

«ԷկոԼուր»
Մարտի 27-ին տեղի ունեցավ Սեւանում «GEOPROMINING» ընկերության գործողությունների դեմ ուղղված ակցիան: Ընկերությունը մտադիր է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել, որի մեջ մտնում են ոսկու արդյունահանման ֆաբրիկան, ցիանիդների եւ թունաքիմիկատների ամբարը, ինչպես նաեւ ցիանային թափոնների պոչամբարը:
S.O.S. Սեւան նախաձեռնող խմբին, որը ստեղծվել է Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի ներքո, միացան երիտասարդական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ եւ գիտնականներ՝ Հայաստանի իշխանություններին կոչելով կանգնեցնել ընկերության անօրինական գործողությունները: Մամուլը լայնորեն լուսաբանեց այս միջոցառումը: Մենք հրապարակում ենք էլեկտրոնային տեղեկատվական գործակալությունների նյութերը:
«SOS» ՀԱՆՈՒՆ ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ
«Ա1+»
«ԳԱԱ-ն օգնում է Սեւանը դարձնել ցիանային գերեզման», «Սեւան' իշխանի տեղը ցիանիդ, «Ինչո՞ւ չի ծփում Սեւանը» եւ այլ ցուցապաստառներով մի խումբ երիտասարդներ, բնապահպաններ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Ակցիային մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը:
Ինչպես ասաց ակցիայի կազմակերպիչ «SOS Սեւան» երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Ալոյանը' մենք բոլորս պետք է խոչընդոտենք Սոտքի հանքավայրերի շահագործմանը: Հակառակ դեպքում, ըստ նրա' Սեւանի ավազանում ոսկու հարստացուցիչ հանքավայրը կընդլայնվի եւ բացի հանքանյութն արդյունահանելուց, այն նաեւ կմշակվի հենց տեղում: «Սեւանի մասին» օրենքով արգելված է Սեւանի ավազանին կից 250 կմ շառավղով առհասարակ որեւէ արդյունաբերական կառույց կառուցել: Իսկ «GEOPROMINING» կազմակերպությունն արդեն դիմել է ՀՀ ԳԱԱ-ին, որ հետազոտություններ կատարի ավազանում»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանեց Լիլիթ Ալոյանը:
Նա նաեւ նշեց, որ հանքավայրն ունենալու է նաեւ իր պոչամբարը, որն իրենց ներկայացնում է բունկեր, որի պաշտպանվածության մակարդակը բավականին ցածր է: Արդյունքում' վնասակար նյութերը' ցիանիդը, մկնդեղը, այսինքն' այն ամենը, ինչ կարտանետվի ոսկին մշակելուց հետո, գալու են ու լցվեն Սեւանա լիճ: «Դա կբերի էկոլոգիական աղետի»,- ահազանգում է բնապահպանը:
Երիտասարդները եւ նրանց միացած պատգամավոր Անահիտ Բախշյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը եւ շատ այլ հայտնի հասարակական գործիչներ երթով շարժվեցին դեպի ԳԱԱ' իրենց բողոքի ձայնն այնտեղ եւս հասցնելու: Նրանք «ամոթ» էին գոռում բոլոր այն պատկան մարմինների հասցեին, որոնք կհամարձակվեն իրենց համաձայնությունը տալ այդ աղետալի ծրագրին: Ի դեպ, ՀՀ Բնապահպանության նախարարությունը հանքարդյունահանության այս ծրագրի մասին դեռեւս լռում է: Ակցիայի մասնակիցները կանգ առան անեւ ԱԺ շենքի մոտ, ապա Երեւանի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի ՀՀ Կառավարություն:
Ճանապարհին երիտասարդները թռուցիկներ էին բաժանում անցորդներին ու փորձում նրանց եւս իրազեկել Սեւանի խնդրի մասին:
Բոլոր անցորդներին զարմացրել ու անակնկալի էին բերել ակցիայի մասնակիցների կանաչ, կոտոշավոր գլխարկները: Դրանք, ինչպես ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը, խորհրդանշում էին էկոմարտիկի կոտոշները եւ ցույց էին տալիս, որ արդեն. «Մեր կոտոշները դուրս են եկել, մենք արդեն մարտի ենք դուրս եկել»:
ԷԿՈԼՈԳՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆՍԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ
Աստղիկ Խաչատրյան, «Հետք»
Սևանա լիճ, ոչ թե ճահիճ», «Կապույտ Սևան, ոչ թե ցիան», «Սևանա լիճ, տագնապի ճիչ», «Բնությունը մենք ենք, եկեք ոչնչացնենք ինքներս մեզ», «Մեռյալ բնություն գոյություն չունի, բայց մեր բնությունը ուզում են սպանել» պաստառներով ու կոչերով և «SOS Sevan» վերտառությամբ գլխարկներով այսօր բողոք ցույցի էին դուրս եկել Հայաստանի էկոլոգիական կազմակերպությունների դաշինքի անդամները: Դաշինքն ընդգրկում է 35 էկոլոգիական կազմակերպություն:
Ցույցը սկսվեց նախագահական նստավայրի մոտից: Նրանք նամակ հանձնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի ընդունարան` «խնդրելով կանգնեցնել «Գեոպրոմայնինգ» ընկերության նախաձեռնած անօրինական գործունեությունը` Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման գործընթացը»: Ընկերությունը նախատեսում է շահագործել Սոտքի հանքավայրը:
Ըստ ցուցարարների` վերամշակման այդ գործարանի կառուցումը Սևանի համար սպառնում է 100 մլն տոննա ապարային թափոնակույտ, պոչամբար` թունավորված ցիանային միացություններով, ծանր և տոքսիկ մետաղներով և տարրերով`անտիմոնով, պիրիտով: Ծանր մետաղները, կուտակվելով կենդանի օրգանիզմներում, առաջացնում են բազմաթիվ արատներ, վնասում են իմունային և վերարտադրողական համակարգերը:
«Սևանը միայն Սևան չի, դա քաղցրահամ ջրի հսկայական պաշար է, որն առնվազն մատակարարում է Սևանից հարավ ընկած բոլոր տարածքները խմելու, ոռոգման ջրերով, 500 հոգի կամ 1000 հոգի աշխատանք ունեցան այնտեղ, որի արդյունքում Հայաստանի բնակչության կեսը զրկվելու է բնականոն գոյատևման իրավունքից, խմելու է թունավոր ջուր, ջրելու է թունավոր ջրով իր դաշտերը, սնվելու է այդ թունավոր ջրերի արդյունքում ստացված պտուղ-բաջարեղենով, գենոֆոնդի ոչնչացման խնդիր է դրվում»,- ասաց Կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը:
Ըստ Արմեն Դովլաթյանի` Սոտքի հանքավայրը մինչ այս շահագործվում էր Արարատի կոմբինատում, «Գեպրոմայնինգի» ներկայացուցիչներն իրենց ասել են, որ ընկերության համար շահավետ չէ հանքանյութը տեղափոխել և հետո շահագործել, դրա համար էլ ուզում են տեղում կոմբինատ կառուցել:
Ըստ էկոլոգների` «Սևանի մասին» օրենքն արգելում է նմանատիպ գործունեություն, և եթե կառավարությունը թույլ տա, նշանակում է` շուտով պետք է «Սևանի մասին» օրենքում փոփոխություն կատարվի:
Էկոլոգիական դաշինքի անդամ Մանե Հակոբյանն ասաց, որ իրենց տեղեկություններով` Գիտությունների ակադեմիայի Հիդրոլոգիայի, Երկրաբանության և էկոլոգիայի ինստիտուտներն արդեն տվել են իրենց գնահատականը, թե գործարանի կառուցումն անվտանգ է:
«Իրենք պատվեր են տվել Գիտությունների ակադեմիայի մի շարք գիտնականների, նրանք էլ փողի դիմաց արել են, ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում, դա մասնավոր ձեռնարկության կողմից պատվեր է Գիտությունների ակադեմիային, բայց Ակադեմիան, լինելով ոչ թե ՍՊԸ, այլ Ազգային ակադեմիա, բարոյական իրավունք չուներ նմանատիպ գործունեության»,- ասաց դաշինքի անդամ Սոնա Այվազյանը:
Դրա համար էլ ցույցի մասնակիցների հաջորդ «կանգառը» Գիտությունների ակադեմիան էր:
Երկու ամիս առաջ մենք նամակ ենք հղել Ակադեմիա` խնդրելով հանդիպում այն գիտնականների հետ, ովքեր զբաղվել են այդ էքսպերտիզայով, խնդրել էինք իրենց այդ գործը չվերցնել, իսկ եթե վերցնում են, թող որ հասարակական դաշինքը իրենց հետ հանդիպում ունենա և փորձեն համաձայնության եզրեր գտնել: Այդ ժամանակվանից մենք պատասխան չենք ստացել, երկրորդ անգամ մի 15 օր առաջ նամակ ուղարկեցինք, բայց էլի պատասխան չեղավ, իսկ մեկ շաբաթ առաջ նամակ է ուղարկվել նախագահին կից Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին»,- հայտնեց դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը:
Դաշինքի անդամները վստահեցնում են, որ կոմբինատի կառուցման մասին դրական եզրակացություն է տվել նաև Բնապահպանության նախարարությունը, որն ի պաշտոնե պետք է արգելեր:
Ցուցարարներն ասացին, որ փաստաթուղթը, որտեղ գրված է ծրագրի անվտանգության մասին, մարտի 2-ին քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մանսակցել են մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, սակայն Կառավարությունը հերքում է, որ իրենց նման նախագիծ է ներկայացվել: Այսօր Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նույնպես հայտարարել է, որ նման նախագիծ չի ներկայացվել:
Էկոլոգ-ցուցարարների երթն ավարտվեց Կառավարության շենքի մոտ: Այստեղ նրանց դիմավորեց Կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա ցուցարարներին խոստացավ նամակը և նրանց բանավոր բողոքները հանձնել վարչապետին և խնդիրը դարձնել քննարկման առարկա:
«ՍԵՎԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է, ԱՅԼ ՈՉ՝ ԱՌԱՆՁԻՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԽՄԲԵՐԻՆԸ»
Panorama.am
Նախագահի նստավայրի մոտից մեկնակեց Սևանա լճի փրկության S.O.S. Սևան ակցիան: Այն ուղղված է «GEOPROMINING» ընկերության դեմ, որը նախատեսում է Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել, ինչը, ակցիայի կազմակերպիչների հավաստմամբ, սպառնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը:
Այս առիթով, ակցիան անցկացնող S.O.S. Սևան նախաձեռնող խումբը (ԷկոԴաշինք), նամակներ է հանձնել մի շարք գերատեսչությունների: Ակցիան սկսվեց նախագահի նստավայրի մոտ, որտեղից մասնակիցները շարժվեցին դեպի Գիտությունների ազգային ակադեմիայի, Ազգային ժողովի, ապա կառավարության շենքեր ու նամակներ հանձնեցին: Նամակում, մասնավորապես երկրի ղեկավարի ու այլ պաշտոնատար անձանց ուշադրությունն էր հրավիրվում խնդրի կաևորության շուրջ ու նշվում էր, որ հարկավոր է դադարեցնել «GEOPROMINING» ընկերության՝ Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցելուն ուղղված գործունեությունները:
Բնապահպանները նշում են, որ ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցելը ենթադրում է նաև ոսկու արդյունահանման ֆաբրիկայի, ցիանիդների և թունաքիմիկատների ամբարի, ինչպես նաև` ցիանային թափոնների պոչամբարի առկայությունը, ինչը, նրանց հավաստմամբ, հակացուցված է, քանի որ դրա հետևանքով թունավոր թափոնները կթափվեն լիճ:
«ԷկոԼուր» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք դիմում են պետական կառույցներին՝ վերանայելու ընկերության հետ կնքած պայմանագրերը և անվավավեր ճանաչելու տրամադրած արտոնագրերը: Ըստ նրա, ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցելու միտքը «շատ վտանգավոր է», քանի որ ոչ ոք չի կարող ապահովություն երաշխավորել բնական աղետներից՝ երկրաշարժերից, սողանքներից, ինչպես նաև` այլ անվերահսկելի արտաքին գործոններից, ինչպիսիք են ահաբեկչական և ռազմական գործողությունները, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ Սոտքը սահմանակից է Քելբաջարի տարածքի հետ: Վերջում, բնապահպանը նշեց, որ «Սևանը ժողովրդինն է, այլ ոչ՝ առանձին շահագրգիռ խմբերինը»:
ԱՆՏԵՍԵԼՈՎ ՍԵՎԱՆԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՎՏԱՆԳԸ
Արթուր Հովհաննիսյան, «Հայոց Աշխարհ»
«SOS Սեւան»-ի բողոքի միջոցառումը
Երեկ, օրվա երկրորդ կեսին, էկոլոգիական հասարակական դաշինքի «SOS Սեւան» նախաձեռնող խումբը բողոքի միջոցառում էր կազմակերպել հանրապետության նախագահի նստավայրի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ազգային ժողովի եւ կառավարության դիմաց։
Ցույցի, այնուհետ մինչեւ կառավարություն շարունակված երթի պատճառն այն էր, որ չնայած գործող օրենսդրությանը՝ «Սեւանի մասին» օրենքին, «Ջրային օրենսգրքին», Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային կոնվենցիաներին եւ այլն, «Գեոպրոմայնինգ» (GEOPROMINING) ընկերությունը, անտեսելով նաեւ հասարակության դժգոհությունն ու ընդդիմությունը, պատրաստվում է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել։ Այն ներառելու է ոսկու արդյունահանման ֆաբրիկան, ցիանիդների եւ այլ թունաքիմիկատների ամբարը, ինչպես նաեւ ցիանային թափոնների պոչամբարը։
«SOS Սեւան» նախաձեռնող խմբի հավաստմամբ, վերը նշվածը նշանակում է 100 մլն տոննա ապարային թափոնակույտ, պոչամբար՝ թունավորված ցիանային միացություններով, ծանր ու տոքսիկ մետաղներով եւ տարրերով՝ մկնդեղով, անտիմոնով, պիրիտով եւ այլն։
Որոշակի դեպքերում թափանցելով ստորգետնյա ջրերի մեջ, ինչը որեւէ մեկը չի կարող բացառել, նշված թունավոր նյութերն, ի վերջո, կանցնեն Սեւանա լիճ։ Թերեւս ավելորդ է ասել, որ այդ դեպքում կթունավորվեն ոչ միայն ամբողջ Սեւանա լիճը եւ նրա կենդանական աշխարհը, այլեւ գրեթե ողջ Արարատյան դաշտը, որը ոռոգվում է Սեւանի շնորհիվ։
Ինչպես հայտնի է, ծանր մետաղները կուտակվելով կենդանի օրգանիզմներում, առաջացնում են քաղցկեղ, բազմաթիվ այլ հիվանդություններ եւ արատներ, վնասում իմունային եւ վերարտադրողական համակարգերը։
Անտեսելով վերոնշյալ բոլոր վտանգները, ընկերությունը «Սոթքի հանքավայրի տարածքում ոսկի արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում՝ հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» վերտառությամբ փաստաթղթում փորձում է ապացուցել, թե ոսկու վերամշակման ձեռնարկությունը լճի համար անվտանգ է։ Սակայն միանշանակ է, որ ոչ ոք չի կարող ապահովություն երաշխավորել բնական աղետներից, ինչպես նաեւ անվերահսկելի արտաքին գործոններից, ինչպիսիք են ահաբեկչական եւ ռազմական գործողությունները՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Սոթքը Ադրբեջանին սահմանամերձ տարածք է։
«Սեւանի իշխանի տեղը ցիան», «Բնությունը մենք ենք, եկե՜ք չոչնչացնենք ինքներս մեզ», «Օրենքը կոչված է պաշտպանելու ոչ թե ձեր անձնական, այլ հասարակության շահերը» «Սեւանա լիճ՝ տագնապի ճի»՚ եւ այլ գրություններով ցուցապաստառները պարզած բողոքի միջոցառման մասնակիցները վանկարկում էին «Հեռո՜ւ Սեւանից...»։
«Մեծարգո պարոն Նախագահ, էկոլոգիական հասարակական դաշինքի SOS Սեւան նախաձեռնող խումբը դիմում է Ձեզ խնդրանքով՝ կանգնեցնել «GEOPROMINING» ընկերության նախաձեռնած անօրինական գործունեությունը՝ Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման գործընթացը, ինչը վտանգում է Սեւանա լճի գոյությունը,- նշված է հիշյալ նախաձեռնող խմբի կողմից հանրապետության ղեկավարին հասցեագրված եւ երեկ նախագահի նստավայր հանձնված դիմումում։
«Գիտակցելով երկրի առաջ ծառացած բարդ սոցիալ-տնտեսական խնդիրները՝ տնտեսական ճգնաժամը, գործազրկությունը, բնակչության սոցիալական ծանր վիճակը, այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ չի կարելի փոխել մեր ազգային առաջնահերթությունները եւ վտանգի տակ դնել Հայաստանի եւ ողջ Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարը՝ Սեւանա լիճը»։
Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները, մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկը, եւ, ինչպես նախաձեռնող խումբն է իրավացիորեն մատնանշում.«ՙՄենք իրավունք չունենք թունավորելու յուրահատուկ էկոհամակարգը՝ 33 միլիարդ խմ քաղցրահամ ջրի պաշար ունեցող Սեւանա լիճը»։
Դիմումում նաեւ համոզմունք է հայտնվում, որ նախագահը, լինելով մեր պետականության, ազգային անվտանգության երաշխավորը, համապատասխան միջոցներ կձեռնարկի Սեւանա լիճը զերծ պահելու վտանգներից՝ ստիպելով նշված ընկերությանը եւ այս նախագծին աջակցող բոլոր շահագրգիռ կողմերին գործել օրենսդրության շրջանակներում։
Իրոք, Սեւանը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե առանձին շահագրգիռ խմբերի։
Մանրամասները ֆոտոռեպորտաժում:
Մարտ 30, 2009
