ԹՈՒՆԱՎՈՐ ՏԱՐՐԵՐ՝ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱԶԵՐԻ ՄԵՋ

ԹՈՒՆԱՎՈՐ ՏԱՐՐԵՐ՝ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱԶԵՐԻ ՄԵՋ

 Ա.Մարտիրոսյան,  Հայոց Աշխարհ
 
Հայաստանում հանքարդյունահանման բուռն, գործնականում անկանոն եւ անվերահսկելի զարգացման, բնապահպանական նորմերի ու պահանջների խախտման հետեւանքով, օրինակ, Քաջարան քաղաքում թունավոր հատկությամբ ծանր մետաղների գերքանակ է հայտնաբերվել նույնիսկ երեխաների մազերի մեջ:
  
Ըստ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտնականների (Ա. Սաղաթելյան, Վ. Գեւորգյան, Ա. Արեւշատյան, Լ. Սահակյան), ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտումը նախեւառաջ երեխաների վրա է ազդում. «Հասակ է առնում թուլացած մարդկանց մի սերունդ՝ զգայուն վարակների նկատմամբ, նորագոյացությունների զարգացման բարձր ռիսկով»։
  
Ավելի վաղ, Երեւանին առնչվող մի շարք ուսումնասիրությունների համաձայն, ծանր մետաղներով, մասնավորապես կապարով եւ պղնձով հողի ու մթնոլորտի աղտոտումը հանգեցնում է պրենատալ մահացության դեպքերի աճի, երեխաների բժշկակենսաբանական մի շարք ցուցանիշների խախտման։
  
Վերոհիշյալ կենտրոնի մասնագետները հետազոտել են Քաջարանում բնակվող 12 եւ Լեռնաձոր գյուղի 5 երեխաների մազեր։ Համեմատած պայմանական ֆոնի, Քաջարանում ապրող երեխաների մազերի մեջ հայտնաբերվել է կադմիումի եւ մկնդեղի առավել բարձր պարունակություն։
 
Ֆոնային գերազանցումների առավելագույն ցուցանիշներով առանձնանում է հատկապես մկնդեղը, որի պարունակությունը աղջիկների շրջանում բարձր է ֆոնից (63 տոկոս)։ Մկնդեղի (արսենիումի) առավելագույն արժեքը, որ գրանցվել է աղջիկներից մեկի մազերի մեջ, ֆոնը գերազանցում է 13 անգամ։ Նույն երեխայի մազերի մեջ կադմիումը ֆոնը գերազանցել է 1,4 անգամ։ Մկնդեղ հայտնաբերվել է տղաների 50 տոկոսի մազերի մեջ (ֆոնը գերազանցել է 1,2-7,9 անգամ)։
 
Հետազոտված մի աղջնակի մազերի մեջ պղնձի պարունակությունը ֆոնը գերազանցել է 2,9 անգամ։ 0,37 մգ/կգ խտությամբ մոլիբդեն է հայտնաբերվել աղջիկներից մեկի մազերի մեջ, նիկելի խտությունների սահմանը տղաների շրջանում եղել է 2,4-6,7 մգ/կգ, սակայն այդ տարրերի պարունակության համար գրականության մեջ ֆոնային նիշեր չկան, ուստի այս առումով դժվար է կողմնորոշվել։ Ինչ վերաբերում է Լեռնաձորին, ապա հետազոտված աղջիկներից մեկի մազերի մեջ կադմիումի պարունակությունը ֆոնը գերզանցել է 1,7 անգամ։
  
Անհամեմատ անհանգստացնող արդյունքներ են ստացվել կադմիումի պարունակության վերաբերյալ։ Հետազոտությունների համաձայն, կադմիումի խտությունը երեխաների 66,7 տոկոսի մազերի մեջ գերազանցում է ԿԹՄ-ի ստորին սահմանը, իսկ աղջիկներից մեկի դեպքում այն 1,9 անգամ գերազանցել է նույնիսկ վերին սահմանը։ «Գործնականում,- նշել են գիտնականները,- հետազոտված աղջիկներից 62,5 տոկոսի եւ տղաներից 75 տոկոսի շրջանում է գրանցվել միայն ԿԹՄ-ի ստորին սահմանի գերազանցում՝ համապատասխանաբար 1,1-9,5 եւ 1,5-2,5 անգամ տատանման սահմաններով»։
  
Ավելին, բոլոր երեխաների մազերի մեջ էլ հայտնաբերվել է նիկել՝ ԿԹՄ-ի ստորին եւ վերին սահմանների նկատմամբ զգալի գերազանցումներով։ Պղինձը նույնպես հայտնաբերվել է բոլոր երեխաների մազերի մեջ, նրանցից յոթի (58,3%) մազերում արձանագրվել է գերազանցում ԿԹՄ-ի ստորին սահմանի նկատմամբ, մեկ երեխայի դեպքում գրանցվել է կենսաբանական թույլատրելի մակարդակների վերին սահմանի գերազանցում (1,5 անգամ)։
  
Հետազոտված բոլոր երեխաների մազերի մեջ հայտնաբերվել է նաեւ կապար, որի պարունակությունը զգալիորեն գերազանցել է ԿԹՄ-ի ստորին սահմանը, իսկ երեխաներից երեքի մազերի մեջ նշված տարրի պարունակությունը հասնում, նույնիսկ անցնում է կենսաբանական թույլատրելի մակարդակի վերին սահմանը։
  
Առավելագույն գերազանցումները վերաբերում են մկնդեղի պարունակությանը, որը հայտնաբերվել է հետազոտված երեխաներից 75 տոկոսի մազերի մեջ։ Գիտնականների հավաստմամբ, նշված խմբի շրջանում հայտնաբերվել են մկնդեղի պարունակության նշանակալի գերազանցումներ ԿԹՄ-ի ինչպես ստորին, այնպես էլ վերին սահմանի նկատմամբ, «այս տարրի առավելագույն խտությունները գրանցվել են մազերի մեկ նմուշում՝ ԿԹՄ-ի վերին սահմանի 1,8 անգամ գերազանցումով»։
  
Կենսաբանական թույլատրելի մակարդակի ստորին եւ վերին սահմանների գերազանցումներ են հայտնաբերվել նաեւ Լեռնաձոր գյուղի երեխաների մազերի մեջ։ Քաջարան քաղաքի տարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ազդեցության ոլորտում է, սակայն շրջակա միջավայրի աղտոտումը, որով պայմանավորված է վերը ներկայացված վիճակը, մեկ կամ տասը տարվա ընթացքում չի եղել, այլ երկար ժամանակաընթացքում։
  
Երեք կամ չորս տասնամյակ հետո նույն վիճակի կրկնություն չի՞ լինի Հայաստանի հյուսիսում, որտեղ պատրաստվում են շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը։

Սեպտեմբեր 16, 2010


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news