

Նիկոլայ Ավետիսյան, armtimes.com
Կոտայքի մարզի Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազդ, Հանքավան գյուղերի բնակիչներն այսօր փակել էին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Բանն այն է, որ ամեն տարի գյուղացիներին օրենքով թույլատրվել է մտնել անտառ եւ հավաքել չոր փայտ, սակայն այսօր թույլ չեն տվել:
«Ժողովրդին չէին թողնում գնային անտառ», - այս մասին մեր զրույցում ասաց Աղավնաձորի համայնքապետ Մեխակ Դանիելյանը:
«Պատճառաբանում էին, թե կառավարության որոշում չկա, բնապահպանության նախարարությունը չի տվել համաձայնություն», - նշեց Դանիելյանը:
Ըստ Դանիելյանի, սակայն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գնացել եւ խնդրին լուծում է տվել: «Այսօր մարզպետարանը, մարզպետի գլխավորությամբ հայց են ներկայացրել բնապահպանության նախարարություն, նշելով, որ ժողովրդին այսքան չոր փայտ է պետք, եւ այդ հայցը բավարարվել է: Հանձնարարվեց անտառտնտեսությանը, որ ժողովրդին թողնեն չոր փայտ հավաքել», - ասաց Դանիելյանը:
Դանիելյանի խոսքով՝ մինչեւ հիմա օրենքով թույլատրել են գյուղացիներին մտնել եւ չոր փայտ հավաքել: «Ոչ պետքական են դրանք, բնությանը վնաս չի պատճառվում: Օրինական փաստաթղթերով արդեն ձեւակերպվեց, վաղը չէ մյուս օրվանից արդեն մարդիկ կարող են գնալ, չոր փայտ հավաքել: Հարցը լուծվել է», - նշեց Դանիելյանը:
Նշենք, որ կառավարության որոշմամբ` անտառամերձ տարածքներում բնակվող բնակիչներին տրվում է 8 մ խորանարդ թափուկ վառելափայտ դուրս բերել:
Լուսանկարը՝ armtimes.com
Հոկտեմբեր 18, 2018 at 14:21