S.O.S. ՍԵՎԱՆ՝ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

S.O.S.  ՍԵՎԱՆ՝ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

«ԷկոԼուր»

Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ

Սույն թվականի հունիսի 4-ին Բնապահպանական տեղեկատվության Հասարակական (ՕՐՀՈՒՍ) Երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ S.O.S. Սեւան հասարակական շարժման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիս՝ նվիրված Սեւանա լճի յուրահատուկ էկոհամակարգի պահպանմանը:

Ներկայացնում ենք մամուլում տպագրված ասուլիսին նվիրված նյութերը:

ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԱՂՄՈՒԿ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Անահիտ Փիլոսյան, «Հայք» օրաթերթ

Սեւանի խնդրով անհանգստացած բնապահպանական կազմակերպությունները չեն դադարեցնում պայքարն ընդդեմ Սոթքում ոսկու հարստացման ֆաբրիկայի կառուցման: Չնայած «Գեոպրոմայնինգ» ընկերությունը դեռ աշխուժություն չի  ցուցաբերել ֆաբրիկայի կառուցման հարցում, սակայն S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը համոզված է, որ պայքարի թուլացումը կարող է խնդրի հասարակական հնչեղության նվազման բերել, ինչն էլ պարարտ հող է ստեղծում ընկերության նպատակների իրագործման համար:

Շրջակա միջավայրի օրը` հունիսի 5-ը, S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը որոշել էր այս տարի նշել Սեւանի խնդրին նվիրված քննարկմամբ: «Էկոլուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը հանդիպման սկզբում նշեց, որ իրենց նախորդ ակցիաներից հետո հետաքրքրությունը խնդրի նկատմամբ աճել էր, եւ անընդհատ հարցնում էին, թե ինչ արդյունքներ տվեցին Սեւանի խնդրով մտահոգ  բնապահպանների գործողությունները:

S.O.S. Սեւան խումբը երեկ արդեն փաստում էր, որ իրենց մեկամյա ակտիվ շարժման արդյունքում Սոթքի նախագծի մասին սկսեցին խոսել հասարակության լայն շրջանակները, արձագանքեցին այն պաշտոնյաները, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են այս հարցին: «Բոլորին պարզ դարձավ, որ սա զուտ բնապահպանական խնդիր չէ,  սա ազգային անվտանգության եւ ապրելու խնդիր է»,- ասաց Ինգա Զարաֆյանը:

Պաշտոնական տեղեկատվությունն առայժմ բնապահպաններին չի վախեցնում, բայց նաեւ չի հանգստացնում: Օրինակ` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ նման ֆաբրիկայի կառուցման թույլտվություն չեն տա, բայց ահա Սերժ Սարգսյանը 2009թ.  ապրիլի 29-ին` Գեղարքունիքի մարզի բնակչության հետ հանդիպման ժամանակ, բառացի ասել էր հետեւյալը. «Եթե դա օգուտ է տալու, հավանություն տալու ենք, եթե վնաս` չենք տալու»: Այսինքն`պատասխանը կտրուկ, ժխտողական չէ, ինչն էլ դեռ մտահոգվելու առիթ է տալիս:

Մյուս կողմից էլ նախագահին առնընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը երեկ պատմում էր, որ հանձնաժողովում իրեն վստահեցնում են՝ եթե կա օրենքի սահմանափակում, թույլտվություն չի տրվի: Մի բանում, համենայնդեպս, բնապահպանները համոզված են, որ այս ծրագրի հետեւում լուրջ պաշտոնյաներ են կանգնած, եւ մեծ գումարներ են շրջանառվում:

Ակնհայտ է նաեւ, որ Սեւանի ավազանում նման ֆաբրիկայի կառուցումը լուրջ վտանգներ է ներկայացնում, եւ ի տարբերություն մեր իշխանությունների, միջազգային հանրությունը գիտակցում  է հարցի կարեւորությունը: «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը տեղեկացրեց, որ դեռ 2008թ. S.O.S. Սեւանի կոչերին արձագանքեցին միջազգային այնպիսի հեղինակավոր հասարակական-բնապահպանական կազմակերպություններ, ինչպիսիք են IPEN-ը, UNDP-ը, ADB-ը: «Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Սեւանը ոչ թե մերն է, այլ նրանցը»,-ասում էր Ելենա Մանվելյանը:

«Գեոպրոմայնինգ» ընկերության գործադիր տնօրեն Դիմա Կալանդաձեի եւ նրա դուստր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վարդան Վարդանյանի այն հայտարարությունները, թե գործարանը  Արարատից Սոթք չտեղափոխվելու դեպքում Սոթքի հանքավայրը չի շահագործվի, Սեւանի պաշտպաններին վստահություն չի ներշնչում: «Մենք չենք հավատում, որ ընկերությունը կփակի հանքերը, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ  ընկերությունը ոչ միայն սկսել է դրանք շահագործել, այլ շահագործում է բաց եղանակով: Ինչպես հայտնի է, Սոթքի հանքավայրերը պետք է օգտագործվեն խառը` փակ եւ բաց եղանակներով»,- հայտնեց Ինգա Զարաֆյանը:

Հասկանալի է, որ նման եղանակով շահագործումն արդեն սկսել է բացասաբար ազդել Սեւանի վրա, եւ, ինչպես բնապահպաններն են նկարագրում, փոշու ամպ է գոյացել: S.O.S. Սեւան խմբի անդամներին մտահոգում է նաեւ այն փաստը, որ ընկերությունը ցիան է  տեղափոխում Վրաստանից եւ ճանապարհն անցնում է Սեւանի մայրուղիով, այսինքն` նաեւ ջրային օբյեկտի կողքով, ինչն ուղղակիորեն արգելվում է օրենքով:

Ելենա Մանվելյանը նշեց, որ այսօր աշխարհում միտումնավոր  տարածվում է այն կարծիքը, թե ցիանները, շրջակա միջավայր ընկնելով, արագ քայքայվում են, հետեւաբար վտանգավոր չեն, այնինչ մասնագետները պնդում են, որ մեծ մասը այնպիսի միացություններ են ստեղծում, որոնք շատ երկար ժամանակ են պահպանվում եւ շատ վտանգավոր են օրգանիզմի համար: Նա հիշեց մի օրինակ. «1992թ. Կոլորադո նահանգում  ոսկու հանքի շահագործման հետեւանքով 17 մղոն շառավղով կենդանի օրգանիզմները ոչնչացան: Պահանջվեց 6 տարի եւ 100մլն դոլլար, որպեսզի քիչ թե շատ միջավայրը վերականգնվի»:

Բնապահպանության նախարարությունն այս հարցին դեռ չի արձագանքել: Բնապահպանների կարծիքով, եթե կորցնեն վերահսկողությունը ընկերության վրա, 3մլն տոննա հանքաքարի փոխարեն, ինչպես պաշտոնապես հայտարարվել է, 10 անգամ ավելի շատ կհանվի: Եւ որպեսզի այդ վերահսկողությունը չկորցնեն ընկերության վրա, պատրասվում են մոնիտորինգ իրականացնել «Գեոպրոմայնինգ»-ի գործունեության վերաբերյալ:

Մի խոսքով,  պայքարի թուլացում չեն նախատեսում: Մինչ այս, նշենք, որ բնապահպանները հանդիպել են Սեւանի ավազանում գտնվող Մարտունու, Գավառի, Ծովագյուղի բնակիչների հետ: «Թռչնասերների կենտրոնի» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի խոսքերով, տեղի բնակչությունը նույնիսկ տեղյակ չէր, որ այդպիսի բան է ծրագրվում, սակայն երբ համոզվեցին, որ այդպիսի ծրագիր կա, հայտարարեցին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա: Սեւանի ափին օբյկետների տերերը եւս շատ կտրուկ են արձագանքել եւ ասել են, որ այդպիսի բան թույլ չեն, ընկերութան ճանապարհն ուղղակի կփակեն:

«Ավելի շատ հանդիպումներ պետք  է ունենանք, որովհետեւ բացի պաշտոնատար անձանցից ժողովուրդը բացարձակապես տեղյակ չէ»,-վստահեցնում էր Սիլվա Ադամյանը: Բնապահպաններն իրենց այդպիսի ակտիվ գործունեությունը բացատրում են այսպես. «եթե չաղմկենք, ավելի լուրջ քայլեր կձեռնարկի ընկերությունը»: Կարինե Դանիելյանն էլ նույնիսկ կատակեց, թե իրենք պրոֆիլակտիկ աղմուկ են բարձրացնում:

S.O.S. ՍԵՎԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲԸ ՆՈՐ ԱԿՑԻԱ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Panorama.am

S.O.S. Սևան նախաձեռնող խումբը նախապատրաստում է աշնանային ակցիա անցկացնել: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: Նրա խոսքով, ակցիան  անցկացվելու է մի քանի ուղղություններով: Առաջին հերթին անցկացնելու է «GeoProMining» ընկերության գործունեության հասարակական մոնիտորինգ՝ բնապահպանական պարտավորությունների կատարման ուղղությամբ: «Մենք մտադիր ենք կատարել նման ձեռնարկությունների գործունեության միջազգային փորձի ուսումնասիրություն, շարունակել հասարակության լայն շերտերին տեղեկացնել Սոտքի նախագծին առնչվող իրադարձությունների մասին և շարունակել ստորագրահավաք»,- ասաց Ի. Զարաֆյանը:

Նա հիշեցրեց, որ 2008թ. աշնանը S.O.S. Սևան կոչին աջակցել են միջազգային էկոլոգիական և հասարակական ցանցեր, այդ թվում՝ IPEN, WECF, Forum NGO on ADB: Բացի այդ, աջակցության նամակներ են ստացվել Ղրղզստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Չեխիայից, Բուլղարիայից և այլ երկրներից:

Իսկ այս տարվա մարտին հայտնի է դարձել, որ «GeoProMining» ընկերությունը պատրաստել է «Սոտքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» անվանմամբ մի փաստաթուղթ՝ հիմնված Հայաստանի ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնի, ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, ԳԱԱ Կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության կենտրոնի հետազոտությունների վրա: Նա նկատեց, որ այդ փաստաթուղթը, փաստացիորեն, ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի նախագծային փուլը միայն:

Այս առիթով, S.O.S. Սևան նախաձեռնող խումբը կազմակերպել է բողոքի ակցիա, որի ընթացքում երկրի բարձրաստիճան ղեկավարներին հղվել են նամակներ պահանջով՝ կանգնեցնել Սոտքում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման նախագծի գործընթացը և թույլ չտալ «Սևանա լճի մասին» հանրապետության օրենքում ամրագրված՝ Սևանա լիճի ավազանում հանքավերամշակման գործունեության արգելքը փոփոխության ենթարկել:

Նշենք, որ ապրիլի 15-ին էլ նախաձեռնող խումբը Սոտքի նախագծին նվիրված հասարակական լսումներ է կազմակերպել, որին մասնակցել են 200-ից ավելի ներկայացուցիչներ նախագահի վարչակազմից, պառլամենտական խմբակցություններից, քաղաքական կազմակերպություններից, բնապահպանության, գյուղատնտեսության, մշակույթի, տարածքային կառավարման նախարարություններից, ստեղծագործական միություններից, միջազգային կազմակերպություններից, գիտահետազոտական ինստիտուտներից, ԲՈՒՀ-երից, մարզերից: Լսումների ընթացքում սկսվել է S.O.S. Սևան կոչով ստորագրահավաք:

ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ
Աստղիկ Խաչատրյան, «Հետք»

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց, որ Սևանը փրկելու նպատակով էկոլոգիական կազմակերպությունների վարած քարոզարշավի արդյունքում արդեն ապրիլի վերջին սկսեցին արձագանքել պետական կառույցները, որոնք այս կամ այն կերպ պետք է իրենց համաձայնությունը և դրական եզրակացությունը տան, որպեսզի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Սևանի ավազանում Սոտքի ոսկու արդյունահանման գործարան կառուցի:

«Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեմ արտահայտվեց Սոտքի նախագծին, դեմ արտահայտվեցին նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Սևանին կից հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ևս դեմ արտահայտվեց, բայց զգուշությամբ. նա ասաց, որ դա կոմերցիոն պրոյեկտ է, մենք դրան չենք անդրադառնա, քանի որ օրենքը նման պրոյեկտի իրականանցում թույլ չի տալիս, և վերջապես արձագանքեց  նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Գեղարքունիքի մարզի բնակչության հետ հանդիպմանը ասաց, որ եթե դա օգուտ է տալու, մենք հավանություն կտանք, եթե վնաս` չենք տա»,- պատմեց Ինգա Զարաֆյանը:

Նախագահի ասածից Ինգա Զարաֆյանը եզրակացություն  է արել, որ նախագահը ոչ թե լիովին դեմ է  Սոտքի նախագծի իրականացմանը, այլ նրան պետք են ավելի ծանրակշիռ ապացույցներ: Ըստ Ինգա Զարաֆյանի` այդ ապացույցները հավաքելու համար էլ այս պահին «Գեոպրոմայնինգ» ընկերությունն ուսումնասիրություններ է կատարում, որոնք ավարտվելու են այս տարվա հոկտեմբերին: Դրանից հետո, Ինգա Զարաֆյանի կանխատեսմամբ, կրկին կսկսվի Սոտքի նախագծի լոբբին, այդ թվում ընկերությունը կաշխատի նաև «Սևանա լճի մասին»  օրենքը  փոխելու ուղղությամբ:

Ինգա Զարաֆյանը պատմեց, որ «Գեոպրոմայնինգ» ընկերության գործադիր տնօրեն Դիմա Կալանդադձեն և «ՋՓՄ Գոլդ»  դուստր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ եթե իրենց թույլ չտան գործարանը տեղափոխել Սոտք, ապա իրենք կհրաժարվեն Սոտքի հանքավայրի շահագործումից: Հիշեցնենք, որ այժմ Սոտքից  հանքանյութը տեղափոխվում է եւ մշակվում է Արարատում:

«Մենք չենք հավատում, որ այդ ընկերությունը կհրաժարվի հանքավայրի շահագործումից, քանի որ վերջին իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ ընկերությունը ոչ միայն այն սկսել է շահագործել, այլ սկսել է շահագործել` բացելով փակ հանքահորերը: Բաց ձևով վերամշակումը ամենավտանգավորներից է, քանի որ ողջ փոշին գնում է լճի մեջ ու դա դեռ խոսքը գործարանի կառուցման մասին չէ»,- ասաց Ի.Զարաֆյանը:

Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց նաև, որ Վարդան Վարդանյանը հաստատել է իրենց ունեցած այն տեղեկատվությունը, որ Վրաստանից բերված ավտոմեքենաներով ցիանը տեղափոխվում է Արարատ Սևանի մայրուղով, որը, ըստ Ինգա Զարաֆյանի, նույնպես շատ վտագավոր է, քանի որ ցիանը չի կարելի տեղափոխել բնակեցված շրջանների և ջրամբարների մոտով: SOS Սեւան խումբը դիմել է Բնապահպանության նախարարությանը, նախարարությունից խոստացել են պարզել, սակայն այդպես էլ խումբը պատասխան չի ստացել:

«էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի  նախագահը հավալեց նաև, որ այնպիսի ընկերությունները, ինչպիսին է «Գեոպրոմայնինգը», գալիս են Հայաստանի նման երկրներ, արագորեն շահագործում են հանքերը, տեղում թողնելով ավերված հսկայական տարածքներ, եւ հեռանում:

«Իսկ այնտեղ տարածքն իսկապես փոքր չէ, քանի որ ընկերությունն այժմ արդյունահանում է տարեկան 500 000 տոննա հանքանյութ,  բայց ուզում է այդ ծավալները հասցնել մինչև 3 մլն տոննայի: Այդ դեպքում մեր լճում կկուտակվեն  ծանր մետաղներ և թունավոր նյութեր ու մենք կկորցնենք 33 միլիարդ խորանարդ մետր ծավալով քաղցրահամ ջրի պաշարները»,- ասաց նա:

Ինգա Զարաֆյանը  «Հետք»-ին ասաց նաև, որ Վարդան Վարդանյանը խոստովանել է, որ Սոտքի հանքավայրում կա ոչ թե 40 տոննա ոսկի, որի մասին դեռ 2005թ. էր հայտարարվում, երբ հանքավայրը շահագործվում էր հնդկական կազմակերպության կողմից, այլ մոտ 200 տոննա, իսկ ռուսական փորձագետների կարծիքով՝  անգամ ավելի շատ:

«Եթե անգամ  հաշվված չէ, թե ինչքան ոսկի կա Սոտքի հանքավայրում, ապա ինչպե՞ս կարելի է խոսել գործարանի կառուցման տնտեսապես շահավետ կամ անշահավետ լինելու մասին»,- հարցնում է տիկի ն Զարաֆյանը: Ինգա Զարաֆյանը չի բացառում, որ նոր հանդես եկած այդ ցուցանիշներով է պայմանավորված պետական կառույցների դիրքերի կոշտացումը նախագծի իրականացման նկատմամբ:

SOS Սեւան խմբի մտագոհությունը նաև այն է, որ եթե «Գեոպրոմայնինգ» ընկերությունը հասնի իր նպատակին, ապա դա ճանապարհ կբացի այլ ընկերությունների համար, որոնք նույնպես ցանկանում են նման գործունեություն ծավալել:

Այս ամենը հաշվի առնելով` SOS Սեւան խումբը պատրաստվում է իր գործունեությունը ծավալել մի քանի ուղղություններով` կատարել ձեռնարկությունների գործունեության միջազգային փորձի ուսումնասիրություն, անցկացնել  «Գեոպրոմայնինգ» ընկերության գործունեության հասարակական մոնիտորինգ` պարզելու, թե ընկերությունն ինչքանով է կատարում իր բնապահպանական պարտավորությունները, «Սևանա լճի մասին» օրենքի փոփոխությունը թույլ չտալու նպատակով շարունակել հասարակական շերտերին տեղեկացնել Սոտքի նախագծին առնչվող իրադարձությունների մասին և շարունակել ստորագրահավաք:

Նշենք, որ SOS Սեւան խմբի համար միակ ընդունելի տարբերակն է, որ ոսկու հանքերի վերամշակումը տեղի ունենա Արարատում:

ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
www.aysor.am

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ S.O.S. Սևան նախաձեռնող խմբի ներկա և ապագա գործողություններն առաջնորդվում են պետական այրերի և կազմակերպությունների, ինչպես նաև` այլ շահագրգիռ կողմերի դիրքորոշումներով:

Նա նշեց, որ «GeoProMining» ընկերության գործադիր տնօրեն Դիմա Կալանդադձեն և «GPM Gold» դուստր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վարդան Վարդանյանը հայտարարեցին, որ Սոտքի հանքավայրի շահագործումը շահավետ է, եթե ձեռնարկությունը գտնվում է Սոտքի տարածքում, և եթե ձեռնարկության կառուցման համար թույլտվություն չտրվի, ապա ընկերությունը կհրաժարվի նաև Սոտքի հանքավայրի շահագործումից: Ներկայումս ընկերության պատվերով, ըստ Զարաֆյանի, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետազոտությունները շարունակվում են և, հավանաբար, կավարտվեն աշնանը:

«Իսկ այս տարվա ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի բնակչության հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոտքի նախագծի վերաբերյալ ասաց. «Եթե դա օգուտ է տալու, հավանություն տալու ենք, եթե վնաս, չենք տալու»: Այսինքն` նա հստակ ոչինչ չասաց»,- հայտնեց Ի. Զարաֆյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն իրենց հավաստել է, որ ԱԺ-ում խոսում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորության մասին:

Ինգա Զարաֆյանն անդրադարձավ նաև այլ պաշոտնատար անձանց հայտարարություններին, մասնավորապես, նա մեջբերեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքերը, որ այս փուլում օրենսդրությունն արգելում է վերամշակող ձեռնարկության կառուցումը Սևանի ավազանի տարածքում:

«Ելնելով այդ դիրքորոշումներից` նախաձեռնող խումբը նախապատրաստում է աշնանային կամպանիան անցկացնել մի քանի ուղղություններով: Նախ մենք մտածում ենք կատարել նման ձեռնարկությունների գործունեության միջազգային փորձի ուսումնասիրություն, անցկացնել «GeoProMining» ընկերության գործունեության հասարակական մոնիթորինգ` բնապահպանական պարտավորությունների կատարման ուղղությամբ, շարունակել հասարակական լայն շերտերին տեղեկացնել Սոտքի նախագծին առնչվող իրադարձությունների մասին և շարունակել ստորագրահավաքը»,- ասաց նա:

«SOS ՍԵՎԱՆ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՊԱՅՔԱՐԸ
Սոնա Հակոբյան, «Ռադիոլուր»


Սեւանի ավազանին սպառնացող հիմնական վտանգներից է հանքարդյունաբերության հետեւանքով առաջացող ծանր եւ տոքսիկ մետաղներով խմելու ջրի աղտոտումը: Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության եւ պոչամբարի կառուցման Սոտքի նախագիծը մտադիր է իրականացնել «Գեոփրոմայնինգ» ընկերությունը: Նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի նեղ շրջանակում եւ փակ էր հասարակության համար:

Այսօր արդեն «SOS Սեւան» շարժման շնորհիվ Սոտքի նախագիծը դուրս է բերվել բարձրաստիճան պաշտոնյաների նեղ շրջանակից եւ քննարկման է դրվել լայն հասարակության առաջ: Մարտի 27- ին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ երկրի բարձրաստիճան ղեկավարներին հղվեցին նամակներ` պահանջով կանգնեցնել Սոտքում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման նախագծի գործընթացը եւ թույլ չտալ «Սեւանա լճի մասին» օրենքում փոփոխություն կատարել:

Սոտքի նախագծի խնդրին հրապարակայնորեն արձագանքնեցին այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են Սեւանա լճի համար: Խախտելով լռությունը` «Գեոփրոմայնինգ. ընկերությունը եւս մասնակցեց հրապարակային բանավեճերին: Այսպիսով՝ ապրիլին կազմակերպվեցին հասարակական լսումներ, որին մասնակցեցին պետական կառույցների, միջազգային կամակերպությունների, ԲՈՒՀ-երի, հանրապետության մարզերի ավելի քան 200 ներկայացուցիչներ:

Ի վերջո՝ ինչպես այսօրվա ասուլիսում նշեց «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, Սեւանի խնդիրը ոչ թե էկոլոգիական խնդիր է, այլ գոյատեւման հարց ու ազգային անվտանգության խնդիր։

«Մենք նույնիսկ չէինք էլ սպասում, որ նման բուռն արձագանք կստանանք հասարակության կողմից։ Հասարակական լսումների ընթացքում սկսվեց ստորագրահավաքն ընդդեմ այդ նախաձեռնության եւ ի պաշտպանություն Սեւանի, որի արդյունքում մենք այսօր ունենք ավելի քան 1600 ստորագրություն»:

Ի դեպ՝ ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի բնակչության հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Սոտքի նախագծի վերաբերյալ ասաց. «Եթե դա օգուտ է տալու, հավանություն տալու ենք, եթե վնաս, չենք տալու»:

«SOS Սեւան» նախաձեռնող խմբի անդամները վստահեցնում են, որ շարունակելու են պայքարը: Ի վերջո՝ բնապահպաններն ընդամենը պահանջում են հարգել օրենքը, զարգացնել գյուղատնտեսությունը, տուրիզմը, ինչպես նաեւ պահպանել Սեւանը։

Հունիս 05, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր