«...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՄՆԱ 100 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԹՈՒՆԱՎՈՐ ԹԱՓՈՆ, ՄԵՌՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՑԻԱՆԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ»

«...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՄՆԱ 100 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԹՈՒՆԱՎՈՐ ԹԱՓՈՆ, ՄԵՌՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՑԻԱՆԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ»

«Panorama.am»

«Սևանա լիճը Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունն է ու հանրապետության օրենսդրության համաձայն, արգելվում է լճի համար վտանգներ ներկայացնող ցանկացած գործունեություն, առավել ևս, եթե դա հանքաարդյունաբերական-վերամշակող գործունեություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «ԷկոԼուր» բնապահպանական, հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Բնապահապանն այս առնչությամբ իր մտահոգությունը հայտնեց, քանի որ, նրա խոսքով, ««չնայած գործող օրենքին, «GeoProMining» ընկերությունը պատրաստվում է լճի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման նախագիծ ներկայացնել կառավարությանը: Ձեռնարկության համալիրի մեջ են մտնում ոսկու արդյունահանման ֆաբրիկան, ցիանիդների և թունաքիմիկատների ամբարն ու ցիանային թափոնների պոչամբարը»,-ասաց Ի. Զարաֆյանը:

Նա նաև նշեց, որ ընկերությունը մի փաստաթուղթ է պատրաստել, որտեղ նշվում է, թե ոսկու արդյունահանման ֆաբրիկայի ու անվտանգ պոչամբարի կառուցումը հնարավոր է այնպես իրականացնել, որ բացառվի լճի էկոհամակարգի աղտոտումն ու դեգրադացիան, մակերեսային ու գրունտային ջրերի աղտոտումը:

Սակայն, ինչպես Ի. Զարաֆյանն է նշում, S.O.S. Սևան նախաձեռնող խմբի անդամների կարծիքով, վտանգվում է լճի գոյությունը: «Ձեռնարկությունը վտանգավոր է, ոչ միայն իր գործունեության ընթացքում, այլև ապագայում՝ կոնսերվացիայից հետո»,-նկատեց Ի. Զարաֆյանը:

«ԷկոԼուր» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահի հավաստմամբ, ընկերության հեռանալուց հետո արդյունքում կմնա 100 մլն տոննա թունավոր թափոն, հարյուրավոր հա մեռյալ տարածքներ, ցիանային գերեզմանոց, որտեղ բացի ցիանից այլ թունավոր տարրեր ու միացություններ կլինեն: իսկ դրանք, հնարավոր է, թափվեն գրունտային ջրերի մեջ, որոնք մտնում են Սևանի ջրահավաք ավազանի մեջ:

S.O.S. Սևան նախաձեռնող խումբը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, բոլոր քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային հանրությանն աջակցել Կովկասի խաղցրահամ ջրի գլխավոր պաշարներից մեկի՝ Սևանա լճի փրկության հասարակական կամպանիային: Ըստ բնապահպանի, լիճը յուրահատուկ էկոհամակարգ է՝ 33 մլրդ խմ քաղցրահամ ջրի պաշարով:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին` Ջրի համաշարհային օրը, Երևանում կայացավ հերթական բնապահպանական հեծանվաերթը: Երթի մասնակիցներն իրենց վրա կրում էին Հայաստանի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարի` Սևանա լճի պահպանմանն ուղղված պաստառներ:

Մարտ 24, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր