ՇՄՆ-ն առաջարկում է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման 6-ամսյա արգելքը կրկնապատկել

ՇՄՆ-ն առաջարկում է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման 6-ամսյա արգելքը կրկնապատկել

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման 6-ամսյա արգելք սահմանել: Նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման՝ e-draft կայքում շրջանառության է դրել «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշման նախագիծը, որն ուժի մեջ պետք է մտնի 2023թ. հուլիսի 2-ից: Նշենք, որ սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք արդեն մեկ անգամ կիրառվել է՝ ՀՀ կառավարության 2022թ. դեկտեմբերի 22-ի կառավարության նիստում: 

Որոշման նախագծում գրված է. «Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք վեց ամիս ժամկետով՝ Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 1604 32 001 0 և 0511 91 901 ծածկագրերին դասվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի վրա»։

Որպես որոշման ընդունման անհրաժեշտություն որոշման հիմնավորման մեջ նշված է, որ այն բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից: Որոշման հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում  վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա, 2022 թվականին՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 300 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ 

«Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք»,- նշված է պաշտոնական փաստաթղթում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահ­պա­նություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի  իրականացում։

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագիծն անմիջապես կապված է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.10 կետի՝ «Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը» առաջնահերթ ուղղությաբն հետ:

Մայիս 11, 2023 at 15:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր