

Արդեն մի քանի օր է՝ Այրի գետում ջուր չկա, և Սյունիքի մարզի Տորունիք գյուղի բնակիչները չեն կարողանում ոռոգել այգիները։ Այս մասին ահազանգում է Սիսիանի բնակիչ Արա Ստեփանյանը «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի ֆեյսբուքյան էջում:
«Գետում ջուր լինում է միայն գիշերային ժամերին։ Տորունիքից բացի գետից որոգման նպատակով օգտվում են նաև Ախլաթյան և Ցղունի գյուղերի բնակիչները, որոնք նույնպես մնացել են առանց ոռոգման ջրի։ Այսպիսի խնդիր առաջին անգամ է առաջանում։ Պատճառը ոչ միայն երաշտն է, այլ նաև այն, որ ՀԷԿ-երը մեծ քանակությամբ ջուր են վերցնում գետից»,֊ նշել է Արա Ստեփանյանը։
Նշենք, որ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ Այրի գետի վրա կառուցված են «Այրի» և «Դաստակերտ» փոքր ՀԷԿ-երը:
Ահազանգն ուղղվել է պատկան մարմիններին՝ ՀՀ կառավարություն, Սյունիքի մարզպետարան, Ջրային կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Սիսիանի համայնքապետարան:
Օգոստոս 30, 2021 at 16:08