

«ԷկոԼուր»
«GeoProMining» ընկերության՝ Սեւանում ոսկու արդյունահանման ձեռնարկության նախագծի դեմ ուղղված կամպանիան թափ է հավաքում: «Де-факто» մամուլի ակումբը S.O.S. Սեւան նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին հրավիրել էր «GeoProMining» ընկերության ներկայացուցիչների հետ բանավեճի: Վերջին պահին ընկերությունը հրաժարվել էր մասնակցել բանավեճին: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ հրաժարվեց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ուղիղ եթերում քննարկել այս հարցը: Ստորեւ ներկայացված են «Де-факто» մամուլի ակումբի մամլո ասուլիսի մասին պատմող նյութերը:
Բնապահպան. Սեվանը կորցնելու դեպքում կկորցնենք ողջ Հայաստանը
Panorama.am
«Մեր պայքարն այսօր բնապահպանության նախարարության դեմ չէ, ճիշտ հասկացեք, մեր պայքարը նախարարության վրա ճնշում իրականցնողների դեմ է: Հակառակը` մենք ուզում ենք օգնել նախարարությանը»,-այսօրվա ասուլիսում հայտարարեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Ասուլիսի թեման էր «Հանո՞ւն, թե՞ ընդդեմ Սևանի», մտահոգության առիթը Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցումը: Կառավարության որոշում հարցի վերաբերյալ չկա, բայց բնապահպանները վստահեցնում են, որ «Geopromining և Գեգամետ ընկերությունները լուրջ բանակցություններ են վարում»: Ընկերության առաջարկին բացասական կարծիք են տվել բնապահապանության նախարարությունն ու ՀԿ-ները, այժմ ընկերությունը հետազոտություն անցկացնելու պատվեր է տվել ԳԱԱ մի քանի ինստիտուտների: Վերջիններիս պատասխանն էլ պարզ կլինի տարեվերջին:
Կ. Դանիելյանի ունեցած տվյալներով, Սևանի ավազանում ոսկու պաշարները գնահատվում են 40 տոննա, իսկ հանքը պետք է աշխատի 10 տարի, տարեկան 40 հազար տոննա հանքանյութ են հանում, ընկերություններից մեկը թույլտվություն է ստացել այս տարվա ընթացքում ներկրել 2.5 տոննա նատրիումի ցիանիդ և տարբեր տիպի պայթուցիկ նյութեր: «Հանքահանումը ընդլայնվում է, իհարկե խիստ բացասական երևույթ է, բայց մենք դրա դեմ չենք խոսում, չնայած դա էլ է վտանգ Սևանի համար, բայց երկրորդ փուլը, որը նախատեսվում է այստեղ բերել վերամշակումը, պոչամբարը, պահեստները… Այստեղ լինելու են ամենահայտնի թունավոր նյութերը»,-մտահոգություն հայտնեց Կ. Դանիելյանը:
Ասոցիացիայի նախագահը նշեց, որ իրենց կողմից նախկինում բարձրացված խնդիրները ևս հսկայական նշանակություն են ունեցել, բայց տեղական էին, «այս խնդիրը ամբողջ Հայաստանի խնդիրն է, եթե մենք Սևանը կորցրեցինք, դա նշանակում է, որ կորցնում ենք Արարատյան դաշտավայրը, որովհետև ոռոգման ջրերը այստեղից են գալիս, դա նշանակում է ամբողջ արտեզյան մեր համակարգն ենք կորցնում, մենք կորցնում ենք Հայաստանը: Խնդիրը շատ լուրջ է, և պատահական չէ, որ մենք դիմել ենք մեր ղեկավարությանը»,-ասաց Կ. Դանիելյանը: Նրա կարծիքով, պետք է նժարի վրա դրվեն օգուտները և վնասները, իսկ վերամշակման ձեռնարկությունների փոխարեն, պետք է զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը: «Այն կորուստները, որ մենք ունենալու ենք, 100 անգամ գերազանցելու են ակնկալվող օգուտներին»,-նշեց ասոցիացիայի ղեկավարը:
Սևանը կարող է դառնալ էկոլոգիական աղետի գոտի
Աստղիկ Խաչատրյան, «Հետք»
«Սևանի շրջակայքում կան հանքավայրեր, և խնդիր է, որ, ի վերջո, մենք Սևանի ամբողջ ավազանը տապալելու ենք, տուրիզմը, գյուղատնտեսությունը տապալելու ենք ու զարգացնելու ենք հանքարդյունեաբերությունը»,- այսօր «Դե Ֆակտո» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Բնապահպանական կազմակերպություններին անհանգստացնում է այն, որ եթե մինչև այսօր նյութի հանքահանում էր իրականացվում, ապա հիմա խոսքն այն մասին է, որ տեղում լինեն ֆլոտացիոն ֆաբրիկաներ և ամբողջ վերամշակման գործընթացն իրականացվի Սևանի ավազանում: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Գեոպրոմայնինգ» և «Գեգամետ» ընկերություններին:
«Գեգամետը», ըստ «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանի տվյալների, արդեն թույլտվություն է ստացել` շահագործելու Շորժայի և Ջիլի տունիդ-պերիդոցիտների և քրոմոքարի հանքավայրերը: Սակայն Ինգա Զարաֆյանն ասաց, որ այդ ընկերությունն ի սկզբանե չի տեղեկացրել, որ պատրաստվում է Սևանի ավազանում վերամշակում իրականացնել, դրա համար էլ Բնապահպանության նախարարությունը տվել է դրական եզրակացություն հանքի շահագործման համար: Սակայն, ըստ Ինգա Զարաֆյանի, իրենք անձամբ են տեսել, որ այնտեղ վերամշակում է տեղի ունենում: Այդ մասին հայտնել են Բնապահպանության նախարարությանը, որն ընդամենը ստուգող խումբ է ուղարկել այնտեղ, իսկ հանքերը շարունակվում են վերամշակվել տեղում: Բնապահպանության նախարարությունում հ/կ-ներին ասել են, որ վերամշակում, հավանաբար, պետք է տեղի ունենա Հրազդանում:
«Գեոպրոմայնինգը», ըստ Կարինե Դանիելյանի, դեռ չի ստացել Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման համար Սևանի ավազանում վերամշակման ֆաբրիկա կառուցելու թույլտվություն: Ըստ նրա` դեռ խորհրդային տարիներից քննարկվում է, թե ինչպես պետք է իրականացվի Սոտքի ոսկու հանքավայրի շահագործումը ու որոշում է ընդունվել, որ հանքանյութը հանվի և վերամշակվի Արարատում: Սակայն «Գեոպրոմայնինգը», գնելով այդ ողջ համալիրը, որոշել է այլևս չտեղափոխել հանքանյութը և շահագործել տեղում: Ի դեպ, նախկին տերերի նման ցանկությունը բացասական արձագանքի է արժանացել և’ հ/կ-ների, և’ բնապահպանության նախարարության կողմից:
Սոտքի հանքավայրում, ըստ Կարինե Դանիելյանի, կա 40 տոննա հանքանյութ, որը պետք է շահագործվի 10 տարիների ընթացքում: Կարինե Դանիելյանը հավելեց, որ վերամշակման գործարանի կառուցումը Սևանին սպառնում է բազմաթիվ թունավոր նյութերով` ցիանիդներ, մկնդեղ, պիրիտ և այլն: Ըստ նրա` միայն հանքանյութի հանքահանման պարագայում արդեն Սոտք գետում ալյումինի պարունակությունը 15, մանգանը` 10 է, իսկ Մասրիկ գետում մանգանի, պղնձի,երկաթի, սելենի պարունակությունը նորմայից բարձր է 2-8 անգամ:
«Եթե մենք ունենանք այստեղ նաև գործարան, դա նշանակում է, որ մենք կունենք էկոլոգիական աղետի գոտի»,- ասաց Կ. Դանիելյանը: Ըստ նրա` եթե այսօրվա տեխնոլոգիաները թույլ տան մաքուր, անթափոն արտադրություն, ապա միայն պոչամբարի առկայությունը բավական է, որ արտահոսքեր լինեն ստորգետնյա ջրավազան: «Այստեղից են սնվում Ջերմուկի հանքային ջրերը, վտանգված է նաև Սեյդլար գետը, որը հետո թափվում է Սարսանդի ջրամբարը, և ամբողջ Ղարաբաղն օգտագործում է այդ տարածքը նաև որպես խմելու ջրի աղբյուր: Եթե մենք Սևանը կորցրինք, Արարատյան դաշտավայրն ենք կորցնում, քանի ոռոգման ջրերն այստեղից են գալիս, կորցնում ենք արտեզյան ջրավազանը, կորցնում ենք Հայաստանը»,- Բնապահպանության նախկին նախարար Դանիելյանը:
Կարինե Դանիելյանը հավելեց նաև, որ այն սեյսմիկ ակտիվ գոտի է, և ցանկացած աղետ կվտանգի Սևանը: Դրա համար էլ Հայաստանի էկոլոգիական կազմակերպությունների դաշինքի «SOS Sevan» նախաձեռնող խումբը պահանջում է իշխանություններից թույլ չտալ գործարանի կառուցումը:
Չնայած բարձրացրած բողոքին, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ նախարարությունը մինչ այսօր որեւէ նախագիծ չի ստացել Սեւանի ավազանում գործարան կառուցելու վերաբերյալ. «Միգուցե ներդրողը միայն ցանկություն է հայտնել, բայց նման ցանկությունների դեպքում օրենքով սահմանված ընթացակարգերը պետք է անցնեն»:
«Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զարաֆյանը ներկայացրեց այսօր «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացրած փաստաթուղթը, որը, նրա պնդմամբ, քննարկվել է մարտի 2-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Դրան, էկոլոգի պնդմամբ, մասնակցել են մի շարք այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում բնապահպանության նախարարությունը:
Փաստաթուղթը կոչվում է «Սոտքի հանքավայրի տարածքում արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը», որտեղ գրված է, որ գործարանի կառուցումն անվտանգ է: Սակայն հասարակական կազմակերպությունների համար հասկանալի չեն անվտանգության մասին եզրակացության հիմքերը: Փաստաթղթում գրված է նաև, որ աշխատանքը «հիմնված է Գիտությունների ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության, Հիդրոլոգիայի, Բնապահպանության նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Անշարժ գույքի պետական կադաստրի հետ խորհրդակցությունների և համաձայնությունների վրա»: Ընդ որում` գործարանի կառուցման դեպքում պետք է փոխվի «Սևանի մասին» օրենքը, քանի որ Սևանի կենտրոնական գոտում և անմիջական ազդեցության գոտիներում նման աշխատանքներ իրականացնել չի կարելի:
Հասարակական դաշինքը պահանջում է` չփոխել «Սևանի մասին» օրենքը, զարգացնել մաքուր գյուղատնտեսություն և պահպանել Սևանը որպես և խմելու և ոռոգման ջուր: «Մեր պայքարը բնապահպանության նախարարության դեմ չէ, մենք պատկերացնում ենք` ինչ ճնշումների է ենթարկվում նախարարությունը, այդ ճնշումներ դեմ է մեր պայքարը, քանի որ այն կորուստները, որ մենք կունենանք, հարյուրապատիկ ավելի են նախատեսվող տնտեսական շահերի հետ համեմատ»,- ասաց Կարինե Դանելյանը: Նրանք պատրաստվում են սպասել և տեսնել, թե ինչ պաստախան կստանան նախագահից, կառավարությունից և Ազգային ժողովից: «Միգուցե լինի պատասխան, որ ձեր բարձրացրած աղմուկն ավելորդ է, մենք այդպիսի որոշում չենք պատրաստվում ունենալ»,- հույս հայտնեց Կարինե Դանիելյանը:
Հանքարդյունաբերության զարգացումը սպառնում է Սեւանին
Սոնա Հակոբյան, «ՌադիոԼուր»
Հանքարդյունաբերության զարգացումը հասել է արդեն Սեւան: Օրեր առաջ մեկնարկել է Սեւանա լճի փրկության «ՏՕՏ» Սեւան ակցիան: Ակցիան ուղղված է «Գեոփրոմայնինգ» ընկերության դեմ, որը նախատեսում է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել, ինչն, ըստ էկոլոգների, սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը:
Այս առումով, այսօր «Դե ֆակտո» ակումբում իրենց մտավախությունն են հայտնել «Հանուն կայուն մադկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանն ու «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Դիմելով պետական կառույցներին` նրանք կոչ են արել վերանայել ընկերության հետ կնքած պայմանագրերն ու անվավեր ճանաչել տրամադրված արտոնագրերը:
Կարինե Դանիելյան. «Ամբողջ Սեւանը ի վերջո տապալելու ենք, գյուղատնտեսությունը տապալելու ենք, տուրիզմը, միգրացիան տապալելու ենք, զարգացնելու ենք հանքարդյունաբերությունը, կարծես թե Հայաստանը այդ ուղին է բռնել»:
ՄԻ ԹՈՒՆԱՎՈՐԵՔ ՍԵՎԱՆԸ
«Հրապարակ»
Բնապահպանական ՀԿ-ներին մտահոգող թեմաները համալրվեցին եւս մեկով` Սեւանա լճի մաքրությանը սպառնացող վտանգով: Եթե անցած տարվա այս ժամանակ նրանք գունագեղ պաստառներով ահազանգում էին Թեղուտին սպառնացող վտանգի մասին, աշնանը` Սեւանա լճի ոչնչացման, երբ որոշվեց մեծ քանակով ջուր բաց թողնել, ապա հիմա` «Գեոպրոմայնինգ» ընկերության դեմ, որը, ըստ էկոլոգների, պատրաստվում է Սոթքի ոսկու հանքը շահագործել եւ վերամշակումն իրականացնել տեղում` կառուցելով ոսկու վերամշակման կոմբինատ: «Մենք ուզում ենք կանխարգելել հանքարդյունաբերության զարգացումը Սեւանի ափին, որով, փաստորեն, խախտվում է «Սեւանի մասին» օրենքը, եւ խիստ վտանգված է ամբողջ Սեւանի ավազանի համակարգը, որտեղ աղտոտվածության աստիճանը կարող է շատ բարձր լինել, այնտեղից արդեն ամբողջ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ջրերն են վտանգվում»,-ասաց Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Սեւանի համար չափազանց վտանգավոր է նաեւ «Գեգամետ» ընկերության գործունեությունը, որը, ըստ «ԷկոԼուր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանի, արդեն ստացել է թույլտվություն` շահագործելու Շորժայի եւ Ջիլի-տունիդ պերիդոցիտների ու քրոմոքարի հանքավայրերը: Արտադրելու են ցեմենտի որակը բարձրացնելու համար հատուկ նյութեր: «Թեեւ ընկերությունն իրավունք չունի, եւ համապատասխան փաստաթղթերն էլ ստորագրված չեն, սակայն մենք պարբերաբար տեղեկացվում ենք, որ ընկերությունը փորձում է տեղում արտադրություն կազմակերպել»,- նշեց Դանիելյանը:
Այս ընկերությունը հանքանյութի վերամշակումը, ըստ Զարաֆյանի, իրականացնում է տեղում: Իսկ բնապահպանության նախարարությունը, իբր վերամշակման մասին տեղեկացված չլինելու պատճառով, ընկերությանը թույլ է տվել շահագործել հանքը: Այնուամենայնիվ, բնապահպանները պնդում են, որ այսօրվա հիմնական մտահոգությունը Սոթքի ոսկու հանքի հնարավոր մշակումն է, որը «Գեոպրոմայնինգն» ամեն կերպ փորձում է իրականացնել: «Հեռահար կորուստները երբեք չեն գնահատում, սա գլոբալ խնդիր է, որ հիմա արտացոլվում է Սեւանում: Մի կողմից` կառավարությունը հայտարարում է առողջարար տուրիզմի, մաքուր գյուղատնտեսության զարգացման մասին, մյուս կողմից` համատարած իրականացվում է հանքարդյունահանումը եւ այնպիսի վտանգավոր տեղում, ինչպիսին Սեւանն է: Անհնար է համատեղելը»,-ահազանգում է տիկին Դանիելյանը:
Իսկ թե երբ վտանգները տեսանելի կլինեն, ասաց` վթարի դեպքում, օրինակ` ռմբակոծման (քանի որ սահմանամերձ գոտի է) ու երկրաշարժի ժամանակ միանգամից կարելի է տեսնել: Իսկ նման իրավիճակի բացակայության դեպքում վնասները տեսանելի կլինեն առաջիկա 8-10 տարիների ընթացքում:
Ըստ բնապահպանների, մեզ մոտ իշխանությունները, կառավարությունը բնապահպանական հարցերում էլ քաղաքական որոշումներ են ընդունում, այսինքն, որոշումներն իրականացնում են` առանց հաշվի առնելու բնական ռեսուրսների մեծ կորուստները: «Մեր պայքարը բնապահպանության նախարարության դեմ չէ, մեր պայքարը բնապահպանության նախարարության վրա ճնշում իրականացնողների դեմ է: Հակառակը` մենք ուզում ենք օգնել նախարարությանը»,- հորդորում էին հայրենի բնաշխարհի ապագայով մտահոգված բանախոսները:
ՎՏԱՆԳԵԼՈՎ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արթուր Հովհաննիսյան, «Հայոց Աշխարհ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դարձյալ փորձ է արվում իրականություն դարձնել Սեւանա լճի ավազանում (Սոթքի տարածքում) ոսկու կորզման կամ արդյունահանման ձեռնարկության կառուցման խիստ վտանգավոր նախագիծը։ Այդ նախագծի հետեւում կանգնած է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» («GeoProMining Gold») ընկերությունը։
Երեկ այս կապակցությամբ «Դե ֆակտո» մամուլի ակումբը լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության եւ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ եւ «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՌԱՖՅԱՆԻՆ։ Նրանք երկուսն էլ 42 հասարակական կազմակերպություն ընդգրկող էկոլոգիական հասարակական դաշինքի «SOS Սեւան» նախաձեռնող խմբի անդամ են։
Ըստ Կ.Դանիելյանի, իրենց անհանգստությունը կապված է ոչ միայն նշված ընկերության, այլեւ «Գեգամեդ» ընկերության աշխատանքների հետ, քանի որ երկու դեպքում էլ խոսքը Սեւանա լճի ավազանում հանքարդյունաբերության զարգացման, հանքաքարի մշակման մասին է։
-Եթե մինչեւ այսօր մենք ունեինք միայն հանքեր եւ հանքաքարերի արդյունահանում, հիմա խոսքը գնում է այն մասին, որ տեղում լինեն ֆլոտացիոն ֆաբրիկաներ եւ վերամշակման ամբողջ գործընթացն իրականացվի այդտեղ,- ասաց գիտնականը։
«SOS Սեւան» նախաձեռնող խմբի անդամների տեղեկացմամբ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ջանքերով լույս աշխարհ եկած «Սոթքի հանքավայրի տարածքում ոսկի արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում՝ հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» վերտառությամբ փաստաթուղթը ս.թ. մարտի 2-ին քննարկվել է տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը մասնակցել են բնապահպանության եւ շահագրգիռ այլ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԳԱԱ էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի եւ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ինչպես նաեւ հենց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարները։ Եւ դա այն դեպքում, երբ «Սեւանա լճի մասին» օրենքը հստակ արգելում է Սեւանա լճի ջրահավաք ավազանում այնպիսի արդյունաբերական օբյեկտների կառուցումը եւ շահագործումը, ինչպիսին է ոսկու արդյունահանման ձեռնարկությունը։
Սակայն, ըստ Կ.Դանիելյանի, իրենց հասած տեղեկությունների համաձայն, շահագրգիռ ընկերությունը եւ պետական պաշտոնյաները Ազգային ժողովում լոբբինգ ծավալելով փորձելու են հասնել նրան, որ օրենքում փոփոխություններ կատարվեն, արգելող դրույթը հանվի։
Խորհրդային ժամանակներում պետական համապատասխան պաշտոնյաները հիմար չէին ու շատ լավ գիտեին, որ ոսկու հանքաքարը, երկաթուղով Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն տանել-մշակելու փոխարեն տեղում (Սոթքի տարածքում) մշակելն ու ոսկի կորզելը կարճաժամկետ հատվածում տնտեսապես ավելի ձեռնտու է։ Սակայն նրանք այդ քայլին չգնացին՝ հաշվի առնելով ե՛ւ էկոլոգիական վտանգը, ե՛ւ երկրի տնտեսական շահերը երկարատեւ ժամանակահատվածում։
Մինչդեռ այսօր «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, Կ.Դանիելյանի հավաստմամբ, չի ցանկանում լրացուցիչ վճարներ կատարել ու տեղափոխել հանքաքարը, ուզում է ոսկու արդյունահանման ֆաբրիկան կառուցել տեղում։ Սա է ամբողջ խնդիրը, իսկ գերշահույթներ ստանալու ընկերության ձգտումը բավարարելը նշանակում է ոսկու կորզման ընթացքում օգտագործվող թունավոր նյութերով (նատրիումի ցիանիդ, մկնդեղ, անտիմոն, սուրմա, պիրիտ, որն առաջացնում է ծծմբական թթու) թունավորման վտանգի տակ դնել ամբողջ Սեւանա լիճը եւ նրա ջրերով ոռոգվող Արարատյան դաշտը։
Գիտնականը կասկած չունի, որ այդ բոլոր թունավոր նյութերը ուշ թե շուտ կհայտնվեն Սեւանա լճում։
-Ներկայումս,- նկատեց նա,- դեռեւս օգտագործվում է միայն հանքը՝ առանց հանքաքարի վերամշակման։ Սակայն այսօր Սոթք գետում ալյումինիումը 15 անգամ նորմայից բարձր է, մանգանը՝ 10 անգամ։ Այս բոլոր նյութերը Մասրիկ գետ են գալիս։
Թերեւս բոլորին էլ հայտնի է, որ Մասրիկ գետը լցվում է Սեւանա լիճ։ Կ.Դանիելյանի տեղեկացմամբ, Մասրիկ գետում քրոմի, վանադիումի, պղնձի, երկաթի, սելենի պարունակությունը նորմայից բարձր է 2-8 անգամ։
Թեեւ բնապահպանության նախարարը վերջերս ասել է, որ Սոթքում նման ձեռնարկություն կառուցելը գուցե ինչ-որ մեկի ցանկությունն է, բայց իրենց նման նախագիծ չի ներկայացվել, սակայն սա կա՜մ բացահայտ սուտ է, կա՜մ հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու է նմանվում՝ լրագրողներին Ի.Զառաֆյանի ներկայացրած «Սոթքի հանքավայրի տարածքում ոսկի արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում՝ հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» փաստաթղթի լուսապատճենին ծանոթանալուց հետո։
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության պատրաստած փաստաթղթի 2-րդ էջում հստակ նշված է, որ այդ փաստաթղթով ներկայացվող աշխատանքը հիմնված է բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաեւ մի քանի ինստիտուտների եւ ընկերությունների խորհրդատվությունների եւ համաձայնությունների վրա։
Ապրիլ 03, 2009
