

ԷկոԼուր
ԷկոԼուրն ահազանգ ստացավ, որ Սևանա լճի մակարդակն այս օրերին կտրուկ իջնում է: Ինչպես մեզ հայտնեցին Վանիկ Գաբրիելյանն ու Աննա Մարտիրոսյանը, ովքեր ուսումնասիրում են Սևանա լճի բուսականությունը, նրանք ժամանել են Շորժայի ափ հոկտեմբերի 9-ին: Ուսումնասիրություններ անցկացնելով ափամերձ գոտում՝ իրենք մի քանի անգամ իջել են լճի միևնույն տեղը քարերի վրայով: «Երկու օրվա ընթացքում մենք արձանագրեցինք, որ ջրի մակարդակը կտրուկ իջնում է: Դա լավ երևում է մերկացած քարերի միջոցով: Մենք չենք կարող հստակ պնդել՝ որքան է իջել մակարդակը, մենք հիդրոլոգներ չենք և չունենք չափիչ սարքավորումներ: Բայց մենք անհանգստացած ենք, քանի որ լավ ենք հիշում անցյալ տարվա պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, որ լիճը բարձրանում է շատ արագ, և որ մակարդակը պետք է կառավարել», - ասացին նրանք ԷկոԼուրի հետ հեռախոսային զրույցի ժամանակ: Կառավարության որոշմամբ, այս տարի ջրբացթողումները Սևանա լճից սահմանափակվել են 170 միլիոն խմ-ով և պաշտոնապես դադարեցված են հոկտեմբերից: ԷկոԼուրը դիմում է «Հայպետհիդրոմետ» ծառայությանը՝ խնդրելով տրամադրել Սևանա լճի մակարդակի տատանման ցուցանիշները 2015 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերի առաջին կեսին:
Հոկտեմբեր 13, 2015 at 16:47
