ԷկոԼուր
Հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը իջավ 10 սմ-ով: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 149.828 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը, հասավ հունիսին: Հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.81մ:
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության «Հայաստանի Հանրապետության գետերի 2017թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» պաշտոնական փաստաթղթի համաձայն սույն թվականի ապրիլին կանխատեսվում էր, որ Սևանա լճի մակարդակը 2017թ-ի հուլիսի 1-ին կարող է հասնել մինչև 1901մ նիշը:
«Հիմք ընդունելով եղանակի եւ Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերեւույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան 8 ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի նախատեսված քանակը՝ 130մլն.խոր.մ և ոռոգման նպատակով լճից ջրառը՝ 170մլն.խոր.մ, 2017թ. հուլիսի 1- ին 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 42-47սմ-ով (1900.95-1901. 00մ սահմաններում), իսկ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ
լճի մակարդակը կանխատեսվում է 1900.71-1900.76 մ սահմաններում, որը 2017թ. հունվարի 1-ի համեմատ բարձր կլինի +25....+30 սմ-ով»,- նշված էր փաստաթղթում:
Իրականում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է հոսել 80.018 միլիոն խմ ջուր, իսկ Սևանից ջրառը 2017թ-ին 170 միլիոն խմ-ի փոխարեն կազմելու է 270 միլիոն խմ: Թե քանի սանտիմետրով Սևանը կբարձրանա 2017թ-ին, սա հարց է, որի պատասխանը դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ հուլիսի 24-ի դրությամբ Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է ընդամենը 7 սմ-ով,2016թ-ի հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.74մ:
Նշենք, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար հաշվարկված է լճի մակարդակը բարձրացնել մինչև 1905 մ` հաշվի առնելով ալիքի բարձրությունը:
Հուլիս 24, 2017 at 16:00