեն հիմա ավելի քիչ է, քանի 5 տարի, 10 տարի առաջ: Այդ դեպքում Սևանի վրա բեռը մի քանի անգամ կավելանա»,- ասաց Խաչատուր Մելիքսեթյանը:

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը կարևորեց գիտության և արտադրության կապը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրման կայանների կառուցմանն ուղղելուն: «1992 թ-ի էներգետիկ ճգնաժամի պատճառով մենք բավականին հետընթաց արձանագրեցինք ջրահեռացման, մասնավորապես, կեղտաջրերի մաքրման ոլորտում, քանի որ մեր մաքրման կայանները դադարեցին գործել էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով, և դրանից հետո երկար տարիներ մենք չունեինք մաքրում: Այժմ մաքրման կայանները միայն մասնակի մաքրում են իրականացնում: Ցանկալի է, որ գիտության և արտադրության կապը կարողանանք հենց այս որոտի զարգացմանն ուղղենք, մասնավորապես, կարողանանք այնպիսի տեխնոլոգիաներ ներդնել, որը թույլ տա համեմատաբար փոքր ներդրումների միջոցով, հեշտ կառավարվող, էժան ծախսեր պահանջող մաքրման կայաններ ստեղծել, և դրանք ներդնել: Դրա արդյունքում կարելի է այդ մաքրված ջուրը ոռոգման համար օգտագործել»: Նա նշեց, որ  Ջրային կոմիտեն թիրախ է սահմանել, որ կարողանա մինչև 2030 թվականն ապահովել բոլոր համայնքներում, բնակավայրերում մասնագիտացված օպերատորների կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում: «Տեղեր կան, որ այս առումով որոշակի դիմադրության ենք հանդիպում ՏԻՄ-երի, բնակչության կողմից, թե ինչու պիտի ջրի համար վճարեն: Մեր հասարակությունը պետք է ըմբռնի, որ դա յուրաքանչյրուրիս շահից ու առողջությունից է բխում: Բնակավայրերը, որոնք կոյուղացված են, հիմնականում ընդգրկված են «Վեոլիա ջրի» սպասարկման տարածքում, և նրանք արդեն իսկ վճարում են այդ ծառայության դիմաց մոտավորապես 30 դրամի չափով: Հիմա երբ կենսաբանական մաքրման բլոկը ներդրվի, չի կարող լինել տարբեր սակագին, եթե «Վեոլիա ջուրը» չհամաձայնի այդ սակագնի քաղաքականությանը, ապա այդ դեպքում պետության աջակցությունը կլինի, որովհետև հնարավոր չէ, որ սպասարկման տարածքում տարբեր բնակավայրերում տարբեր սակագին լինի»,- ասաց Ջրային կոմիտեի ներկայացուցիչը:

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նշեց, որ ՊՈԱԿ-ի աշխատանքները կենտրոնացված են Սևանա լճի վերաբերյալ  պետական նշանակության տվյալների ստեղծման և կառավարման, տեղեկատվության հավաքագրման,վերլուծության, գնահատման, դրանց փոխհարաբերությունների ուսումնասիրության և կանխատեսման  վրա: Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ տվյալները արդյունավետ կառավարելու նպատակով՝ այդ թվում համագործակցելով միջազգային գիտահետազոտական ինստիտուտների հետ: Նա նշեց, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և գիտական համայնքի համագործակցությամբ իրականացվել է Սևանա լճի ջրային հաշվեկշռի բաղադրիչների, ջրի ջերմաստիճանի, մակարդակի և այլ պարամետրերի մոդելավորում՝ օգտագործելով  հիդրոլոգիական և 3D լճի մոդելներ, որոնք փոխկապակցված են մթնոլորտային մոդելների հետ: Ներկայումս «Sevamod 2» ծրագրի շրջանակներում մշակվել է 1D մոդել:

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը նշեց, որ սկսլ են իրականացնել «Սևանա լճի ջրի համագործակցության խորհուրդ» ծրագիրը, որը նպատակ ունի ստեղծել գործընկերային մեխանիզմ, որն իր շուրջ կհավաքի Սևանի խնդրով մտահոգված բոլոր կողմերին՝ միասին լուծում գտնելու: «Ներկայում ազդեցություն տվողների, կրողների, բոլոր շահագրգիռ կողմերի քարտեզագրման գործընթաց է սկսվել, հետագայում ռիսկեր ենք գնահատելու, իրականացնելու ենք վերլուծություն, փորձելու ենք Սևանի համար ծրագիր իրականացնողներին, մտահոգվածներին հավաքել մի սեղանի շուրջ, բոլորի օգնությամբ լուծում գտնել»,- ասաց Լիանա Ասոյանը:

Հուլիս 06, 2022 at 11:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր