

Կարինե Իոնեսյան, «ԱրմենիաՆաու»
Հայաստանի հարավային շրջանի բնակչությունն ամբողջ տարին պայքարում էր ուրանի հանքավայրի շահագործման դեմ: Չնայած նոյեմբերին Կապանում անցկացված լուրջ հանրահավաքների ու բողոքի տարբեր ակցիաների` ՀՀ կառավարությունը և ուրանի ծրագիրն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» հետ չկանգնեցին ծրագրից:
Այս տարի կառավարությունը 500 տոննա թունաքիմիկատ պարունակող խորհրդային ժամանակներում կառուցված թունաքիմիկատների գերեզմանոցում վերանորոգման աշխատանքներ իրականացրեց: Տարեսկզբին անհայտ անձինք ներխուժել էին թունաքիմիկատների գերեզմանոց և ինժեներական ծանր տեխնիկայով անցել գերեզմանոցի վրայով` բաց երկնքի տակ թողնելով պարկերով ու շշերով վտանգավոր թունաքիմիկատները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջին զայրացրեց բնապահպաններին քաղցրահամ ջրի արտահանման իր առաջարկով: Բնապահպանները չեն հասկանում, թե Հայաստանն ինչպես է խմելու ջուր արտահանելու, եթե երկրում գյուղերը կանգնած են ջրի բացակայության խնդրի առջև:
Ճահճացման և տարբեր գործարանների շահագործման հետևանքով Սևանա լճում պահպանված ձկնատեսակները տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգի տակ են, քանի որ Սևանի մակարդակը շարունակում է բարձրանալ:
Լոռու մարզի բնապահպաններն անհանգստացած են, որ Ալավերդի (Երևանից 162 կմ հյուսիս) քաղաքի մոտ գտնվող մկնդեղի գերեզմանոցն ուժեղ երկրաշարժի դեպքում կարող է հիմնովին քանդվել և երկրում բնապահպանական աղետի պատճառ դառնալ:
Լոռու մարզի գտնվող պոչամբարի մետաղական թափոնները բնապահպանական վտանգ են ներկայացնում Ճոճկան և Այրում գյուղերի շրջակայքում, և մտավախություն կա, որ հորդառատ տեղումների կամ երկրաշարժի ժամանակ կարող են անձրևաջրերի հետ խառնվելով լցվել Դեբեդը:
Գեղարքունիքի մարզի մոտ 500 բնակիչներ, փակելով Երևան-Սևան մայրուղին, բարձրաձայնեցին Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա հէկի կառուցման խնդիրը:
Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերի բնակիչները լրջորեն անհանգստացած էին գյուղերի հարակից տարածքներում ռադիոակտիվ վտանգավոր քիմիական նյութերի գերեզմանոց կառուցելու պատճառով: Ապրիլին Զանգակատան բնակիչները գյուղից պարզապես վռնդեցին մի խումբ երկրաբանների, որոնք գյուղ էին եկել վտանգավոր ռադիոակտիվ նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզ կազմելու:
Մայիսին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները STOP գրությամբ կանաչ զգեստով մոտ 40 րոպե ձեռք ձեռքի տված կանգնել էին Աբովյան փողոցի կողմում գտնվող շինհրապարակի հարևանությամբ: Նրանք փորձում էին բարձրաձայնել Երևանի Ուսանողական այգում երկու սրճարանների կառուցման նպատակով քաղաքի կենտրոնում ծառահատումների խնդիրը:
Քննարկումների տեղիք տված դելֆինարիայի շինարարությունը Երևանում շարունակվեց` չնայած Հայաստանի բնապահպանների և կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքների, որոնք պնդում են, թե Հայաստանը նման զվարճալիքի համար հարմար չէ:
Հունվար 11, 2011
