

«ԷկոԼուր»
Փոքր ՀԷԿ-երը Էկոլոգիապես օգուտ են տալիս, թե՞ վնաս: Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված Հայաստանում շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի ազդեցությանը: Քննարկումը նախաձեռնել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն` Երևանի Օրհուս կենտրոնի աջակցությամբ: Տվյալ խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեցին ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, բիզնեսի ներկայացուցիչները:
Փոքր ՀԷԿ-երը թվերով Հայաստանում հետևյալ տեսքն ունեն: Ներկայումս Հայաստանում գործում է 54 փոքր ՀԷԿ: Միայն Սևանի ավազանում գործում է մոտ 20 ՀԷԿ: 1 կիլովատ էներգիայի սակագինը 18 դրամ է: Էներգիայի արտադրության մեջ ընդհանուր առմամբ փոքր ՀԷԿ-երի տեսակարար կշիռը կազմում է 2-3%:
Փոքր էներգետիկայի հիմնական դրական կողմը վնասակար նյութերի և ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետման նվազեցումն է, էներգիայի տեղի աղբյուրների օգտագործումը, փոքր և միջին բիզնեսի` տվյալ ոլորտով հետաքրքրված լինելը, Կիոտոյի արձանագրության մեխանիզմները ներգրավելու հնարավորությունը, ինչը կնպաստի միջազգային չափանիշների համաձայն բարելավել փոքր ՀԷԿ-երի գործունեությունը` իրականացնելու վերահսկողություն:
Փոքր ՀԷԿ-երի հիմնական բացասական կողմերն են` ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտում կարգավորող և վերահսկող մեխանիզմների անբավարարությունը: Գետային էկոհամակարգերը ջերմային և վիբրացիոն ստրեսերի են ենթարկվում: Համայնքներից օտարվում են հողեր: Տեղի բնակիչներին չի բավարարում խմելու և ոռոգման ջուրը գետի այն հատվածներում, որտեղ տեղադրված է օբյեկտը: Դրա հետ մեկտեղ բնակչությունը չի մասնակցում փոքր ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ` անմիջականորեն իրենց շահերին առնչվող որոշումների ընդունմանը: Չորանում են ափամերձ անտառները և այլ կանաչ տարածքները, վերանում է ձուկը, խախտվում է գետի էկոհամակարգը: Գործող օրենդրությունը թույլ չի տալիս ադեկվատ գնահատել փոքր ՀԷԿ-երի հասցրած վնասը, և որպես հետևանք, փոխհատուցումը ոչ ադեկվատ է` տարեկան կազմում է 30-40 դոլլար: Հաշվի չի առնվում փոքր ՀԷԿ-երի ազդեցությունից բխող միագումար էֆեկտը:
Կլոր սեղանի մասնակիցները մի շարք առաջարկներ արեցին`
• դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցման արտոնագրերի տրամադրումը մինչև իրավական հիմքի վրա չլինի խնդրի ամբողջական կարգավորումը
• մշակել կայուն զարգացմանն ուղղված ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ իրականությանը համապատասխանող հայեցակարգ
• անցկացնել գործող փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ պետական տեսչական մարմինների մասնակցությամբ
• վերանայել էներգետիկ քաղաքականությունը փոքր ՀԷԿ-երի նկատմամբ` մասնավորապես սակագների ձևավորման նկատմամբ:
Մասնակիցների մեծամասնությունը եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ է բարձր մակարդակով անցկացնել հասարակական լսումներ և որոշումը ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Ստորև ներկայացնում կլոր սեղանի արդյունքում մամուլում հրապարակված նյութերը:
ՀԷԿ-ԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ
Ա1+
Փոքր ՀԷԿ-երը խախտում են գետերի ջրային եւ ջերմային ռեժիմները, խոչընդոտում են ձկների բազմացմանը: Նրանց կառուցումն էլ բնապահպանական խնդիրներ է առաջ բերում:
Այսպիսի կարծիքի էին այսօր Երեւանի Օրհուս կենտրոնում հավաքված կլոր սեղանի մասնակիցները:
ՀՀ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանի խոսքերով` փոքր գետերը կարող են հանդիսանալ հոսանքի աղբյուր, սակայն առաջնահերթությունը պետք է տալ խմելու, ոռոգման ջրին, ձկնաբուծությանը եւ հետո նոր միայն նախապատվությունը տրվի հոսանքի արտադրմանը:
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի թիվը հասնում է 60-ի, սակայն այս բիզնեսն ընդլայման միտում ունի:
Բնապահպանները մտահոգված են նաեւ, որ ՀԷԿ-երը կառուցվում են ոչ ճիշտ հաշվարկով: Ինչպես »Ա1+»-ին տեղեկացրեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, էներգետիկայի ոլորտը շատ կարեւոր է, բայց ՀԷԿ-երը կառուցվում են ոչ ճիշտ հաշվարկով`գետը ինչքան ջուր ունի օգտագործում են `չմտածելով այն օգուտ կտա, թե`ոչ:
Ըստ Կարեն Մանվելյանի` այստեղ 2 գաղափար է կարեւոր` տեղի բնակչության շահերը եւ բնության. «Հաշվի չի առնվում, թե ինչքան խոցելի է այդ էկոհամակարգը, շրջակայքում եղած ծառերը վերանում են եւ վերանում է կենսաբազմազանությունը, բնակչության շահերը եւս հաշվի չեն առնվում: Մարդիկ ունեն իրենց հողատարածքները, մշակում են, եկամուտ ստանում, իսկ այդպիսի ՀԷԿ-եր կառուցելուց, այդ ամենը վերանում է»:
Երբ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության զարգացման վարչության վերականգնող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը փորձեց արդարանալ , որ ՀԷԿ-երը շահագործվում են փորձաքննություն անցնելուց հետո, Կարեն Մանվելյանը հակադարձեց. «Ոչ- ոք չի կարող բացառել, որ փորձաքննություն անցնում են, սակայն չգիտես ոնց, անկախ խնդիրներից, միեւնույնն է, թույլտվություն ստանում են»,- եզրափակեց Կարեն Մանվելյանը:
ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՎՐԱ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գեորգ Խաչատուրյան, ArmeniaNow.com
Հինգշաբթի քննարկման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանն ասաց, որ փոքր հիդրոէլեկտրակայանների (հէկ) շահագործումը լուրջ սպառնալիք է այն գետերի էկոլոգիայի համար, որոնց վրա դրանք կառուցվում են:
Նրա խոսքով` փոքր հէկերի կառուցումը, անկախ այն բանից, որ բոլոր նորմերը և չափանիշները խստորեն պահպանված են, չեն երաշխավորում գետերի հոսանքներին հասցվող անխուսափելի վնասից:
«Միայն այն, որ գետի ջուրն անցնում է խողովակով, այնուհետև հէկի տուրբինով և ապա նորից վերադառնում գետ, արդեն լուրջ սպառնալիք է գետի հոսանքի բնականոն ռեժիմի համար»,- ընդգծեց Գաբրիելյանը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության վերականգնող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը հայտարարեց, որ էներգետիկան երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է և գրավիչ` ծանրակշիռ ներդրումների համար: Փոքր հէկերի կառուցման ոլորտում արդեն համապատասխան օրենսդրական դաշտ է ստեղծվել, և նախքան որևէ շինարարություն սկսելը նախագծերը և ծրագրերը էկոլոգիական փորձաքննություն են անցնում, որոնք վերացնում են շրջակա միջավայրի սպառնալիքներին առնչվող խնդիրները:
Սակայն Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտարարեց, որ բնապահպանական դրական փորձաքննությունը միայն թղթի վրա է, իսկ իրականում փոքր հէկեր կառուցելիս գետերի էկոլոգիային հսկայական վնաս է հասցվում: Սկսվում է գետերի ծանծաղացումը, իսկ ափերը վերածվում են աղբանոցի, սկսվում է ափամերձ անտառապատ գոտիների անվերահսկելի ծառահատում: Նախքան նման նախագծի իրականացումը անհրաժեշտ է մանրամասն քարտեզագրել տարածքը, ինչպես նաև էկոլոգիական լուրջ փորձաքննություն:
Սեպտեմբեր 04, 2009
